Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Զորս ըստ պատկերի քում ստեղծէր

Զորս ըստ պատկերի Քում ստեղծեր,
Նորոգելով Քեզ տաճարացուցեր,
Զնորոգեալս ի մէնջ զտաճարս
Ընկալ Քեզ ի բնակութիւն:

Որ շնորհես մեզ, կենաց տուող,
Զկենդանագիր քոյ ծառայական կերպի
Բերելով զբոլորից զվերաբերողդ
Ի փառս Սուրբ Երրորդութեանդ:

Արմենուհի Սեյրանյանի կատարմամբ միջնադարյան հայ հոգևոր «Զորս ըստ պատկերի քում ստեղծէր» երգն է՝ հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կազմում: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ:
Շարականի մասին տեղեկությունները վերցված են իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ հեռարձակվում է www.radiomariam.am կայքով:
Շարականի հեղինակն է Աշոտ Պատրիկ Բագրատունին:
Նրա ծննդյան թիվն անհայտ է: Հայաստանի կառավարիչ է եղել 685 թվականից՝ այս պաշտոնում հաջորդելով Գրիգոր Մամիկոնյանին: Աշոտ պատրիկ Բագրատունին, հայտնի է, որ ստանձնելով Հայաստանի կառավարչի պաշտոնը, իր եղբայր Սմբատին նշանակեց Հայոց զորքերի սպարապետ, ապա հաշտություն կնքեց արաբների հետ և խաղաղության պայմաններում երկրի մեջ ծավալեց շինարարական գործունեություն: Սակայն հաջորդ տարվա մեջ՝ 686-ին Հայքի վրա են հարձակվում բյուզանդական զորքերը, ինչի պատճառով Պատրիկի ուշադրությունն ու ջանքերը շինարարության ասպարեզից փոխադրվում են մարտի դաշտ: 689-ին Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս 2-րդը նվաճում է Հայքը, բայց պահպանում է Աշոտ Բագրատունու իշխանությունը և պատրիկական իրավունքները: Նույն թվականին երկիրն ասպատակում են արաբական զորքերը:
7-րդ դարի պատմիչ Ղևոնդը հայտնում է, որ Աշոտ պատրիկ Բագրատունին հարձակվում և ջախջախում է արաբական զորքերը՝ վանելով հայրենյաց սահմաններից դուրս: Սակայն այդ կռիվներում ինքը ևս ծանր վիրավորվում է, և նրան փոխադրում են հայրենի Դարույնք բերդաքաղաքը: Այստեղ էլ, տառապելով ծանր վերքերից, նա մահանում է և ամփոփվում իր նախնիների գերեզմանատանը:
Նա կառուցել է Դարույնքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և հեղինակել «Զորըս ըստ պատկերի քում ստեղծեր» շարականը: Դանիել Երաժիշտն այս շարականի մասին հայտնեց հետևյալը.
«Ըստ ավանդության ինքը եկեղեցին կառուցել է և այս շարականն էլ կամ ինքն է երգել, կամ հնչել է հենց եկեղեցու նավակատիքին:Սա խաչի վերացման, բարձրացման շարական է: Շատ ուսանելի է, որովհետև նա հայրենիքի զրահն է և հոգևոր մշակույթի պահապանը, մի ձեռքում սուր, մի ձեռքում խաչ ու գրիչ:
Շարականում ասվում է, որ մարդ ստեղծվել է Աստծու պատկերով: Այստեղ դիմելով Հիսուսին և ասելով «նորոգել», նկատի ունի հին, Ադամական մեղքով ախտահարված մարդը, որ նորոգելով «տաճարացուցեր», «քեզ տաճար դարձրիր» և Ադամական մեղքից ձերբազատեց մարդուն: Այսինքն մարդը դառնում է Սուրբ Հոգու բնակարան: Մյուս տան մեջ փառաբանում է Սուրբ Երրորդությունը»:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան