Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Լեռ Կամսար. Նամակ «Արևին»

Հարգելի պ. խմբագիր.

Ստացա ձեր անդրանիկ նամակը, որով ինձ կընդունիք թերթիդ գրչի զինվորներու կարգը։ Վնաս չունի։Անանկ ժամանակ մը կապրինք, որ յուրաքանչյուր տղամարդ զինվոր է, գրչի կամ հրացանի։

Կգրեք` տեղ պիտի տաք իմ կողմե գրած ամեն մեկ անկաշառ քննադատության։ Ես ալ այդ համոզումն ունենալուս համար էր, որ «Արևին» մոտեցա։ Աստղաբաշխական օրենքով իսկ «Արևը» կեդրոն ըլլալու է։ Ահա իմ կարծիքը «Արևի» մասին։ Ասկե ավելի նպաստավոր կարծիք չի թույլատրվել հայ իրականության մեջ հայտնել մեկի մը կենդանության օրոք...

Գանք վարձատրության ձևին։ Ես տողավարձեն ավելի կգերադասեմ ամսական որոշ վարձատրությունը։ Տողավարձով գրողը իր շահուն ներհակ կհռչակե ձու, յուղ, ուլ, ձի, լու և նման կարճ բառեր և այն ալ ոչ այն պատճառով, որ ներկա տնտեսական տագնապին թանկ արժեն ատոնք. ո՛չ, այլ որովհետև տող լեցնելու համար բան մը շարժեն։ Տողավարձով գրող վիպասան մը անկարելի է, որ իր հերոսին անուն մը փնտրելու միջոցին «Հոբը» ընտրե, «Նաբուգոդոնոսորը» թողու. վասնզի վերջինս իր պատկառելի երկարությամբ, քանի մը անգամ կրնա փաթութիլ «Հոբին» հասակն ի վեր։ Նա, ով տողավարձով կգրե, հաճախ երկու անգամ կպտտցնե իր ընթերցողը նույն փողոցին մեջ, և երկու-երեք նախասենյակ մտցնելով նոր կառաջնորդե դահլիճը...

Այնպես որ, ամսե-ամիս, նայելով ֆելիետոններուս քանակին ու որակին, ղրկեցեք ինձ հասանելիք վարձատրությունը։ Եվ այդ դրամը օ՜հ, ինչ անբանաստեղծական բառ... որպես գրչիս առաջին վաստակը, պիտի ուտեմ յոթը վարժապետական տարիներուս կերած... անոթությունը մարսելու համար։

Ես տաճկահայ եմ և գրած եմ տաճկահայ իրականութենե։ Հայկական աղետը զիս կովկասահայ ֆրոնտը փոխադրեց։ Ներկա պատերազմին մեջ ինձի համար հաղթական դուրս գալը կախված է անկե, թե ռուսահայ ազգային ջոջերը պիտի ըլլա՞ն այնքան բարի, որ ինձի քիչ մը պակասություն հայթայթեն։ Պիտի ձեռնարկեմ հանգանակություն մը և յուրաքանչյուր ջոջի դուռը ծեծելով, պիտի հեծծեմ վարժապետորեն.

- Պարոննե՛ր, միք զլանար քանի մը պակասություններ նետել խեղճ երգիծաբանիս պնակին մեջ...

Ու կխոստանամ ամսե-ամիս հավաքածներուս մանրամասն հաշիվը տալ թերթերուն մեջ, և ոչ թե կարգ մը գործիչներու նման դրամները ժողվել, գրավվել, լռել ու խոկալ... Ըսենք դրամը կուտվի, բայց պակասության մասին թվաբանությունը կըսե. «Յուրաքանչյուր բացասական քանակություն` փոր չի կշտացներ»։

Երևան, 16 մարտի 1916թ.

Աղբյուր՝ Lerkamsar.com