Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Սեյրան Մալխասյան․ Ունայնություն

Ամպեր ենք դարձել մենք ամպրոպածին
Ու թափառում ենք ողջ աշխարհով մեկ,
Մեր գեներում կա անհայտ մի բացիլ,
Որ միշտ մեր նավը թողնում է անղեկ:

Անվերջ դեգերման ճամփան բռնելով`
Մի օր չենք նստում կլոր սեղանի.
Անառակի դեմ դառնում ենք ներող,
Չգիտենք ո՞րն է մեր սպեղանին:

Մենք հազար տեսակ գեհենով անցանք,
Բազում թշնամու առճակատեցինք,
Սակայն դեռ չունենք ընդհանուր բաղձանք,
Ապրել միատեղ ու բարեկեցիկ:

Մեր տառապանքը փորձ չունի, եթե
Օտարն է անդուլ մեզ դասեր տալիս,
Փորձությունները մնում են անհետք,
Երբ հինը չանցած, մի նորն է գալիս:

Մեր հանճարներին ոտքի տակ տալով`
Ուրիշի աղբն ենք բեմ հանում անվերջ,
Այլլոց բարքերը հար գովերգելով
Եվ թույն թափելով ինքներս մեջ:

Ո՛՞ն է մեր ուղին և ու՞ր ենք գնում,
Երկրի տերերը նույնիսկ չգիտեն,
Ամենքս արքա մեր հավաբնում.
Առանձին ուժեղ և թույլ համատեղ:

Ի վիճակի չենք ընտրել լավերին,
Գորշի ճամփան է բանուկ ամեն տեղ.
Հեշտությամբ կուլ ենք գնում դավերին`
Պատրաստ մեր վաղը մեր ձեռքով խեղդել:

Է՜հ, ի՞նչ եմ ասում, գիտենք բոլորս
Ու բազմափորձ ենք նման հարցերում,
Պտտվող քար ենք եղել մինչ օրս
Ստահակների ջրաղացներում:

Սովորեցնում են աջից ու ձախից,
Անվերջ «իմաստուն» խորհուրդներ տալիս,
Ու դրանով իսկ գալիս մեր հախից`
Հաճախ ժպտալով, երբ ազգն է լալիս:

Սակայն, երբ թերթենք գրերը մեր հին,
Լսենք խորհուրդը հին պատգամների,
Ելք գտնենք գուցե ելնել գեհենից`
Պահելով մեր մեջ մեր լավն ու բարին:

Ինչու՞ դանակը հասնի ոսկորին,
Որ վերջին խելքին զոռ տանք նոր միայն,
Աստված մի կյանք է տվել բոլորիս,
Ձեռք-ձեռքի տալով` չենք մնա ունայն:

16.12.2003