Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սուրբ Սիլուան Աֆոնցու աղոթքը մեզ անարգողների համար

Հոգին, եթե չաղոթի թշնամիների համար, չի կարող խաղաղություն վայելել: Աստծո
շնորհով աղոթել ուսած հոգին սիրում և կարեկցում է ամեն արարածի և մանավանդ՝
մարդու, հանուն որի խաչի վրա չարչարվեց Տերը և հոգով ցավ ապրեց բոլորիս համար:

Տերը սովորեցրեց ինձ սիրել թշնամիներին: Առանց երկնային շնորհի ի զորու չենք
սիրել թշնամիներին, սակայն Սուրբ Հոգին ուսուցանում է սիրել, այդժամ կխղճանք
անգամ խոնարհությունն ու սերն առ Աստված կորցրած դևերին:

Աղաչում եմ ձեզ, փորձե՛ք: Ով նախատում է ձեզ, կամ անարգում, կամ ինչ-որ բան
ձեզանից խլում, կամ էլ հալածում Եկեղեցին, աղոթե՛ք նրա համար Տիրոջը՝ ասելով.

«Տե՛ր, մենք բոլորս էլ Քո արարածներն ենք, ողորմի՛ր Քո ծառաներին և
ապաշխարության մղի՛ր նրանց», և այդժամ հոգումդ կզգաս շնորհի ներկայությունը:
Նախ՝ հարկադրի՛ր սիրտդ սիրել թշնամիներին, և Տերը, տեսնելով քո բարի բաղձանքը,
կօգնի քեզ ըստ ամենայնի. դու ինքդ փորձով կզգաս դա: Իսկ ով չար է խորհում ընդդեմ
թշնամիների, նրանում Աստծո սեր չկա. նա տակավին չի ճանաչել Աստծուն:

Եթե թշնամիների համար աղոթքի կանգնես, խաղաղություն կհանգրվանի քո մեջ, իսկ
երբ սիրես թշնամիներին, գիտցի՛ր, որ Աստծո շնորհը քո մեջ մեծ է, սակայն դեռ չեմ
ասում, թե կատարյալ է, այլ՝ բավարար ի փրկություն: Իսկ թե թշնամիներիդ վրա բերան
բացես, ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ այն, որ քո մեջ չար հոգի է ապրում և սրտիդ մեջ
չար խորհուրդներ սերմանում, քանզի ըստ տերունական խոսքի. «Սրտից են բխում չար
կամ բարի խորհուրդները» (հմմտ. Ղուկ. 6.45):

Բարի մարդը կարծում է, թե ճշմարտությունից շեղված ամեն մարդ կործանվում է,
ուստիև խղճում է նրան: Իսկ ով Սուրբ Հոգուց թշնամիներին սիրելու խրատ չի առել,
այդպիսին, իհարկե, թշնամիների համար աղոթք չի անի: Սուրբ Հոգուց թշնամիներին
սիրելու ուսածը ողջ կյանքում ցավ է ապրում փրկություն չփնտրող մարդկանց և շատ
արտասուք թափում ժողովրդի համար, և Աստծո շնորհը նրան ախոյաններին սիրելու
կարողություն է շնորհում:

Եթե սեր չկա մեջդ, գոնե մի՛ նախատիր և մի՛ անիծի՛ր նրանց. դա էլ արդեն քիչ չէ, իսկ
թե մեկը անիծում ու հայհոյում է, նրանում, պարզ է, չար ոգի է բնակվում, և նա, եթե
չապաշխարի, մահից հետո կհայտնվի այնտեղ, ուր չար ոգիներն են հանգրվանում: Թո՛ղ
Աստված փրկի ամենայն մարդու այսպիսի չարիքից:

Հասկացե՛ք: Դա այնքան դյուրին է: Խղճալի են մարդիկ, ովքեր Աստված չեն ճանաչում
կամ էլ գործում են ի հեճուկս Նրա. սիրտը ցավ է ապրում, իսկ աչքերից արցունքներ են
հեղվում նրանց համար: Մենք հստակ տեսնում ենք թե՛ դրախտը, թե՛ տառապանքը.
մենք դա Սուրբ Հոգով ենք ճանաչել: Ահա Տիրոջ խոսքը. «Աստծո արքայությունը ներսում,
ձեր մեջ է» (Ղուկ. 12.1): Ուրեմն, տակավին այստեղից է սկիզբ առնում անանց կյանքը,
ուրեմն, հավիտենական տառապանքն էլ է այստեղից սկսվում: