Այսպէս է ասում Տէրը. «մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի» (Ղուկասի 12:4)

Շուշիի Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

Միջնադարյան հայկական մշակութային նշանավոր կենտրոն Շուշիում է գտնվում Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Կանաչ Ժամը (Կանաչ, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթները կանաչ էին ներկված) կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն: Գեղեցիկ և լավ պահպանված եկեղեցին՝ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի շնորհիվ, տեսանելի է քաղաքի բոլոր հատվածներից, այն կառուցվել է քաղաքի հյուսիսիային հատվածում: Սրբավայրը ճարտարապետական նորարարություն է. եկեղեցին ունի արևելք-արևմուտք առանցքով խաչաձև հատակագիծ, արևելյան ճակատն էլ կցված է մատուռի արևմտյան կողմին: Կանաչ Ժամն աչքի է ընկնում նաև իր յուրօրինակ ներքին հարդարմամբ, ինչն այն դարձնում է եզակի՝ նմանատիպ ճարտարապետական կառույցների շարքում: Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն՝ «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:

20-րդ դարի 20-ական թվականներին` խորհրդային կարգերի հաստատվելուն պես, ի թիվս մյուս եկեղեցիների, իր գործունեությունը դադարեցնում է նաև Կանաչ ժամը: Մինչև Շուշիի ազատագրումը` եկեղեցին ադրբեջանցիների կողմից ծառայել է որպես առողջարանային համալիրի մի մաս:

Եկեղեցին սկսել է կրկին գործել Արցախյան թեմի կազմավորումից հետո՝ 1995 թվականի փետրվարի 23-ից՝ սրբոց Վարդանանց տոնին:

Պատերազմի ավարտից հետո եկեղեցին արդեն մի քանի անգամ վերանորգվել է: Բարեկարգվել է եկեղեցու տարածքը, կառուցվել է հովվատունը, գրատունը, ժողովատեղին:

2015թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգակատան երկու նոր զանգերի տեղադրման և օծման արարողությունը։ Ծիսակատարությունը կատարեցին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը՝ հոգևոր դասի մյուս ներկայացուցիչների հետ համատեղ։

Ծիսակատարություններից բացի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևորևորականները կազմակերպում են հավատացյալների հետ հանդիպումներ, հոգևոր ֆիլմերի դիտումներ: Համայնքի հոգևոր հովիվը և տեղի երիտասարդաց միության անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են խոնարհված եկեղեցիներ, կատարում մաքրման աշխատանքներ և աղոթքի հսկումներ։

Աղբյուր՝ Hushardzan.am

Տեսանյութը՝ TVArtsakh