Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սուրբ երեց սքեմավոր Նիլ Սորցու աղոթքն առ Տիրամայր

Ո՛վ ամենողորմ Կույս Աստվածածին՝ Մա՛յր ողորմությունների ու մարդասիրության, իմ
նվիրական հու՛յս ու ապավինությու՛ն:
Ո՛վ Մայր բարեգույն Անդրանիկ Որդու և ամենայն սեր գերազանցող Փրկչի՝ Տեր Հիսուս
Քրիստոսի՝ Մարդասերի և իմ Աստծո, իմ հոգու թանձր խավարի Լո՛ւյս:
Քո առաջ եմ ընկնում ես՝ բազմամեղս ու անհույսս, և աղոթում Քեզ, ո՛վ
ներողամտության աղբյուր Սուրբ Կույս, անսպառ գթասրտություն և ծով ողորմություն ու
մարդասիրություն բաշխողի՛դ: Ողորմի՛ր ինձ, աղաղակում եմ Քեզ ցավ ի սիրտ, ողորմի՛ր
ինձ խոցոտվածիս, անողորմ ավազակների ձեռքն ընկածիս, և Հոր՝ ինձ պարգևած
հանդերձներից, վա՜յ ինձ, մերկացածիս: Արդ, խենթությանս պատճառով էլ նեխել և
գարշահոտում են վերքերն իմ:
Բայց ես, իմ Տիրուհի Աստվածածի՛ն, աղաչում եմ Քեզ խոնարհաբար, քաղցր աչքով
ինձ նայի՛ր և մի՛ խորշիր ինձանից՝ ամբողջովին խավարով պատվածիցս, ամբողջովին
պղծվածիցս, ամբողջովին հաճույքների և կրքերի տիղմի մեջ ընկղմվածիցս, չարաչար
ընկածիցս ու ոտքի կանգնելու անկարողիցս, ողորմած եղի՛ր իմ նկատմամբ և օգնության
ձեռք մեկնի՛ր ինձ՝ մեղքի խորխորատից դուրս բերելու համար:
Ո՛վ իմ խնդություն, ազատի՛ր ինձ պաշարման մեջ առնողներից, երեսիդ լույսը
ծագեցրու ծառայիդ վրա, փրկի՛ր կործանվողիս, սրբի՛ր պղծվածիս, չարաչար ընկածիս
ոտքի կանգնեցրո՛ւ, քանզի ամեն ինչ կարող ես, քանզի Ամենակարող Աստծո Մայրն ես:
Հեղի՛ր ինձ վրա Քո գթասրտության օծության յուղը, և Քո գորովանքի գինին թող հոսի
ինձ համար, քանզի ես, արդարև, իմ կյանքում իմ հույսը Քեզ վրա եմ դրել:

առնողներից-Նկատի ունի նաև անտեսանելի թշնամիներին
երեսիդ-Իբրև զգացմուքների և մտքերի արտահայտություն՝ ցույց է տալիս Աստծո բարեհաճությունը: Քանի որ
մարդ չի կարող Աստծուն տեսնել և ողջ մնալ, Տերը լուսավորում է նրան Իր երեսի լույսով՝ հայտնության
ճշմարտությամբ և բարեհաճությամբ, որի մեջ էլ մարդը երջանկություն է գտնում
սքեմավոր-Ուղղափառ վանքերում վանականության երկրորդ՝ առավել խստակրոն աստիճանը (հրեշտականման
կենցաղավարության կարգ)