Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Ֆլորա Մարտիրոսյան․ Կենսագրություն

Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյան (փետրվարի 5, 1957, Լենինական (այժմ՝ Գյումրի) - նոյեմբերի 20, 2012, Լոս-Անջելես), հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։

Կենսագրություն

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։

1973 թվականին նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թվականին ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թվականին նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։

1997 թվականին նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թվականներին նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։

2007 թվականին հիմնում է "Artists for Peace" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։

2011 թվականի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։

Ֆլորա Մարտիրոսյանի կենսագրությունը պատմում է՝ Նունե Ավետիսյանը