Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

«Կյանքը, մեր ամենքիս կյանքը, այնքան է տևում, որքան մենք պլանավորում, բովանդակում ենք այն»

Հին տարի- կնշանակի ծերություն, անցյալ: Նոր տարի- կնշանակի երիտասարդություն, ապագա: Հին տարին- հուշեր են, մտքեր, փորձ, իմաստություն: Նոր տարին- գործ է, կյանք, հույս, վայելք: Սակայն հին տարին, նոր տարին՝ երկուսն էլ ժամանակ են:
Կյանքը- ամենաթանկը:
Սրենք մեր լսելիքը: Ահա ժամանակի գործիքը՝ ժամացույցը ձայներ է հանում: Ի՞նչ ձայներ են: Դա ժամանակի քայլերի ձայնն է: Դա ժամանակն է, գնում է: Գնում է և հետը տանում հենց մեր ամենաթանկը՝ կյանքը: Ժամանակը, որ կյանք է բերում, հենց ինքն էլ կյանք է տանում: Ներկան դարձնում է անցյալ, ապագան՝ ներկա: Օ, թանկագին երիտասարդներ, խորհեցեք այս մասին: Ժամանակը երիտասարդության գողն է: Գալիս մոտենում, վերցնում է ձեր կյանքը- ամենաթանկը և տանում: Զգույշ:
«Գիտենք,- կասեք,- ի՞նչ անենք: Կարելի՞ է արգելել: Կասեք՝ ժամանակը կարիք էլ չունի գողանալու, կարող է գալ, բացեիբաց վերցնել և տանել: Ժամանակը ամենակարող է, ամենաուժեղ, ամենաանխուսափելի»:
Մի ասեք, մի ասեք այդպես, սիրելի երիտասարդներ: Բնությունը հո ամեն բան մեզ թշնամի չի ստեղծել: Բնությունը մեզ բարեկամ շատ բան է ստեղծել: Բանականությունը, միտքը, զգացմունքը, կամքը, գիտակցությունը: Բնությունը մեզ կյանք է տվել և ասել է- ահա ձեզ մի հավերժություն: «Հավերժություն… կյանքը, մեր կյանքը հավե՞րժ է,- կասեք դուք,- ի՞նչ է մեր կյանքը, մի վայրկյան բնության մեջ»:
Կյանքը, մեր ամենքիս կյանքը, այնքան է տևում, որքան մենք պլանավորում, բովանդակում ենք այն: Ո՞վ է մեղավոր, եթե մենք արթուն ժամանակն անգամ քնած ենք, թմրած: Եթե մենք չենք մտածում, չենք ստեղծում, չենք արդյունավորում: Ո՞վ է մեղավոր, եթե մենք շռայլում ենք, ջրի պես թափում ենք մեր ժամանակ-կյանքը: Այսինքն, այնքան «կարճ» կյանքն անգամ, որ տվել է բնությունը, ինքներս դեն ենք ածում՝ իբրև փոշի, ավելորդ բան: «Քնածն ու մեռածը մեկ է»,- ասում է ժողովուրդը: Ապա թող զգոն լինենք, խորհենք, թե ինչ ենք, ինչ թանկ բան է ժամանակը և ապրենք սթափ, գիտակցական կյանքով… Մի մոռացեք, հիշեք շուտ-շուտ: Ժամանակը- կյանքը:

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Աղբյուր՝ Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ