Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ: Թող քեզ քո ընկե՛րը գովի, եւ ոչ թէ՝ քո բերանը, օտարը, եւ ոչ թէ՝ քո շուրթեր» (Առակներ 27:1-2)

«Թե ինչպես մեզ չհաջողվեց բանաստեղծին գյուղատնտես դարձնել»

Մի անգամ …
Ավ. Իսահակյանի ուսանողական ընկեր, անվանի գյուղատնտես, իսկ հետագայում գրող-երգիծաբան Աշոտ Աթանեսյանն իր «Թե ինչպես մեզ չհաջողվեց բանաստեղծին գյուղատնտես դարձնել» ուսանողական հուշերում պատմում է, որ մտածելով, թե կկարողանա Իսահակյանին համոզել զբաղվել գյուղատնտեսությամբ` հետագայում իր հայրենի բնաշխարհին` Շիրակին, օգտակար լինելու համար, հրավիրում է նրան Օբերհոլց, ուր Լայպցիգի համալսարանն ուներ մեծ և ընդարձակ գյուղատնտեսական փորձադաշտ, որտեղ ուսանողները կատարում էին հետազոտական աշխատանքներ:

Սակայն երիտասարդ Իսահակյանը հրաժարվում է` պատասխանելով, որ ինքը բանաստեղծ է:

- Ի՞նչ, բանաստե՞ղծ եք, բայց Շիրակին բանաստեղծություն չէ հարկավոր, այլ հաց, - ասաց ընկերս:

- Բանաստեղծությունն էլ հաց է, հոգևոր հաց, - ասաց և շեշտակի նայեց մեզ վրա:

Տարիներ անց, Իսահակյանը, չիմանալով, որ Աթանեսյանը հուշեր է գրել, գրականագետ Արամ Ինճիկյանին պատմել է հետևյալը.

«Օբեր-Հոլցում գյուղատնտեսության ուսանող Աշոտ Աթանեսյանը փորձեր էր կատարում: Մի օր նա ինձ հրավիրեց, որ ես էլ գյուղատնտես դառնամ: Այդտեղ գրեցի «Մաճկալ ես, բեզարած ես…» բանաստեղծությունը: Եվրոպայի գյուղական միջավայրում մերն եմ հիշել, վերապրել…»

Աղբյուր՝ Isahakyanmuseum.am