Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Ո՞ւր ես, մայր իմ

Ո՞ւր ես, Մայր իմ, քաղցր և անոյշ,
Սէր ծնողիդ զիս այրէ:
Լցան աչք իմ դառն արտասւօք,
Ոչ ոք ունիմ, որ սրբէ:
Ջուր խնդրեցի, քացախ արբի
Անօրինաց ձեռանէ:
Ազդ արարէք մօրն իմոյ,
Որ գայ կարօտն իւր առնէ.
Գուցէ երբեք յետոյ եկեալ
Եւ զիս մեռեալ գտանէ.
Ո'վ Մարիամ Մագդաղինէ
Եւ ազգակից Սողոմէ.
Վա'յ ինձ, Յիսուս Միածին
Որդի Արեգակն կորուսի.
Ո՞ւր ես, առաջ լոյս իմ
Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ.
Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ,
Առանց քեզի մնացի որբուկ.
Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք,
Ինձ հետ լացէք, ողբացէք:

Հայ հոգևոր միջնադարյան «Ո՞ւր ես, մայր իմ» երգն է՝ Արմենուհի Սեյրանյանի կատարմամբ՝ հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կազմում: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ:

Երգի մասին տեղեկությունները վերցված են իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ հեռարձակվում է www.radiomariam.am կայքով:

Շարականի հեղինակն անհայտ է: Երգում նկարագրվում է խաչին գամված Քրիստոսի ապրումները: Մեջբերեմ Հովհաննեսի ավետարանից այդ պահը նկարագրող հատվածը.

«Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, մորաքույրը՝ Կղէոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին: Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին»: Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»: Եւ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ:
Այնուհետև Հիսուս գիտենալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց՝ ծարավ եմ: Եւ այնտեղ քացախով լի մի աման կար. զինվորները լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին և այն դրին եղեգնի ծայրին ու մոտեցրին նրա բերանին: Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»: Եւ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց»:

Եւ այսպես, հայ անհայտ շարականագիրը ստեղծելով «Ո՞ւր ես, Մայր իմ» երգը, փորձում է մարդկայնորեն ցույց տալ Հիսուսի ապրումները, երբ նա ծարավ էր, և քացախ տվին, երբ չէր կարող աչքերից արտասուքը սրբել, և իր աչքի առաջ իր մայրը դաժան ապրումների միջով էր անցնում՝ հարազատ Որդուն տեսնելով խաչված:

Դանիել Երաժիշտը շարականի մասին խոսելիս ասաց.«Հռոմեացիք խաչով մահվան դատապարտվածներին մատուցում էին քացախ՝ իբր թե ցավերը մեղմացնելու համար: Ես չեմ հասկանում այս տեսակ մարդասիրությունը:
Առաջին երկու տան մեջ կարոտն է մոր հանդեպ, որ լիներ իր մոտ և աչքերը սրբեր, որովհետև իր ձեռքերը մեխված էին և չէր կարող արտասուքը սրբել: Եւ այդ պահն է, երբ ջուր է խնդրում ու քացախ են խմեցնում:

Սա համամարդկային հնչեղություն ունեցող երգ է: Ես, բազմաձայնելիս, հստակ պահպանելով մեղեդին և խոսքը, մյուս ձայներով մեկնաբանել եմ կարծես շարականում նկարագրվող իրադարձությունները, այլ ոչ միայն պարզապես հնչյունային խաղիկներ ստանալ եմ փորձել»:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան