Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Միսաք Մեծարենց. Այգերգ

Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
եղնիկները մըթնշաղին դեպի գետափ կը դիմեն.
աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն`
որ ջուրերուն վրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին:

Վանքի քովի արահետեն կարավանները կ’անցնի՜ն,
բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն.
մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն.
ու կը լըսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին:

Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,
մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:

Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինձի առտուն անխըռով,
ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,
լույս պարիկին` որ իղձերըս պըսակելու պիտի գար: