Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Լևոն Միրիջանյան․ Կենսագրություն

Լևոն Վարդանի Միրիջանյան (հունվարի 22, 1933, Երևան - նոյեմբերի 16, 2004, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից, մշակութային գործիչ, ԽՄԿԿ անդամ 1964 թվականից:

Կենսագրություն

1950 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։

1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ու գրականության ֆակուլտետը, 1962 թվականին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ բնագրագիտության գծով։

Ուսմանը զուգընթաց աշխատել է «Պիոներ կանչ» թերթի (1949-1953), «Գրական թերթի» (1953-1957), «Երևան» թերթի (1957-1959) խմբագրություններում։ 1962-1967 թթ. եղել է Գրականության ինստիտուտի գիտական քարտուղարը, 1967-1975 թթ.` «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչը։

1991-1996 թթ. հասարակական կարգով եղել է «Վասպուրական» հայրենակցական միության նախագահը։ 1996 թվականին հիմնադրել է Ցեղասպանությունից վերապրածների միությունը։

«Հայաստան-Ուկրաինա» ընկերության նախագահն էր և ակտիվ գործունեություն էր ծավալում հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման ուղղությամբ։ Նաև եղել է Հայրենակցական միությունների խորհրդի անդամ և նրա «Բնօրրան» պաշտոնահանդեսի գլխավոր խմբագիրը, ինչպես և «Հայ դպրության» պաշտոնահանդես «Արևագալ» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Վախճանվել է 2004 թ. նոյեմբերի 16-ին, Երևանում։

Ստեղծագործություններ

Բանաստեղծական գրքեր

«Այգեստաններ»
«Հեռու-հեռուներից»
«Ծովի կարոտ» (Երեւան, 1965, 222 էջ:
«Երգի հովիվը» (1969)
«Դեպի ծով» (Երեւան, 1971, 245 էջ):
«Ճանապարհ» (Երեւան, 1975, 366 էջ):
«Ծաղկազարդ» (Երեւան, 1981, 312 էջ):
«Առագաստ» (Երեւան, 1983, 224 էջ)
«Բազումք» (Երեւան, 1989):
«Հոգի և մարմին» (Երեւան, 2003)։
«Երգի հովիվը» (2004)

1969 թ. Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ Բեյրութում Թեքեյան մշակութային միության կազմակերպած համահայկական մրցոյթին Միրիջանյանի «Երգի հովիվը» պոեմն արժանացել է Վահան Թեքեյանի անվան առաջին կարգի մրցանակի։ Պոեմը 1974 թվականին առանձին գրքով լույս է տեսել Բեյրութում (արաբ բանաստեղծ Միշել Սուլեյմանի արաբերեն թարգմանությամբ)։

1992 թվականին Լոս Անջելեսում լույս է տեսել նրա «Մենք գնացինք Երկիր» ուղեգրական գիրքը, 2004 թվականին՝ «Կրկնվող օրեր» վիպակը։

Մանկական գրքեր

«Միջակ Սոսը»
«Ճնճղուկի ուզածը» (հրատարակվել է է նաև Թեհրանում)
«Նունեի զղջումը»
«Ուրախ հանդիպում»

Պատմաբանասիրական աշխատություններ

«Հայ բանաստեղծության ակունքները» (գիրք Ա, Երևան, 1977, 224 էջ):
«Истоки армянской поэзии» (1980)
«Վերընթերցելով Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը»»
«Հայկական հնագույն մատյանը»
Պատմության և առասպելի սահմանները (Երեւան, 1986):
«Հայկյաններ» (Երեւան, 1988)
«Աստվածաշունչը և մենք» (Երեւան, 1994)
«Հայկյաններ» (2001)
«Մէկ ազգ` մէկ ուղղագրութիւն»
«Հայ-իրանական բարեկամութեան հնագոյն պատուարը» (Թեհրան, 2002)
«Մեր Մեծասքանչը» (2003)

Լևոն Միրիջանյանի նախաձեռնությամբ և առաջաբանով է հրատարակվել «Մարգարիտներ հայ քնարերգության» ժողովածուի առաջին հատորը։ Նրա առաջաբանով և թարգմանությամբ են հրատարակվել նաև «Հայ քնարերգություն» մատենաշարի «Անտիկ շրջանից մինչև Ը դար» և Ներսես Շնորհալի «Երգեր, Եդեսիայի ողբը» ժողովածուները։

Թարգմանություններ

Նրա թարգմանությամբ հայերեն առանձին գրքով հրատարակվել է ուկրաինացի մեծ բանաստեղծ և փիլիսոփա Գրիգորի Սկովորոդայի «Հատընտիրը» (1972), որի համար 1993 թվականին պարգևատրվել է Գրիգորի Սկովորոդայի անվան միջազգային ուկրաինական մրցանակով։ 2002 թվականին Ուկրաինայի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաստակների համար» շքանշանով։

Հետմահու լույս են տեսել «Գրողի ճանապարհը» (2005) կենսամատենագիտությունը, «Սրբազան ավանդներ» (2006) հայագիտական և հրապարախոսական հոդվածների ժողովածուն, «Ակնաղբյուր» (2007) և «Լուսաստղ» (2013) բանաստեղծությունների ժողովածուները։

Այլ լեզուներով

Լևոն Միրիջանյանի բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվել և առանձին գրքերով հրատարակվել են ռուսերեն, ուկրաիներեն, արաբերեն, անգլերեն, ադրբեջաներեն։

Հիշատակ

2009 թվականի մայիսի 25-ին Երևանի Աջափնյակ թաղամասում գտնվող թիվ 155 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Լևոն Միրիջանյանի անունով։ Նույն թվականի սեպտեմբերի 1-ին դպրոցի բակում հանդիսավորապես բացվեց նրա կիսանդրին, որի հեղինակն է ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գետիկ Բաղդասարյանը։