Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Սողոմոնի 1:11)

Հակոբոս 2.20-24

20. Կամիս գիտել՝ ո՛վ մարդ սնոտի, զի հավատք առանց գործոց դատարկ են:

Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի:

Երբ ընդդիմախոսեց և հանդիմանեց՝ դևերի հավատով և անհույս դարձրեց նրան, ով հավատի հետ մեկտեղ բարի գործեր չունի: Եվ որպեսզի անիրավները և պատասխան տալու համար պատրաստները չասեն, թե որտեղի՞ց ես այդ ասում և այդքան անտեղի մեծախոսում հավատի մասին, Սուրբ Գրքից վկայություն է մեջբերում այդպիսիներին լռեցնելու համար՝ ասելով. ո՞վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ: Այս ասելով ոչ թե բնությանն է անարգում՝ Աստծու ստեղծած բարին սնոտի կոչելով, այլև՝ ունայն խորհուրդներն է սնոտի կոչում, որ ցանկանում են միայն հավատով արդարանալ, իսկ գործերի մեջ անհոգություն ցուցաբերել: Այդ իսկ պատճառով ասաց. ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ, հավատը դատարկ բան է առանց գործերի: Զարմանքով է ասում, ո՛վ մարդ, դո՛ւ, որ իմաստուն ես և հանճարեղ, պարտավոր էիր ըստ արժանվույնս իմանալ ընդհանուր պետքերի և բնության մասին, բայց քանի որ դա չես մտաբերում, ապա պարտավոր ես Սուրբ Գրքի գործերից սովորել հավատի գործերի և իրապես տեղեկանալ սնոտի բաների մասին, որ առանց գործերի հավատը դատարկ բան է: Ինչպես, օրինակ, արտաքինից ոսկեզօծ, գեղեցիկ երևացող ափսեն, որ բոլորի ուշադրությունն իր վրա է գրավում չափազանց պայծառ և գունեղ արտաքինի համար, սակայն մեկը եթե ծարավ կամ սոված լինի և մոտենա ու նրա ներսն ուսումնասիրի, և կերակուր կամ ըմպելու բան փնտրի, սակայն անհրաժեշտ բաներից դատարկ գտնի, ապա ի՞նչ շահ կարող է ունենալ նրա գեղեցկությունից, երբ չի կարող բավարարել քաղցը կամ ծարավը:

Այսպես է նաև հավատը, որ դատարկ է գործերից, քանզի ոչ մի օգուտ չի բերում իրեն ունեցողին: Այս ասելով, այնուհետև գործերի մասին է խոսում.

21. Աբրահամ՝ հայր մեր ո՞չ ապաքէն ի գործո՛ց արդարացաւ՝ հանեալ ի սեղան զորդին իւր զԻսահակ՝ պատարագ:

Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացավ՝ սեղանի վրա հանելով իր որդուն՝ Իսահակին՝ որպես զոհ:

Այս արդարը բազում առաքինություններ ուներ, այդ պատճառով էլ Աստծու կողմից բազում վկայությունների արժանացավ, և այդ ամենի սկիզբը հավատն էր, բայց ոչ առանց գործերի: Արդարև արարածների Արարչին հավատով ճանաչեց, բայց թողնել իր հայրենի երկիրն ու գավառը և Աստծու ձայնին հետևելով գնալը՝ գործ էր: Եվ Աստծու խոստմանը երկար ժամանակ սպասելը՝ հավատ էր, իսկ խոստացված երկրում պանդխտության մեջ մնալը և բոլորին բարի հյուրասիրություն անելը՝ գործ էր, ուստի անգետներին և հրեշտակներին ընդունեց, և Իսահակի ծննդյան ավետիսն ընդունելն այդ ծերության հասակին՝ հավատ էր, իսկ նրան [զոհաբերության] սեղանին հանելը՝ գործ:

Հետևաբար, մեզ համար օրինակ բերեց՝ ասելով. Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացավ՝ սեղանի վրա հանելով իր որդուն՝ Իսահակին:

Աբրահամին հայր կոչելով ոչ թե ցանկանում է ցույց տալ մարմնավոր նահապետությունը, այլ Աստծու խոստումն է ցույց տալիս, որ տվեց Աբրահամին, թե «Բազում ազգերի նախահայր եմ դարձնելու քեզ» (Ծննդ. 17:5), և քո զավակի միջոցով օրհնվելու են երկրի բոլոր ազգերը: Ուստի հայր ասելով հիշեցնում է նահապետական օրհնություն՝ արթնացնելու համար նրանց մտքերը, իմանալու համար, թե ինչո՞ւ Աբրահամն այդքան մեծության արժանացավ, այսինքն՝ հավատով զորացած գործերի շնորհիվ, որպեսզի նրանք էլ նմանվող լինեն [իրենց] հոր առաքինությանը: Կարծես թե ասում է նրանց, որ եթե Աբրահամի որդիներն ենք, ապա պարտավոր ենք Աբրահամի գործերը կատարել: Եվ քանի որ նա գործերով արդարացավ և ոչ թե միայն հավատով, ապա մենք մեր անձերով պետք է նմանվենք նրան, ոչ թե նրա պես մեր որդուն զոհաբերելով սեղանի վրա, այլ անձամբ մեզ ամբողջովին ընծայելով Աստծուն՝ հավատի խոստովանությամբ, որ եթե չկատարենք, ապա օտար ենք Աբրահամի հայրությունից: Այդ պատճառով էլ ասաց. Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացավ՝ սեղանի վրա հանելով իր որդուն՝ Իսահակին, որպես զոհ:

22. Տեսանե՞ս, զի հաւատքն եղեն գործակից գործոց նորա:

Տեսնո՞ւմ ես, որ հավատը գործակից եղավ նրա գործերին:

Ամեն ջանք գործադրում է՝ ընդհանուր գաղափարի հետ ցույց տալով նաև Սուրբ Գրքից բերված վկայությունները, թե հավատքն առանց գործերի ոչ ոքի չի կարող փրկել, և ոչ էլ գործերն առանց հավատի: Հետևաբար այստեղ դրանք միմյանց հետ է միավորում՝ ասելով. հավատը գործակից եղավ նրա գործերին: Այսինքն՝ նաև հավատաց և իր մտքում դրեց, որ եթե խոստացել է, և մեռած արգանդից տվել սրան, ապա կարող է նաև մեռելներից հարություն տալ, և այդ հույսով դրեց նրան զոհասեղանի վրա: Դրա համար էլ ասաց. հավատը գործակից եղավ նրա գործերին:

Եվ ի գործոց անտի հաւատքն կատարեցան:

Եվ գործերով էլ հավատը կատարյալ դարձավ:

Մեծ էր Աբրահամի հավատը, որ հավատաց Աստծուն և որով անտեսեց մարդկային բոլոր կարծիքները և աներկբայորեն հավատաց Աստծու խոստմանը, թեև բազում խոչընդոտներ կային: Եվ [հավատը] կատարյալ չէր լինի ու բոլորին հայտնի չէր դառնա, եթե գործով որդուն զոհաբերության չտաներ:

Արդ, այսպիսի գործեր հավատով կատարվեցին, այդ պատճառով էլ ասաց. գործերով էլ հավատը կատարյալ դարձավ: Արդ, սա արդարության գործերի համար ծուլացածների դեմ գրվեց՝ հանդիմանելով նրանց մտքի թերությունը, որոնք ասում էին, թե միայն հավատքով կարող են արդարանալ՝ գործերի կարիք չունենալով: Եվ դրանց համար է ասում, որ հավատից ոչինչ չեն շահի, եթե հավատն ի հայտ բերող գործեր չունենան:

Արդ նաև Պողոսն է գրում հավատի հանդեպ տարակուսածների մասին, ովքեր համարում էին, թե օրենքի գործերով կարող են արդարանալ, այլ ոչ թե Հիսուս

Քրիստոսի հավատով՝ ասելով. «մարդ չի արդարանա օրենքի գործերով, այլ միայն՝ Հիսուս Քրիստոսի հավատով» (Գաղ. 2:16):

Եվ սա ոչ թե հակառակ [հավատի] է դնում, այլ միմյանց քաջ միաբան, քանզի ինչպես սա Աբրահամի օրինակով հավատի կատարումը գործով ցույց տվեց, նման ձևով նաև նա, նույն օրինակով գործերի կատարումը հավատով ցույց տվեց, որպեսզի երկու ճշմարիտ վկայությամբ երկուսին էլ հավատարիմ լինեն, և որ սրանցից մեկն առանց մյուսի չի կարող կատարյալ լինել:

23. Եւ կատարեցաւ գիրն՝ որ ասէ. Հաւատաց Աբրահամ յԱստուած, և համարեցա՛ւ նմա յարդարութիւն:

Եվ կատարվեց Գրվածը, որն ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ նրան որպես արդարություն համարվեց»:

Երբ այս ամենն ասաց, որոնցից գլխավորը հավատն ու գործն էին, այնուհետև, [ասում է], կատարվեց Գրվածը, քանզի եթե մեկը մյուսից պակաս լիներ, ապա անկատար կմնար, բայց քանի որ երկուսն էլ գլխավորում էին, ապա կատարվեց Գրվածը, որն ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ նրան որպես արդարություն համարվեց»: Այսինքն, որ հավատով համարձակություն ունեցավ այնպիսի գործ կատարել և բնության դեմ կռվել: Այդ պատճառով էլ և այդ նրան որպես արդարություն համարվեց, և նա Աստծուն բարեկամ կոչվեց:

Որքա՜ն մեծ են Աստծու գթությունները, և որքա՜ն ահռելի է նրա մարդասիրությունը, և բարիքների ինչպիսի՜ քաղցր հույս է մեր առաջ դնում: Ուստի մարդը, լինելով հողեղեն մահկանացու, մի փոքր առաքինության շնորհիվ, Աստծու հետ մերձավորությամբ վեր է բարձրանում՝ կոչվելով և անվանվելով նրա բարեկամ: Տեսնո՞ւմ ես գործի շքեղությունը, թե ուր տարավ և բարձրացրեց Աբրահամ երանելուն, քանզի բարեկամի պես ամենուր Աստված երևում էր նրան և հարազատաբար խոսում նրա հետ ու ողջագուրվում. «Աբրահամը երազում լսեց Տիրոջ խոսքը, որն ասում էր. «Մի՛ վախեցիր»» (Ծննդ. 15:1): Եվ նորից կեսօրին երևաց նրան, բարեկամաբար խոսեց նրա հետ, նրա տանը հանգրվանեց, հաց կերավ և տվեց որդու ծննդյան ավետիսը: Եվ երբ Աբրահամը գնաց նրանց ճանապարհելու, բարեկամաբար խոսում էր նրա հետ, և իր գաղտնիքներն էր հայտնում նրան, թե ինչ է պատրաստվում անել սոդոմացիների հետ. «Մի՞թե ես իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ: Աբրահամը, հաստատապես, մեծ և բազմանդամ ազգի նախահայր է լինելու, և նրա միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը» (Ծննդ. 18:17-18):

Եվ սա ո՞ւմ առաքինության հաղթանակն է, որ ասում է. «Որովհետև ես գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին կպատվիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան» (Ծննդդ. 18:19): Տեսնո՞ւմ ես բարեկամության ինչպիսի օրինակ, տեսնո՞ւմ ես Աստծու սիրո զորությունը, թե ինչպես բարձրացրեց հողեղեն և խիստ բնությանը, և կամ ինչպե՞ս խոնարհեցրեց իր անկրելի բնությունը՝ մարդու համար այսպիսի զիջումների գնալով, և այս ամենը առաքինի գործերի շնորհիվ, որն էլ հաջորդ համարում է ցույց տալիս.

24. Տեսանէ՞ք, զի ի գործոց արդարանայ մարդ՝ և ո՛չ ի հաւատոց միայն:

Տեսնո՞ւմ եք, որ գործով է արդարանում մարդ և ոչ թե միայն հավատով:

Երբ հաստատեց իր խոսքը Սուրբ Գրքի վկայությամբ, և Աբրահամի օրինակով հավաստիացրեց, այնուհետև ասաց. տեսնո՞ւմ եք: Նրանցից ոչ թե մարմնավոր դյուրախաբ տեսություն է պահանջում, այլ՝ մտքի տեսություն՝ իմաստությամբ նայել խոսքերը և քննել իր առջև եղածը: Խոսքը հոգնակի է դնում, քանզի իր խոսքի վերաբերյալ բազում վկայություններ է ի մի հավաքել: Տեսնո՞ւմ եք, ասում է, որ գործերով է արդարանում մարդ և ոչ թե միայն հավատով: Չի ցանկանում ասել, թե հավատը բնավ չի կարող արդարացնել մարդուն, այլ՝ առանց գործի է ասում: Ինչպես, օրինակ, երբ Պողոսն ասում է, թե գործով չի կարող արդարանալ մարդ, ապա չի ասում, թե գործերն ամենևին չեն կարող արդարացնել մարդուն, այլ՝ առանց հավատի, ասում է, մարդ չի կարող արդարանալ լոկ միայն գործերով:

Սա նույնպես այդ միտքն է արտահայտում. տեսնո՞ւմ եք, ասում է, որ գործերով է արդարանում մարդ և ոչ թե միայն հավատով: Ապա նաև այլ վկայություններ է մեջբերում, որով առավել ևս հաստատում է այդ խոսքերը:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը