Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Աբգար Օրբելու նամակը որդուն՝ Ռուբեն Օրբելուն

Աբգար Օրբելին թոռան՝ Ռուսուդան Ռուբենի Օրբելու հետ

Թիֆլիս13 հունվարի 1899թ.

Ռուբենիկ ջան. Վաղուց է, չեմ տեսել քեզ և ոչ էլ խոսել հետդ, շատ եմ կարոտել քեզ, տարբեր հանգամանքներ և իմ ընդհանուր գրգռվածությունը խանգարում են ինձ հանգիստ նստել և խոսել քեզ հետ, ես միայն հասցնում եմ ժամանակին հոգալ քո նյութական կարիքները: Նամակներդ ու դիմանկարդ ստացա, շատ ուրախ եմ ու հանգիստ, որ դու առողջ ես և կարողանում ես ինքնուրույն գլուխդ պահել ու զբաղվել քո գործերով: Այդպես էլ շարունակիր, որ ես քո մասին լավը լսելով կարողանամ քեզ ոտքի կանգնեցնել ու հասցնել քեզ քո նպատակին` դա է իմ բաղձանքն ու միակ մխիթարանքը: Դիմանկարդ շատ կենդանի է, բայց դեմքդ խիստ բարկացած, այդ աոումով քո աոաջին դիմանկարն ինձ ավելի դուր եկավ: Հանգիստ եղիր, որովհետև այդ աոաջին և անշուշտ պայմանն է, որ մտավոր պարապմունքներդ արդյունավետ լինեն, դու ոչ մի պատճառ չունես անհանգիստ և բարկացած լինելու: Այժմ քո ոսկի և ամենաերջանիկ ժամանակն է: Եթե դու հիմա չլինես երջանիկ, հանգիստ, թարմ և ուրախ, ապա էլ երբ և ինչ դուրս կգա քեզնից: Ես չեմ կարծում, որ դու իրականում այդպիսի տեսք ունենաս, երևի Սերյոժան է թանձրացրել ներկերը, բայց, այնուամենայնիվ, կհայտնես նրան իմ շնորհակալությունն ու սիրո ողջույնը: Երեկ հեռագրով փոխանցել եմ 50 ռուբլի, համալսարանի վարձը: Կարծում եմ, որ բավական կլինի, ուզում էի ուղարկել փոստով, բայց վախեցա, որ ուշ լինի և դու նեղություն կկրես: Այս անգամ այսպես թող լինի, իսկ հետագայում զգուշացրու ինձ, որ ժամանակին ուղարկեմ: Եթե ուղարկածս պակասություն անի, կարող ես Պավել Սեմյոնովիչից վերցնել և ինձ այդ մասին գրել: Մենք, բոլորս առողջ ենք և համբուրում ենք քեզ: Պապդ լավ է և ուրախ: Մեր պառավիկը հազիվ հազ է ոտքի վրա կանգնում և երևի մոռացել է ժամանակի մասին, շուտով կգնա այն աշխարհ: Անընդհատ քեզ է օրհնում և անհանգստանում, որ չունի մեկը, ով քեզ նամակ գրի: Քանի անգամ դիմել է մորդ և հորաքրոջդ, որ քեզ իր անունից նամակ գրեն, ուստի այս տողերով ես կատարում եմ նրա խնդրանքը: Արդյոք կարողացա՞ր այս տոներից օգուտ քաղել: Ի՞նչ կարդացիր և ուսումնասրեցիր, գնացի՞ր գրադարան, թե՞ ազատ օրերդ իզուր անցկացրիր ու մի լավ տոն սարքեցիր քեզ համար: Ես քեզ այստեղ մտածված չկանչեցի, որպեսզի դու այդ տոները ավելի արդյունավետ անցկացնես: Ողջ մեր ընտանիքի կողմից հայտնիր Պավել Սեմյոնովիչին և Մարիա Սեմյոնովնային մեր սիրո ողջույնները և շնորհակալություները, որ քեզ այդքան ազատություն են տալիս ու թույլատրում, որ քո ընկերներին հրավիրես: Այդ մեծ սիրո ու հարգանքի նշան է նրանց կողմից, և դու պետք է գնահատես ու զգույշ լինես, որ քո բերած անձիք արժանի լինեն դրան, և դու չկարմրես նրանց պատճառով: Ինչպես ես տեսնում եմ Պավել Սեմյոնովիչի հետ դու պետք է դիվանագիտություն բանեցնես և հետը բարեկամական հարաբերություններ պահպանես ու չվիրավորես: Քույրերը կարող են իրենց ազատ պահել և միշտ միմյանց հետ կհաշտվեն: Իսկ քո դրությունն ուրիշ է, ուստի զգույշ պիտի լինես, որ հարաբերություններդ չփչացնես: Իմ անունից կողջունես Պավել Սեմյոնովիչին և Սուսաննային, ցանկացիր նրանց երկար կյանք և հաջողություն գործերում: Նույնպես և Չերնիկովին, որի հետ կուզեի հարաբերություններդ պահպանեիր: Այս օրերս Պ.Սալամբեկյանը, որը եկել էր իր կնոջ հետ Մոսկվայից այցելության, վերադարձավ Ռուսաստան, հետը տարավ Մարգարիտին` երաժշտական կրթություն տալու համար: Մեզ հետ ամուսինները բարեկամացան և խնդրեցին , քեզ գրենք, որ դու գնաս իրենց մոտ, ծանոթանաս և այլն: Մայրդ էլ <<նաղդ մանեթով>> ընդունեց այդ խնդրանքը, և կարծեմ թե արդեն գրել է քեզ, որ գնաս իրենց մոտ և ծանոթանաս: Ես ո՛չ ծանոթանալուն, ո՛չ էլ բարեկամանալուն դեմ չեմ, բայց չլինի՞ թե հետին մտքեր ունենան և օգտվեն քո միամտությունից ու երտասարդ լինելուց և չլինի՞ թե փորձանք բերեն քո գլխին: Ես իմ պարտքն եմ համարում իբրև հայր քեզ զգուշացնել, հասկացիր իմ այս կարճ տողերը, զգույշ եղիր նրանց և նրանց նմաններից: Դրանց նմաններից կարելի է սպասել ամեն տեսակի փորձանք և տհաճություն, որ նույնիսկ չես էլ կարող երևակայել, որն ամբողջ կյանքդ կթունավորի և մեր ընտանիքի կործանման պատճառը կդառնա: Մնացածը ինքդ հասկացիր, մտածիր, գլուխդ պահիր ու պահպանիր, որովհետև ուրիշ հոգացող չունես, և ես էլ անզոր եմ քեզ պահելու նման փորձանքներից: Եվ թող ուրիշներն ու հանգամանքները չշեղեն քեզ ճիշտ ճանապարհից: Մնացածը կախված է քո մարդկայնությունից, քո խելքից, բանականությունից և ազնվությունից, այդ է պահանջում քո ընտանիքը` ծնողներդ, եղբայրներդ և հասարակությունը նույնպես, որին դու պետք է ծառայես: Այս տողերս հասցեագրված են միայն քեզ, դու դրանք ուշադիր կարդա և հիշիր, ընդահանուր նամակում այդ մասին ոչինչ չգրես, որպեսզի անախորժություն դուրս չգա: Սրա մասին գիտենք ես և դու, ուրիշ ոչ ոք:

Քո հայր` Օրբելյան

Ռուբենիկ ջան, փողի վերաբերյալ…. գրում ես, որ շատ ես ծախսում, հարկավոր է սահմանափակել, ուրախ եմ, որ հասկանում ես, բայց ավելի ուրախ կլինեմ, որ հասկացածդ կարողանաս իրականացնել: Դու շատ լավ գիտես, որ ես հոգիս էլ չեմ խնայի քո համար, ուր մնաց փողը: Եվ ինչքան ուժ ու կարողություն ունեմ, ամեն բան կանեմ քեզ համար: Ես հենց այնպես չեմ գրում այս տողերը: Դրա հետ մեկտեղ դու լավ պիտի իմանաս, որ փողը այնպիսի բան է, որի մասին պետք է ճիշտ կարծիք ունենալ և ինչպես հարկն է ` վարվել: Փող ծախսելը չափ ու սահման չունի, և շատ հեշտ է կորցնել նրա հաշիվը, ու ողորմելի է այն մարդը, որն ինչքան էլ փող ունենա, միշտ փողի կարիք կունենա և միշտ կլինի դժգոհ ու նրա հետ մշտապես կարող է դժբախտություն պատահել: Դրա համար երիտասարդ տարիներից, եթե դու չսովորես զսպել և սահմանափակել քեզ, բավարարվել քչով, հետո դժվար կլինի, և դու կլինես ամենադժբախտ մարդը, քանզի փողը պահանջում է խնայողություն, չափի զգացում, յուրօրինակ խիստ կարգապահություն ցանկությունների մեջ: Երբ դու հասկանաս և ընդունես իմ ասածն ու գրածը, ես մեծ բավականությամբ կուղարկեմ քո խնդրած գումարը` լինելով վստահ, որ դու անտեղի չես ծախսում իմ աշխատածը: Իմ միակ ցանկությունն է ու պահանջը, որ դու ունենաս ամեն ինչ և ճիշտ ժամանակին, որ քո ամեն կարիքները նախատեսած լինեն ու հաշված: Կրկնում եմ, չկարծես խնայում եմ ու հանդիմանում քեզ: Ես քո լավության համար եմ գրում և խնդրում, որ փողի հետ զգույշ վարվես: Էլ ուրիշ ինչ գրեմ, ստացա՞ր դու պատի օրացույցը և Մակարովի միջոցով ուղարկված 15 շիշ գինին: Ես դա ուղարկել եմ ն րա համար, որ դու օրը մեկ գավաթ գինի խմես: Երբ վերջանա, գրիր, նորից կուղարկեմ: Բայց դու ոչինչ չես գրել գինու մասին, թութունը ձեռնտու չէ փոստով ուղարկել, խելամիտ չէ, քանի որ մեկ ծանրոցի համար պետք է վճարել 45 կոպ.: Ավելի լավ է այդ նույն թութունը դու վերցնես Սմիռնովից: Փողը կուղարկեմ: Ցտեսություն, եղիր առողջ, զվարթ և ուրախ: Գործիր նվիրվածությամբ և սիրով: Խնայիր ժամանակդ և գնահատիր առողջությունդ ու երիտասարդությունդ: Այսօր բավական է:

Քեզ սիրող, քո հայր` Ա.Օրբելի:

P.S. Քո նամակները կեղտոտ են և շատ անգամ դժվար ընթերցելի, աշխատիր գրել մաքուր, այդպես չի կարելի:

Աղբյուր՝ Orbelimuseum.am