Այսպէս է ասում Տէրը. «Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք» (Իմաստ. Սողոմոնի 6:9-10)

Սեյրան Մալխասյան. Մենք

Մեզ սովորեցրին հինը մոռանալ,
Ջնջել պապերի ավանդույթները,
Անբարոյի դեմ դռները բանալ,
Եվ տես ու անտես հայհոյել մերը:

Մեր մեջ ցանեցին բարքերն օտարի
Ու մենք ընդառաջ ելանք գրկաբաց,
Բոլոր ցավերը տվին մեզ դարի,
Որ չչորանան մեր աչքերը թաց:

Մենք սովորեցինք քրտինք թափողից,
Փողը կորզելու բոլոր ձևերը,
Հարգել տգետին, վախենալ գողից,
Այլոց խորհրդով՝ կործանել մերը:

Մենք սովորեցինք անմիտ ու անհոգ՝
Դատարկ ուղեղով բուհն ավարտելը,
Ուժեղի առաջ` ներքուստ ատելով,
Ստորանալն ու շողոքորթելը:

Իրար խաբելն ենք սովորել արդեն,
Ամեն առիթով և ամեն վայրկյան,
Ձու գողացողին՝ ցմահ բանտարկել
Ու մարդասպանին՝ չհանել ական:

Անկոչ դրացու թելադրանքով՝
Մենք ընդունեցինք, որ փյունիկ ենք մենք,
Որ փառք է անդուլ ապրել տանջանքով`
Փլատակներից հառնելով մեկ-մեկ:

Մեզ սովորեցրին չհարգել իրար,
Ծուռ աչքով նայել մեր տուն դրախտին,
Պաշտել ուժեղի բարքերն անիրավ,
Երկրպագելով` հայհոյել բախտին:

Փութով յուրացրինք անկուշտ թալանը,
Ու ողորմություն մուրալն ուրիշից,
Արհամարհելով մեր գործն ու բանը`
Երանության մեջ ընկնել վերհուշից:

Մեզ սովորեցրին չհիշել վա՛ղը,
Ապրել կարճատես ա՛յս ակնթարթով,
Մոռանալ ի՞նչ են մուրճն ու մանգաղը
Եվ փողոց ու բակ հեղեղել լաթով:

Մեզ ստիպեցին դառնալ անճաշակ,
Ատել ազգայինն ու դասականը,
Սիրել երգերը խորթ ու անմշակ,
Ու կուռք դարձնել անասնականը:

Եվ չոր հողի պես, սպունգի նման,
Մենք կլանեցինք ինչ օտար էր մեզ,
Օտար գեները մեր գե՛նը տարան,
Ու դարձանք նրանց հպատակը հեզ:

Մեր բարությունը լուռ անհետանում
Ու վերածվում է դաժան բարքերի,
Մենք` հասկանալով մեզ ուր են տանում,
Տեղի ենք տալիս այլոց ջանքերին:

Վաղն ու՞ր կլինենք, հայտնի չէ վաղուց,
Վաղու՜ց անհայտ է մեր ուզեցածը,
Մեր հացխմորը թողնելով անհունց,
Գնում, թխում ենք ուրիշի հացը:

Ի՞նչ սովորեցրին, դեռ չենք ըմբռնել,
Դեռ ենթարկվում ենք հլու՜, հնազանդ,
Ա՜խ, մեկը լինե՛ր, մեր ձեռքը բռնե՛ր
Ու տար Արթնացմա՛ն հզոր համազարկ:

Մենք ի՞նչ ցանեցինք, որ ի՞նչ սպասենք,
Ում բարձրացնու՛մ ենք, ներքև չի՛ նայում,
Փորձությունները չեն դառնում դասեր,
Դիպվածն է տերը մեր խենթ աշխարհում: