Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Սրբություն

Սրբության ձգտում

Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Սրբության ձգտումը տեսնում ենք ոչ միայն կենդանի մարդու մեջ, այլև անկենդան աշխարհի տարրերի մեջ: Ծովերն ու գետերը ավելորդ ու աղտեղի իրերը իրենցից հեռացնում են և ալիքներով ափ գցում: Նույնպես և կերակուրները եփվելիս ավելորդը բաժանում են իրենցից: Նաև մեր տներից ավելորդը ավլում ենք, փոշին թափում և անոթները լվանում»: Նույնպես և սրբերի օրինակներով մեր հոգիները պետք է մաքրենք մեղքերից որպեսզի արժանի լինենք Աստծուն:

Սրբություն խոհանոցից դուրս

Ֆրանսիացի մեծ գրող Անատոլ Ֆրանսը հետաքրքրական և արժեքավոր գեղավերստական ստեղծագործությունների հեղինակ է: Սակայն հավանաբար շատ քչերը գիտեն նրա մանկության ժամանակաշրջանի մի հետաքրքիր դեպքի մասին: Անատոլ Ֆրանսը փոքր տարիքում հիացմունքով էր կարդացել Սիմեոն Սյունակյացի պատմությունը, ով 30 տարիներ շարունակ ապրել է 60 ոտնաչափ բարձրությամբ մի սյան գագաթին` Ասորիքում: Ինքն էլ ուզեց նույնն անել. գնաց խոհանոց, խոհանոցի պահարանի գագաթը ելավ և մի ամբողջ առավոտ այնտեղ անցկացրեց: Կեսօրվա ճաշի ժամանակ ցած իջավ: Մայրն ասաց նրան. «Մի՛ նեղվիր, ամեն ոք չի կարող սուրբ լինել: Դու գոնե ճիգ և փորձ արեցիր, բայց միշտ հիշիր, որ գրեթե անկարելի է, որ մարդ սուրբ լինի իր խոհանոցի մեջ...»: Յուրաքանչյուրը միայն իր կյանքի հարմարավետ պայմաններ չպետք է որոնի, չպետք է սահմանափակվի միայն իր «խոհանոցով», այլ նախ և առաջ պետք է փնտրի երկնային արժեքներ ու կգտնի նաև երկրային բարիքներ:

Սրբերի ընտանիքներ

Սուրբ Բարսեղի դասընկերն է եղել հետագայի Հուլիանոս Ուրացող կայսրը: Պատմում են, որ նրա մահից հետո Բարսեղ Մեծը Ամանորին Հուլիանոս Ուրացող կայսեր ողջ հարստությունը բաժանել է ժողովրդին: Սուրբ Բարսեղի եղբայրը` Գրիգոր Նյուսացին, ամուսնացած է եղել և սկզբնապես ցանկություն չի ունեցել հոգևորական լինելու: Սակայն հետո իր կնոջ հետ փոխադարձ համաձայությամբ կինը մտել է կուսանոց, իսկ Գրիգորը դարձել է Նյուսա քաղաքի եպիսկոպոսը: Նրա քույրը` Մաքրինան, ևս ընտրել էր կուսական կյանքը: Մեր Եկեղեցու նշանավոր հոգևորականներից Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը շատ գեղեցիկ համեմատությամբ ասում է. «Բարսեղի ընտանիքը ամբողջական նվիրումի սքանչելի օրինակ է, նման մեր Նարեկացու ընտանիքին, ուր երեք եղբայրներ և իրենց հայրը ամբողջությամբ նվիրված են եղել հոգևոր ասպարեզին իրենց մորեղբոր հետ»:

Սրբացում և սրբեր

Ճիշտ կլինի ասել, որ Եկեղեցին սուրբ չի հռչակում, այլ արձանագրում, հաստատում կամ հայտարարում է այս կամ այն անձի սրբությունը, որովհետև Եկեղեցու հռչակելուց կամ չհռչակելուց սրբի տեղը երկնքում չի փոխվում: Բուդդայականությունն ուսուցանում է, որ սրբությունը հրաժարում է ցանկություններից և անցում դեպի ոչինչ: Սակայն հնարավոր չէ ազատվել բոլոր ցանկություններից, որովհետև ի վերջո բոլոր ցանկություններից հրաժարվելու համար էլ դրա ցանկությունն է պետք: Իրականում սրբության հասնելու համար պետք է հրաժարվել ոչ թե ցանկություններից, այլ վատ մտադրություններից, որովհետև վատ մտադրությամբ նույնիսկ լավ արարքը կարող է մեղք դառնալ, ինչպես օրինակ, ողորմությունը կարող է վերածվել ցուցամոլության, խոնարհությունը` քծնողության ու երեսպաշտության, համարձակությունը` հանդգնության, գիտությունը` հպարտության և այլն:

Եկեղեցին բոլոր ժամանակներում էլ ունեցել է սրբեր և այժմ էլ մեր Եկեղեցում սրբեր կան, որոնց մասին չգիտենք: Շատերն են երևում իբրև Եկեղեցու համար գործող, ուսուցանող, լավ քարոզիչ և այլն: Սակայն կան մարդիկ, ովքեր համեստ, պարզ քրիստոնյայի ճշմարիտ կյանքով են ապրում, և դրանում է նրանց մեծ սրբությունը, ինչպես հայտնի է դառնում նաև Մակար անապատականի կյանքի մի դրվագից: Մի անգամ Սուրբ Մակարին Աստված ասաց, որ այսքան տարի ճգնում է, բայց դեռ չի հասել ցանկալի սրբության, և ճգնավորին պատվիրեց գնալ մի արհեստավորի մոտ` նրանից դաս սովորելու: Արհեստավորը մեծապես զարմացավ Սուրբ Մակարի պատմածից` հայտնելով, որ առանձնակի ոչինչ չի անում, աշխատում է, ընտանիք պահում, և ինքն ու իր կինը երբեք միմյանց չեն վիրավորել վատ բառերով: Վատ խոսքերից հեռու մնալը նշանակում է մաքուր պահել միտքն ու սիրտը, քանզի վատ բառերը մտքից ու սրտից են գալիս, ինչպես Ավետարանում է ասվում, թե` սրտի ավելցուկից է խոսում բերանը (Ղուկ. 6.45): Այսօր էլ շատեր երևում են, և բազումներ չեն երևում, ինչպես ծովն ու նրա գանձերը: Հայտնիները նման են ծովի գեղեցիկ ալիքների ու մակերևույթի, բայց ծովի հատակին այնքա՜ն թանկարժեք մարգարիտներ կան, որ չեն երևում: Այդ անձինք, Աստծո կողմից սրբության պատվին արժանանալով, համալրում են շարքը այն սրբերի, որոնց տոնը մեր Սուրբ Եկեղեցում տոնվում է Հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի տոն անունով:

Սրբության և գերբնականի ընկալում

Քրիստոնեական սրբություններին պետք է վերաբերվել այնպես, ինչպես Սուրբ Հեղինե կայսրուհին: Նա հավատաց, որ Քրիստոսի Խաչափայտը զորություն ունի, և իմանալու համար, թե որն է Գողգոթայում իր կողմից կազմակերպված պեղումների ընթացքում հայտնաբերված երեք խաչերից` Քրիստոսի և երկու ավազակների խաչերից տերունական խաչը, իր հետ եղող մյուս հավատացյալների հետ հերթով խաչերին մոտեցրին մի մեռած պատանու, և երբ դիակը դիպավ Քրիստոսի խաչին, պատանին կենդանացավ:

Չպետք է կարծել, որ քրիստոնեական սրբությունները` սուրբ առարկաները, մասունքները, միայն նյութ են, այլ պետք է հավատալ, որ նյութի մեջ առկա է աստվածապարգև օրհնաբեր զորություն: Այս հարցում հաճախ չի կարելի վստահել սեփական տրամաբանությանն ու զգացողություններին, քանզի անսահմանափակ չէ մեր միտքը, և մեր զգացողությունները հաճախ են լինում պատրանքի և անստուգության մեջ: Օրինակ` ձայնի հնչելիությունը ունի սահման, որից այն կողմ մարդու լսելիքը չի ընկալում ձայնը, որը լսելի է կենդանիների համար: Գույները մարդկանց աչքերին երևում են բոլորովին այլ երանգներով, և նույն գույներն ամբողջովին այլ կերպ են տեսնում միջատներն ու մեղուները: Պատրանքի տեսակ կարելի է համարել գեղանկարչությունը, հեռուստացույցը, երբ հարթ տարածության վրա երևում են խորություն և բարձրություն:

Այսօր հոգևոր զգացողության բթություն է նկատվում մարդկանց մեջ: Դրա համար էլ բազում մարդիկ ավելի շատ հավատում են չար աչքին, փողոցով անցնող սև կատվի բերած անհաջողությանը, փոխանակ հավատալու, որ Աստված Իր նախախնամությամբ պահպանում է մարդկանց: Շատեր հավատում են, որ իրենց նախնիները առաջացել են կապիկից, փոխանակ հավատալու, որ Աստված է ստեղծել մարդուն Իր պատկերով ու նմանությամբ: Շատեր հավատում են այլմոլորակայինների գոյությանը, դրանց վերաբերող ֆանտաստիկ պատմությունների, բայց դժվարանում են հավատալ, որ Քրիստոս Աստված մարդացավ, մարմնացավ և ծնվեց Սուրբ Կույսից: Շատ գիտնականներ աշխատություններ են գրում այն մասին, որ տիեզերքը առաջացել է հանկարծակի, մի պայթյունից, իսկ մարդկությունը` մանրէներից, փոխանակ հավատալու, որ եթե իրենց այդպիսի աշխատությունների համար ուղեղ է պետք, ապա ուրեմն որքան առավել ևս գերբնական բանականություն էր պետք ամբողջ տիեզերքը արարելու համար:

Հավատք և սրբություն

Ոմանք երբեմն դժվարանում են հավատալ սրբերին, նրանց կրած ահավոր տառապանքներին և նրանց գործած զարմանալի հրաշքներին: Սակայն հետևյալ իմաստուն խոսքն ասում է. «Ես հավատում եմ սրբերին, որովհետև հավատում եմ սրբությանը»:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am