Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Սուրբ Տիխոն Զադոնցու խրատը երեխաների դաստիարակության վերաբերյալ

Ծնողները պետք է աղոթեն Աստծուն իրենց երեխաների համար, որպեսզի Ինքը՝ Տերը,
սովորեցնի նրանց Իր երկյուղն ու իմաստնացնի փրկության մեջ:
Իրենց իսկ օրինակով է հարկավոր երեխաներին կրթել բարի գործերի մեջ: Մատաղ
սերունդը և, առհասարակ, ամեն տարիքի մարդիկ լավագույնս դաստիարակվում են բարի
կյանքով, քան խոսքով: Բանն այն է, որ երեխաներն առանձնահատուկ կերպով են
ընդօրինակում ծնողների կյանքը. ինչ որ նկատում են նրանց մեջ, այն էլ իրենք են
անում՝ իրենց տեսածը բարի լինի, թե չար: Հետևաբար, եթե ծնողները կամենում են
իրենց երեխաներին առաքինի դաստիարակել, ապա նախևառաջ իրենք պետք է
խուսափեն գայթակղություններից և առաքինի կյանքի օրինակներ տան նրանց: Այլապես
ոչ մի բանում էլ հաջողության չեն հասնի, քանզի երեխաները, հետևելով իրենց ծնողների
վարք ու բարքին, առավել դրոշմում են դրանք իրենց մատաղ հոգիներում, քան լսում
նրանց խոսքերը: Յուրաքանչյուր դաստիարակի խոսք՝ կյանքով ապրված, պատշաճ ու
զորեղ խրատ է, մանավանդ՝ ծնողների պարագային:
Ծնողների համար դաստիարակության անդաստանում ամենից կարևորը իրենց
երեխաներին Աստծո երկյուղի և բարեբարոյության մեջ կրթելն է: Առանց դրա ամենայն
ուսուցում ու դաստիարակություն ոչինչ է: Տունկը որ կողմ որ թեքված լինի, այդ
ուղղությամբ էլ կաճի. այդպես էլ մանկահասակ երեխաներն են, ինչպես
դաստիարակվեն, այնպես էլ կապրեն:
Շատերն են իրենց երեխաներին օտար լեզուներ ուսուցանում, ոմանք էլ՝ արվեստներ,
սակայն անտեսում են քրիստոնեական ուսուցումն ու դաստիարակությունը: Այսպիսի
ծնողներն իրենց զավակներին աշխարհ են բերում ժամանակավոր կյանքի համար՝ թույլ
չտալով նրանց հավիտենական կյանքին մոտենալ: Վա՜յ նրանց, քանզի իրենց
անտարբերությամբ ոչ թե մարմիններն են սպանում, այլ՝ մարդկային հոգիները: