Այսպէս է ասում Տէրը. «Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում:Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել:Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից. աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով» (Առակներ 20:11-13)

Հակոբ Մանանդյան. Կենսագրություն

Հակոբ Համազասպի Մանանդյան (նոյեմբերի 10 (22), 1873, Ախալցխա, Վրաստան - փետրվարի 4, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1925), ԽՍՀՄ ԳԱ (1939) և ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։

Կենսագրություն

Հակոբ Մանանդյանի կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնում

Ծնվել է Ախալցխայում, անտառապետի ընտանիքում։ 1880-1983 թվականներին Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Կարապետյան վարժարանում։ 1883-1893 թվականներին սովորել է Թիֆլիսի I գիմնազիայում, 1893-1897 թվականներին՝ Ենայի, Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1898 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, իսկ 1909 թվականին՝ Դորպատի համալսարանի իրավաբանական ֆակուլտետները։

1900-1905 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1905-1907 թվականներին՝ Թիֆլիսի առաջին և երկրորդ արական գիմնազիաներում, 1906-1907 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում, 1911-1913 թվականներին՝ Բաքվի ժողովրդական համալսարանում և 1915-1919 թվականներին՝ առևտրական դպրոցում։ 1919 թվականի դեկտեմբերին հրավիրվել է ԵՊՀ, նշանակվել պատմալեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, 1921-1922 թվականներին՝ ռեկտոր, 1921-1923 թվականներին՝ արևելագիտության և պատմագրական ֆակուլտետների դեկան, 1921-1925 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925-1931 թթ.՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ ԵՊՀ-ում առաջինն է դասավանդել հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմություն։ 1931 թվականին ընդհատել է մանկավարժական աշխատանքը և զբաղվել միայն գիտական գործունեությամբ։


Հակոբ Մանանդյանի հուշաքարը Երևանի Տերյան փողոցում

Գիտական գործունեություն

Հեղինակ է հայերեն, ռուսերեն և գերմաներեն ավելի քան 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու մշակույթին։ Զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ։ Այս բնագավառում հայագիտական մնայուն արժեք է «Հունաբան դպրոցն և նրա զարգացման շրջանները» (Վիեննա, 1928) ուսումնասիրությունը։ Հայ պատմագիտական մտքի մնայուն գործերից են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին նվիրված «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (ռուսերեն, Եր., 1930, 1954, 1985), «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» (Երևան, 1934, 1981), «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» (Եր., 1930, 1985), «Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը», «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» (Եր., 1936, 1985), «Տիգրան Բ և Հռոմը» (Եր., 1940, 1972, 1977, ռուսերեն՝ 1943, ֆրանսերեն՝ 1963), Արմավիրի հունարեն արձանագրությունները և այլ մենագրություններ։

Ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատության ստեղծումը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմությունը (հ. I-III, 1945, 1952, 1957, նաև՝ 1977, 1978), որը, սակայն, մնացել է անավարտ։ Դեռևս 1920-ին, Հրաչյա Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է XII-XIX դարերի հայկական վկայաբանական գրականության հայտնի բոլոր բնագրերը (հ. I-II), գիտական հրատարակության է պատրաստել հին հունական իմաստասերների (Նոնոս, Էլիաս, Զենոն Ստոիկ, Արիստոտել և այլք) երկերի հայերեն թարգմանությունների բնագրերը։

Աշխատություններ

Հակոբ Մանանդյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 1981, 88 էջ։
Աշխատությունների էլ-տարբերակը տե՛ս

Գրականություն

Հովհաննիսյան Պ., Ակադեմիկոս Հակոբ Մանանդյան։ (Ծննդյան 100-ամյակի առթիվ).- «Երևանի համալսարան» (Լրատու), 1973, N 3, էջ 32-37։
Հովհաննիսյան Պ., Հայաստանում ֆեոդալիզմի ծագման պրոբլեմի ուսումնասիրությունը ակադեմիկոս Հ.Մանանդյանի աշխատություններում.- ԵԳԱ, 1975, N 1, էջ 37-45։
Մանանդյան Հակոբ Համազասպի.- ՀՍՀ, հատ.7, Երևան, 1981, էջ 212-213։
Հովհաննիսյան Պ., Ակադեմիկոս Հ. Մանանդյանի նամականիից.- ԼՀԳ, 1989, N 8, էջ 80-89։
Հովհաննիսյան Պ., Հ.Մանանդյանի նորահայտ հոդվածը բուդդայականության մասին.- ԲԵՀ, 1990, N 2, էջ 115-120։

«Իմ ամբողջ կյանքը միմիայն կապված է համալսարանի հետ. ուրիշ որևէ այլ բովանդակություն ու ընթացք մեր կյանքը չէ ունեցել:
...Ես ապրում եմ միայն համալսարանի ստեղծագործման գաղափարով, որ համարում եմ այս երկրի համար ամենախոշոր գործը և վերաշինության ու վերածնության միակ ուղիղ ճանապարհը»:

Հակոբ Մանանդյան

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի