Այսպէս է ասում Տէրը. «Ով կռիւ է փնտրում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար» (Առակներ 29:5)

Գրիմ եղբայրներ․ Մուկն ու կատուն

Մի անգամ մուկն ու կատուն ծանոթանում են: Կատուն այնքան է խոսում իր ընկերասիրության ու հավատարմության մասին, որ մուկը համաձայնում է ապրել նրա հետ մի տան մեջ, միասին վարել տնտեսությունը։

- Հարկավոր է ձմռան պաշար հավաքել, թե չէ ցրտերը որ ընկան, սովից կսատկենք,- ասում է կատուն։ - Համ էլ, այ մուկ, դու էլ շատ դեսուդեն չես գնա, թե չէ, աստված չանի, մի փորձանքի կգաս, թակարդը կընկնես։

Էդպես որոշում են ու ձմռան համար մի կճուճ ճարպ են գնում։ Բայց որտե՞ղ պահեն կճուճը, որ ապահով լինի։ Երկար մտածելուց հետո կատուն ասում է.

- Եկեղեցուց ապահով տեղ չկա։ Էնտեղից ոչ ոք չի համարձակվի գողանալ։ Արի կճուճը թաքցնենք բեմի տակ:

Էդպես էլ անում են։ Շատ ժամանակ է անցնում թե քիչ, աստված գիտի, մի օր էլ կատվի սիրտը ճարպ է ուզում։

- Գիտես ինչ կա, մուկ, - ասում է նա,- մորաքույրս ինձ կնունքի է կանչել։ Տղա է ունեցել, սպիտակ ձագուկ է, շեկ պտերով։ Պետք է քավոր կանգնեմ։ Ես գնամ, դու տիրություն արա էստեղ։

- Լավ, - ասում է մուկը։- Բարով գնաս։ Համով բան կլինի, ինձ էլ չմոռանաս։ Ես էլ դեմ չեմ լինի մի քիչ կարմիր քաղցր գինի կոնծելուն:

Բայց կատուն սուտ էր ասում։ Ոչ մորաքույր ուներ, ոչ էլ նրան կընունքի էին կանչել։ Նա ուղիղ գնում է եկեղեցի, ճարպով լի կճուճը հանում ու սկսում լպստել։ Լպստում է, լպստում էնքան, որ կճուճը կիսատվում է։ Հետո իր քեֆին ման է գալիս տանիքների վրա, աչք ածում շուրջը, պառկում արևի տակ ու, հիշելով կճուճի ճարպը, բեղերը սղալում։ Իրիկնադեմին տուն է գալիս։

- Եկա՞ր վերջապես, - ասում է մուկը, - երևի լավ ժամանակ անցկացրիր։

- Հա, ոչինչ, վատ չէր, - պատասխանում է կատուն։

- Երեխայի անունն ի՞նչ դրիք, - հարցնում է մուկը։

- Կիսատուկ, - սառը պատասխանում է կատուն։

- Կիսատո՞ւկ, - զարմանում է մուկը, - էդ ինչ տարօրինակ ու չլսված անուն է, մի՞թե ձեր տոհմի մեջ ընդունված է էդ անունը։

- Հապա ինչ ես կարծում, - պատասխանում է կատուն։ - Համենայն դեպս, լավ է, քան՝ Հացի փշրանք գողացող, ինչպես քո սանիկներին են անվանում։

Շուտով կատվի սիրտն էլի է ճարպ ուզում: Նա մկանն ասում է.

- Բարի եղիր, էս մի անգամն էլ մնա տանը, հետևիր տնտեսությանը, ինձ էլի կնունքի են հրավիրում։ Ոչ մի կերպ չեմ կարող մերժել, ախր ձագուկը ճերմակ օձիքավոր է ծնվել։

Բարի մուկը համաձայնում է։ Իսկ կատուն քաղաքի պարսպի վրայով հասնում է եկեղեցի ու կճուճում մնացած ճարպի կեսն էլ ուտում: «Մենակ ուտելուց համով բան չկա», — մտածում է նա ու շատ գոհ մնում իր բռնած գործից։

Երբ տուն է գալիս, մուկը հարցնում է.

- Հը՞, երեխայի անունն ի՞նչ դրիք։

- Միջնամասուկ, - պատասխանում է կատուն։

- Միջնամասո՞ւկ։ Կյանքումս առաջին անգամ եմ էդպիսի անուն լսում։ Գրազ կգամ, որ օրացույցում էլ գրված չի էդ անունը։

Շուտով կատուն նորից է հիշում համեղ պատառը։

- Լավ բանը երեք անգամից է լինում, - ասում է նա մկանը։ - Ստիպված եմ էլի քավոր կանգնել։ Ձագուկն ամբողջապէս սև է ծնվել, միայն թաթերն են ճերմակ, էլ ուրիշ ճերմակ տեղ չկա վրան։ Էդպիսի բան մի քանի տարին մեկ է պատահում, էս անգամ էլ թող գնամ կնունքի։

- Կիսատո՜ւկ, Միջնամասո՜ւկ, - ասում է մուկը։ - Ի՜նչ տարօրինակ անուններ են։ Զարմանալու բան է։

- Ախր ամբողջ օրը փրիսակե գորշ կապան հագիդ, մազերդ հյուս առած՝ տանը նստած ես։ Տնից դուրս ե՞ս գալիս, որ իմանաս ինչ կա-չկա աշխարհում։ Թողնեն միայն փնթփնթաս։

Կատուն գնում է, մուկը հավաքում, մաքրում է տունը, ամեն ինչ կարգի բերում։ Իսկ կատուն էդ ժամանակ ուտում է կճուճի մեջ մնացած ճարպը, մաքուր լպստում։ «Որ ուտում ես բոլորը, վերջացնում, սիրտդ հանգստանում է», — ասում է նա ինքն իրեն։ Տուն է գալիս ուշ երեկոյան՝ կերած ու կուշտ։ Մուկն անմիջապես հարցնում է.

- Էս երրորդի անո՞ւնն ինչ դրիք:

- Քեզ էդ անունն էլ դուր չի գա, - ասում է կատուն, - Կճուճքերանք դրինք։

- Կճուճքերա՜նք, - զարմանում է մուկը։ - Հը՜մ, զարմանք բան է: Ես դեռ ոչ մի տեղ չեմ լսել, որ էդ անունը լինի։ Կճուճքերա՜նք։ Տեսնես ինչ է նշանակում,- գլուխն օրորում է մուկը, գունդակծիկ դառնում ու քնում:

Դրանից հետո ոչ ոք այլևս կատվին կնունքի չի հրավիրում։ Ձմեռը վրա է հասնում, դուրսն այլևս ուտելիք չի ճարվում։ Մուկը հիշում է իրենց պաշարն ու ասում.

- Արի գնանք մեր ճարպի կճուճը բերենք, ա՛յ կատու, էլ ո՞ր օրվա համար ենք պահել

- Ինչ կա որ, - ասում է կատուն, - գնանք, դա օդ լպստելու նման մի բան կլինի։

Ճամփա են ընկնում: Հասնում են եկեղեցի, ինչ տեսնեն՝ կճուճը կա, ճարպը չկա, դատարկ է։

- Վա՜յ, - ասում է մուկը, - հիմա եմ տեսնում, թե ինչ պտուղն ես, հիմա եմ տեսնում հավատարմությունդ։ Դո՛ւ ես կերել բոլորը, և էն ժամանակ ես կերել, երբ կնունքի էիր գնում. նախ կիսատել ես, հետո միջնամասն ես կերել, հետո էլ...

- Ձենդ կտրի՛, - գոռում է կատուն։ - Որ մի խոսք էլ ասել ես` քեզ եմ ուտելու։

«Կճուճքերանք» բառը մկան լեզվի ծայրին էր մնացել, ու հենց որ բերանից դուրս է թռչում, կատուն վրա է հասնում, ուտում խեղճ մկանը։

Այ թե ինչպիսի՜ բաներ են լինում աշխարհում։