Այսպէս է ասում Տէրը. « նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները:» (Ղուկասի 21:14-15)

«Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»

«Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու, և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկաս 4:18, 19):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

​Եսայու մարգարեության այս խոսքերը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ընթերցում է Նազարեթի ժողովարանում և հայտարարում. «Այսօր այս գրվածքները կատարվեցին» (Ղուկաս 4:21): Երեք տարի շարունակ Հիսուս Քրիստոս Հրեաստանում ապրեց, քարոզեց, բժշկեց, հրաշքներ գործեց, սակայն հրեաները խստասրտությամբ չցանկացան հավատալ, որ Նա խոստացված Մեսիան է:

Հովհաննես Մկրտիչը մի անգամ իր աշակերտներից երկուսին ուղարկեց Քրիստոսի մոտ հարցնելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե ուրիշին սպասենք» (Ղուկաս 7:20): Նա պատասխանեց. «Գնացեք պատմեցե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք տեսաք և լսեցիք, որ կույրերը տեսնում են, կաղերը քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը լսում, մեռելները հարություն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում, և երանի՜ նրան, որ Իմ պատճառով չի գայթակղվի» (Ղուկաս 7:22, 23):

Նրա աշակերտներից շատերն էլ գայթակղվեցին և լքեցին Նրան: Այդժամ Նա հարցրեց տասներկուսին. «Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ»: Սիմեոն Պետրոսը Նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ Դու ես Քրիստոսը՝ Աստծո Որդին» (Հովհաննես 6:68-70):

Նախապես մարգարեները, հետո ավետարանիչները մարդկանց միտքն ու սիրտը սնուցեցին հավատքի խոսքերով, այնուհետև նահատակներն ու մարտիրոսները իրենց արյամբ մեզ պատմեցին Աստծո մասին և վկայեցին իրենց աննկուն հավատքը:

Երբ հայոց Աբգար թագավորի իշխանները նրան պատմեցին Փրկչի կատարած հրաշքների մասին, նա, ինչպես վկայում է Մովսես Խորենացին, «զարմանալով ստուգիվ հավատաց, որ Նա արդարև Աստծու որդի է»: Եվ քանի որ հիվանդ էր, նամակ է գրում Քրիստոսին. «Լսել եմ Քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են Քո ձեռքով առանց դեղերի և արմատների, որովհետև, ինչպես ասում են, Դու կույրերին տեսնել ես տալիս, կաղերին քայլեցնում ես, բորոտներին մաքրում ես, չար ոգիները և դևերը հանում ես և առհասարակ երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում ես, նաև մեռածներին կենդանացնում ես: Երբ այս ամենը Քո մասին լսեցի, մտքումս դրեցի այս երկուսից մեկը. կա՛մ որ Դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես և այս բաներն անում ես, կա՛մ Աստծո Որդի կլինես, որ այդ անում ես: Այս պատճառով Քեզ գրեցի՝ աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները Քեզանից տրտնջում են և ուզում են Քեզ չարչարել, բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, գիրք երկրորդ, ԼԱ): Որքա՜ն գեղեցիկ է Սուրբ Աբգար թագավորի հավատի ու սիրո խոստովանությունը Հիսուս Քրիստոսին: Հեռահար, առանց տեսնելու հավատաց Աստծո Միածին Որդուն, և հրավիրեց Իր մոտ ապրելու, որպեսզի պատստպարի Նրան հրեաների հետապնդումներից և հյուրընկալի: Մեզ համար օրինակելի է նրա վարքը, որովհետև ոչ միայն բժշկություն է ակնկալում Աստծուց, այլ նաև Իր սերն ու հավատն է հայտնում առ Աստված:

Քանի որ Հիսուս Քրիստոս աշխարհ էր եկել մարդկության փրկագործության խորհուրդը լիովին ի կատար ածելու և պետք է խաչվեր, հրաժարվում է գնալ Աբգարի մոտ, բայց նրան է ուղարկում Իր «կենդանագիր պատկերը» և մի նամակ, որում ասվում է. «Երանի նրան, ով Ինձ հավատում է, թեպետ տեսած չլինի: Որովհետև Իմ մասին այսպես է գրված, թե ովքեր Ինձ տեսնում են, Ինձ չեն հավատա, իսկ ովքեր չեն տեսնում, կհավատան և կյանք կգտնեն: Իսկ որ դու գրեցիր, որ գամ քեզ մոտ, Ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ Նրա մոտ, որ Ինձ ուղարկեց, և երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ Իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, գիրք երկրորդ, ԼԲ):

Երկու հազար տարի քարոզվում է քրիստոնեությունը, եկեղեցու զանգերը հրավիրում են Աստծո խնջույքին, սակայն շատ-շատերը դեռևս հավատքն ունայնություն են համարում՝ անտարբեր գտնվելով Աստծո կանչին: Հիսուս Քրիստոս մեր Տերն ասում է Նիկոդեմոսին. «Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի: Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո Միածին Որդու անվանը չհավատաց» (Հովհաննես 3:17, 18):

Քրիստոս յուրաքանչյուր մարդու հետ Իր ճանապարհն է անցնում: Աստծո նկատմամբ հավատքը, Աստծո հետ հարաբերությունը երբեք տեսական մակարդակի վրա չի մնում, Ինքը Տերը դա թույլ չի տալիս, որովհետև Աստված վերացական հասկացողություն չէ, այլ Հոգի է ու Կյանք և գալիս է դեպի մարդը: Աստված-մարդ հարաբերությունը կենդանի հարաբերություն է, և Աստված մարդուց կենդանի հավատք է ակնկալում: Արդյո՞ք մենք Աբգար թագավորի անվերապահ հավատքն ունենք առ Աստված, թե՞ մեր ամբարտավանությամբ այդքան մոտ լինելով Աստծուն, այդքան հեռու ենք Նրանից: 1700-ամյա քրիստոնեական կյանքից հետո ինչպիսի՞ հավատք ունենք, սիրո՞ւմ ենք Աստծուն, թե՞ մոռացել ենք արարածների Արարչին: Սիրելինե՛ր, Հիսուս Քրիստոս միայն քաղցրացնում է մեր կյանքը: Միգուցե մարդկանց թվում է, թե հավատքի կյանքը ձանձրալի է, միապաղաղ, անհետաքրքիր, սակայն այդպես չէ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է վկայել, թե որքան իմաստալից է դառնում մեր կյանքը Հիսուս Քրիստոսի հետ, որքան ենք մենք երջանկանում մեր ծնողի գիրկը վերադառնալով: Կյանքի գույները բացում են իրենց երանգները մեր առջև, գծվում են մեր առաքելության ուղիները:

Սիրելինե՛ր, եկեք առ Աստված ունեցած մեր հավատքով մեր սիրտը դարձնենք Ուխտի տապանակ, որ Քրիստոս գա և բնակվի մեր մեջ: Մեր սիրով Հաղորդության սուրբ սկիհ դարձնենք մեր սիրտը, որի մեջ գալիս է, հանգրվանում Քրիստոս և բաշխվում մարդկանց: Մենք էլ, հավատալով և մեր սրտերում ընդունելով Քրիստոսին, բաշխենք մեր սերը մեզ շրջապատող մարդկանց: Մենք՝ քրիստոնյաներս, Սուրբ Գրքի պատառիկներն ենք, որ կրում ենք Աստծո խոսքը մեր մեջ, և մեր կյանքով, պահվածքով, բնավորության դրսևորմամբ և հոգեկերտվածքով պետք է առիթ դառնանք, որ մեր գործերը մարդկանց մեջ կենդանի հավատքի ծնունդ տան:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան
Աղբյուր՝ Surbzoravor.am