Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աբգար Օրբելու նամակը որդուն

Ռուբենիկ ջան.
Ճշմարտությունը, որը դու փնտրում ես, նյութական չէ, որը կարելի լինի բռնել, շոշոփել: Ճշմարտությունն ինքն իրեն կծնվի քո գլխում միայն այն դեպքում, եթե երկար ժամանակ հանգիստ պրպտես, աշխատես, ուսումնասիրես հիմնավորապես այն առարկաները, որոնք դասավանդում են: Եվ չես վազվզի այս ու այն կողմ՝ դիմելով սրան նրան, և ճշմարտությունից սարքել մի բան, որը չես կարող բռնել ձեռքերով, արդյունքում տարիներ կկորցնես կիսացնոր խելագարի պես: Ուստի, նախ և առաջ անցիր գործի և պատրաստվիր քննության այն առարկաներից, որոնք անհրաժեշտ են հանձնել` երրորդ կուրս փոխադրվելու համար և նրանց տված ծրագրով… Գործիդ եղիր, զբաղվիր որոշակի գործով, եղիր ամուր և հաստատ` նպատակներիդ հասնելու համար: Առավել ևս, դու ունես բավական ժամանակ, որպեսզի հանգիստ, հիմնավորապես պատրաստվես քննություններին: Ազատ ժամանակդ կարող ես ուսումնասիրել նշանակալից դասական աշխատությունները: Անհրաժեշտ է միայն, որ գլուխդ չկորցնես, ուշադիր լինես քո գործում, դես ու դեն չընկնես, չցրվես, չշեղվես ճանապարհիցդ: Անիմաստ մի կորցրու ժամանակդ թերթեր կարդալով, ժողովներ այցելելով, դատարկ խոսակցություններով, ընկերների հետևից ընկնելով: Ընկերների խոսքով դես ու դեն ընկնելով` մարդս ո՛չ կզարգանա, ո՛չ գիտելիք ձեռք կբերի, ո՛չ մարդ կդառնա և ո՛չ էլ ամուր ոտքի կկանգնի: Այս բոլորը լավ է, եթե չափ ու սահմանն իմանաս: Նախ և առաջ մարդ պետք է զբաղվի վստահելի, լուրջ գործով, և ուշադրությունն ու մտքերը կենտրոնացնի իր գործի վրա: Քո ամբողջ ժամանակը պետք է լինի կանոնավորված ,որ չկորցնես ոչ մի րոպե, աշխատես արդյունավետ, այսպիսով կատարես քո սրբազան պարտքը: Եվ դրանից հետո միայն կարելի է հանգստանալ, հանդիպել ընկերներին, բարեկամներին, զրուցել և ժամանակ անցկացնել, կարդալ թերթեր և ստանալ այլ հաճույքներ: Դրա հետ մեկտեղ քո յուրաքանչյուր քայլ պետք է թելադրված լինի պարտքի զգացումով, պարտքի զգացում քո առջև, ինչպես նաև քո մոտիկների, շրջապատող հասարակության և ընկերների: Այլ կերպ չի կարելի մարդ դառնալ և լինել օգտակար քեզ և հասարակությանը: Կարծում եմ, այսքանը բավական է, որ դու հասկանաս և մտածես մնացածի մասին ու չշեղվես ճանապարհից, չկորցնես քեզ…

Քո հայր Ա. Օրբելի:
Թիֆլիս, 26 հոկտեմբերի, 1899թ.:

Աղբյուր՝ Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ