Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Կոմիտասի սիրելի աշակերտը

Հարցազրույց
Բարսեղ Կանաչյանի դստեր՝ Սեդա Կանաչյանի հետ

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ - Որտեղի՞ց է սկիզբ առնում Կանաչյանների գերդաստանի պատմությունը:
Սեդա ԿԱՆԱՉՅԱՆ - Հայրս ծնվել է 1885 թ. Բուլղարիայի Ռոդոսթո (այժմ՝ Թեքիրդաղ) քաղաքում, որը գտնվում է Կ. Պոլսի (ներկայումս՝ Ստամբուլ) և Բուլղարիայի սահմանագծին: Իր ծնողները ևս ռոդոսթոցի են, իսկ ավելի կանուխ արմատները ես էլ, հայրս էլ չգիտեինք: Մեծ հայրս 11 զավակ է ունեցել: Կոշիկի արհեստանոց ուներ: Մեծ մայրս էլ շատ վաղ է մահացել, և հայրս չի տեսել նրան: Հորս երկու ամուսնությունից ծնվեցինք ես և երկու քույրերս:

Ս. Մ. - Ինչպիսի՞ն էր Կանաչյանն ընտանիքում և աշխատանքի մեջ:
Ս. Կ. - Շատ խիստ մարդ էր, բայց նաև շատ փափկասիրտ: Կգոռար, կբարկանար, սակայն ճիշտ երկու վայրկյան հետո հանկարծ կփափկեր: Տարօրինակ բնավորություն ուներ: Շատ ընկերական էր, կատակախոս: Հայրս շատ մտերիմ էր Լ. Շանթի, Ն. Աղբալյանի, ինչպես նաև Գյուզելյանի, Գասպար Իբեկյանի, երգիծանկարիչ Տիրան Աճեմյանի և այլոց հետ: Շանթն ու Աղբալյանը հաճախ էին գալիս մեր տուն, նստում էին, զրուցում:

Ս. Մ. - Ընտանիքում ինչպե՞ս էր դրված հայեցի կրթության հարցը:
Ս. Կ. - Հայրս օտար բառ երբևէ չէր գործածում: Օրինակ, երբ ես և քույրերս ասում էինք «բադրիջան», բարկանում էր մեզ վրա. «Բադրիջանը քո գլուխն է, մենք սմբուկ բառն ունենք»: Նույնը, երբ «տոմաթես» էինք ասում: Խոսում էր մաքուր հայերեն՝ միշտ ուշադիր առոգանությանը: Չէր կարողանում արտաբերել «ռ» հնչյունը: Ցանկանում էր, որ դիմացինը շիտակ «ր» ասեր: Երբ իր երգչախումբը երգում էր, երբեմն գնում էր հեռու և հեռվից ունկնդրում, որ բառերը հայերեն հնչեն: Որովհետև երգչախմբեր և նույնիսկ մեներգիչներ կային, որ շատ անգամ երգում էին հայերեն՝ առանց հայերեն հնչողության և առոգանության: Շատ բծախնդիր էր այդ առումով:

Ս. Մ. - Հայաստանի Հանրապետության հիմնը գրել է Ձեր հայրը, ինչպե՞ս ստեղծվեց այն:
Ս. Կ. - Երբ Միքայել Նալբանդյանը իտալական երգի բառերը թարգմանել էր հայերեն, և այն դարձել էր հայրենասիրական բանաստեղծություն, այդ օրերին պատասխանատուները ցանկացել են, որ հայրս երաժշտությունը հարմարեցնի հայերեն բառերին: Իտալական եղանակը գրեթե բոլորովին փոխել է, ավելի «հայացրել», և առաջ է եկել այսօրվա հիմնը: Այս առիթով կարծեմ խորհրդակցել է Գարեգին Նժդեհի հետ:

Ս. Մ. - Կպատմե՞ք Կոմիտասի և Կանաչյանի ընկերության մասին:
Ս. Կ. - Երբ հայրս գտնվում էր Եվրոպայում, լսել էր, որ մի վարդապետ երաժիշտ կա: Վերադառնալով Պոլիս՝ հետաքրքրվում է և գնում նրա համերգին: Զարմանում է Կոմիտասի՝ 300 հոգիանոց խմբի հիանալի ղեկավարությամբ: Սքանչացած գնում է նրա մոտ և ասում. «Կարո՞ղ եմ ես էլ մասնակցել»: Կոմիտասը հարցնում է, թե ինչով է զբաղվում: «Երաժշտություն եմ սովորել,- ասում է,- պզտիկ խումբ մը ունիմ»: Մտնելով երգչախմբի մեջ՝ երգում է որպես բաս և մտերմանում Վարդապետի հետ: Որոշ ժամանակ անց հայրս և իր հինգ ընկերները ցանկանում են երաժշտության դասեր վերցնել Կոմիտաս վարդապետից: Վեցից մեկը մեկ-երկու ամիս հետո թողնում է դասերը, և մնում են հինգով՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճյանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանցը և Հայկ Սեմերճյանը, ովքեր հայտնի են որպես «Կոմիտասի հինգ սաներ»: Հինգից միայն Կանաչյանն է, ով դարձավ Կոմիտասի միակ արժանավոր հաջորդն ու գործի շարունակողը: Իսկ Վ. Սրվանձտյանցը և Վ. Սարգսյանը՝ Փարիզում, Թումաճյանն էլ Նյու Յորքում կազմեցին երգչախմբեր: Ահա այս սաներն են, որ իր երաժշտությունը, հայերեն երգերն ու խմբերգերը տարածեցին Մերձավոր Արևելքում: Հայրս միշտ համերգային շրջագայության մեջ էր մեկ Կիպրոսում ու Լիբանանում, մեկ Հալեպում, Եգիպտոսում և այլուր:

Ս. Մ. - Կարելի է ասել՝ Կանաչյանը Կոմիտասի ամենասիրելի աշակերտն է եղել:
Ս. Կ. - Այո՛, շատ կապված էր Կոմիտասին, Կոմիտասն էլ՝ իրեն: 1964 թ. երբ Թումաճյանը եկավ Փարիզ՝ տեսնելու հորս, երկու ընկեր միասին նստած պատմում ու հիշում էին անցած-գնացած օրերը: Եվ ահա հերթական դասի ավարտից հետո Կոմիտասը ձեռքով հորս մի կողմ է հրում. «Դուն հոս կեցիր, մի՛ երթար»: Թումաճյանը պատմում է, որ իրենք՝ չորս սաները, նախանձում էին Բարսեղին, որովհետև Կոմիտասը միայն իրեն էր մի կողմ քաշում, որ դասից հետո իր հետ խոսի: Համոզում էին, որ իրենք ևս միանան: «Դուք գացեք, հիմա Բարսեղը կուգայ ձեր ետևեն,- շտապով կրկնում էր Վարդապետը»: Հայրս էլ անհամբեր սպասում էր, որ ընկերների հետ միասին դուրս գար, որպեսզի ծխեր, քանի որ Կոմիտասը արգելել էր ծխել: Մի քանի անգամ նույնիսկ տուփը վերցրել էր ձեռքից: Հայրս խոստացել էր այլևս չխծել և խնդրել էր, որ տուփը վերադարձնի, քանի որ այն իր եղբոր հիշատակն էր: Այսպես ընկերներն անհամբեր սպասում էին Բարսեղին, որ իմանային, թե ինչ էին այդքան նրանք խոսում: Վերջիվերջո հասկացել են, որ Վարդապետը պոլիֆոնիայի մասնավոր դասեր է տալիս հորս: Մի օր Թումաճյանն ու ընկերները հարցրել են Կոմիտասին, թե ինչու է միայն Կանաչյանին պոլիֆոնիայի դասեր տալիս, իսկ իրենց՝ ոչ: «Դուք դեռ հոն հասնելու շատ ժամանակ ունիք»,- պատասխանել է: Այնքան էին նեղվել: Մինչդեռ Կանաչյանն արդեն կայացած երաժիշտ էր, իսկ իրենք Կոմիտասի մոտ են սկսել երաժշտություն սովորել:

Ս. Մ. - Բեյրութահայ իմ ընկերներից մեկը պատմում էր, որ Կանաչյանը իր «Օրորը» գրել է «Բարոն» հյուրանոցատիրոջ աղջկա համար: Իրակա՞ն պատմություն է սա:
Ս. Կ. - Այդ մասին իր հուշերի մեջ գրել է դոկտոր Ջեբեջյանը: Նման բան բացարձակապես գոյություն չունի: Այդ աղջիկը ծնվել է 20-ական թվականներին, մինչդեռ «Օրորը» գրվել է 1913 թվականին: Դեռ նոր էին ծանոթացել, երբ Կոմիտասը հետաքրքրվեց, թե ինչ գործեր է հայրս գրել: Հայրս նրան ցույց է տվել «Օրորը»: «Բարսեղ,- հիացած ասել է վարդապետը,- եթե դու ուրիշ բան չգրես կյանքիդ մեջ, միայն այս օրորով աշխարհահռչակ կդառնաս: Պարծանքով ես պիտի ստորագրեի նման գործի տակ»: Այնուհետև Կոմիտասը ցանկություն է հայտնել, որ հայրս երգի իր երգչախմբում, իսկ հետո իրենից դասեր առնի: 1926-ին, երբ ես պիտի ծնվեի, հայրս մի քիչ փոփոխության ենթարկեց «Օրորը»՝ վերածելով քառաձայնի և դաշնամուրի նվագակցությամբ: Եվ փաստորեն, երբ Կանաչյան են ասում, օրոր են հասկանում, երբ օրոր են ասում, Կանաչյան են հասկանում:

Ս. Մ. - Հետաքրքիր է, որ Կանաչյանը մեծ ներդրում ունի նաև արաբական երաժշտության զարգացման գործում:
Ս. Կ. - Երբ հայրս եկավ Լիբանան, այստեղ խրախճանքներին, հարսանիքներին բոլորը երգում էին թուրքերեն: Հայերեն գրեթե չէր լսվում: Նույնիսկ նշանավոր հայ երգչուհի Մաթիլդ Բուդաղյանը երգում էր թուրքերեն: Հայրս առաջինը եղավ, որ հայերեն երգերը, մանավանդ Կոմիտասի երգերը լսելի դարձրեց ժողովրդին: Անգամ գաղափար չունեին օպերային երաժշտության մասին: Տարին մեկ անգամ համերգներով հանդես էր գալիս տարբեր քաղաքներում՝ Լիբանանում, Լաթաքիայում, Հալեպում, Դամասկոսում, և տարածում հայերեն երգը՝ այդպիսով տարածելով նաև հայերենը: Հորս հարցնում էին, թե ինչու այլ լեզուներով, ասենք՝ գերմաներեն կամ իտալերեն համերգներ չէր տալիս: Հայրս պատասխանել է. «Անոնք հայերեն կերգե՞ն, ես ծնվել եմ մեր հայ երգը տարածելու, վարժեցնելու և սիրցնելու մարդոց, ես ի՞նչ պետք ունիմ օտար երգերի»: Այնուամենայնիվ, Լիբանանում երկար համոզվելուց հետո լիբանանյան մի քանի երգ ձայնագրեց: Երբ Սիրիա կամ արաբական որևէ երկիր էր գնում համերգներով՝ անպայման մեկ-երկու արաբերեն երգ պիտի հնչեցներ՝ իբրև տուրք արաբ ժողովրդին: Հետագայում հայրս Իրաքի, Սիրիայի և Լիբանանի քայլերգերը վերածեց քառաձայնի: Դա շատ մեծ աղմուկ հանեց, քանի որ արաբները նույնիսկ երկձայն չունեին: Արաբները սքանչացան, իրենց համար դա ճոխություն էր: Մինչ այդ իրենք՝ ուդը ձեռքներին վերցrած, 100 հոգով միաձայն երգում էին: Իր շնորհիվ է, որ արաբերեն երգը սկսեց հնչել երկձայն, քառաձայն և բազմաձայն: Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվեց լիբանանյան «Մայրիներ» և ֆրանսիական «Le palme d’academie» շքանշաններով:

Ս. Մ. - Շատ հաճախ ժողովուրդը երգում է երգեր՝ չիմանալով հեղինակին և կարծելով ժողովրդական երգեր են: Կանաչյանը ևս բացառություն չէ: Ի՞նչ նման երգեր ունի Ձեր հայրը:
Ս. Կ. - Կանաչյանի ռոմանսները ամփոփված են մի գրքույկի մեջ, որոնք նա գրել էր իր երիտասարդության տարիներին, և որոնք միշտ երգվում էին և համարվում ժողովրդական կամ կոմիտասյան երգեր: Օրինակի համար՝ «Երազը»: Սա Կանաչյանի գործն է: Երբ այս երգը Կանաչյանը ներկայացրել է Կոմիտասին, վերջինս հուզված ասել է. «Ասիկա հոս դաշնակին վրա ձգե»: Եվ ամեն անգամ, երբ գնում էր Կոմիտասի մոտ, նվագում էր, երգում և հուզվում: Երբ եկանք Բեյրութ, մի երգարանի մեջ տեսանք՝ գրված է, թե այդ երգի հեղինակը Կոմիտասն է: Հայրս այնքան էր սիրում Կոմիտասին, որ ասաց. «Թող ըլլա իր գործը, թող այդպես գրվի, ոչինչ»: Հետո անմիջապես բերեց իր փոքրիկ տետրակը և պատռեց՝ ասելով. «Քանի որ Կոմիտաս է գրվել, թող այդպես էլ մնա»: Դրանք փոքրիկ գործեր էին, որոնք նա գրել էր իր ժամանցի համար և սովորեցրել երեխաներին, և ժողովուրդն էլ երգում էր: Այդ տետրակի մեջ իր 6-7 ռոմանսներն էին, այդ թվում՝ «Հինգալա»-ն, «Մայր Արաքսի ափերով»-ը և «Երազը»: Կոմիտասը պատգամել էր իր սաներին հրատարակություններ անել, դասեր տալ և իրականացնել իր նվիրական երազը, այն է՝ արտասահմանի մեջ ունենալ հայկական կոնսերվատորիա: Քանի որ նա չէր կարողացել ի կատար ածել այդ երազանքը, այդ պարտքը թողել էր իր սաների ուսին: Այդ հրատարակությունների առաջին հատորի մեջ կա նաև «Երազը»՝ գրված Կանաչյանի կողմից: Հիմա մարդիկ գիտեն, որ դա Կանաչյանի գործն է և ոչ թե Կոմիտասի: Եթե մարդ քիչ թե շատ հասկանում է Կոմիտասի երաժշտությունից, անշուշտ, կտեսնի, որ դա բնավ Կոմիտասի ոճը չէ: Հայրս այն դարձրել էր և՛ երկձայն, և՛ քառաձայն, և՛ դաշնամուրի համար: Հաճախ մայրիկիս հետ նվագում և երգում էր «Երազը»:

Ս. Մ. - Կանաչյանի բոլոր գործերը ծնվել են հայրենիքի հանդեպ անհուն սիրուց, թեև ապրում էր հայրենիքից դուրս: Նա երբեք չկարողացավ գալ Հայաստան: Ի՞նչն էր պատճառը:
Ս. Կ. - Այն ժամանակ կար «Երևանի ձայն» ռադիոկայանը, տարիներով հնչում էր նաև Լիբանանում: Հայրս փոքրիկ ռադիո ուներ: Այն լսվում էր ուշ գիշերին մեր տան մի անկյունում միայն: Այնտեղ բազկաթոռ էր դնել տվել, որպեսզի երբ ժամը գար, ռադիոն ձեռքն առած գնար նստեր այդ բազկաթոռի մեջ և լսեր: Սքանչացած լսում էր Առնո Բաբաջանյանի գործերը: Երբ Օհան Դուրյանը Բեյրութից Հայաստան պիտի գար, հանդիպել էր հորս և ասել. «Բարսեղ, գործերդ տուր, տանեմ Հայաստանում ծանոթացնեմ»: Այդ օրվանից հայրս անհամբեր սպասում էր, որ ռադիոյով հնչեին իր գործերը: Հայրս շատ էր ցանկանում իր ստեղծագործությունները լսել մասնագետ երգողների միջոցով, որովհետև իր խմբի մեջ պրոֆեսիոնալ երգողներ չկային: Իզուր այդքան սպասեց: 1946-47 թթ.՝ հայրենադարձության տարիներին, Հայաստանի կառավարությունից հրավեր եկավ, որ այցելի Հայաստան: Բայց այն ժամանակ, որքան ճիշտ է թե սխալ, այդ հրավերը անցել էր ռամկավար կուսակցականների ձեռքը, որոնք ետ են ուղարկել այն՝ ասելով, որ Կանաչյանը չի փափագում գալ Հայաստան: Մինչդեռ ընդհակառակը, կերազեր:

Ս. Մ. - Որտե՞ղ է ամփոփված մեծ կոմպոզիտորի աճյունը:
Ս. Կ. - Կանաչյանի աճյունը ամփոփված է Լիբանանում: 1967-ին, երբ մայրս և ես Մշակութային կապի կոմիտեի հրավերով եկանք Հայաստան, կոմիտասագետ Ռ. Աթայանը, ով մինչ այդ արդեն ուսումնասիրել էր Կանաչյանի գործերը, ասաց, որ կարգադրություններ պիտի լինեն, որի համաձայն աճյունները պիտի փոխադրվեն Հայաստան: Այդ օրվանից ի վեր տակավին պիտի փոխադրվեն: Կսպասենք: Մի օր հայրս մորս ասաց. «Քրիստինե, քիչ մը դրամ հավաքենք, երբ ես մահանամ, իմ աճյունը կփոխադրես Կոմիտասի կողքը»: Ծիծաղեցինք, կատակի տվեցինք: Ավա՜ղ, կիսատ մնաց Կանաչյանի երազը…

Հարցազրույցը՝
Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ

Աղբյուր՝ Grakantert.am

Սեդա Կանաչյան