Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Ռազմիկ Դավոյան․ Զղջում

 

Ես այս ի՞նչ արի,
ես այս ի՞նչ արի.-
ես հանկարծ հագա պատկերը չարի
եւ բարձրացրի ձայնս քո վրա,
եւ հետո դարձա մեղկ ու խղճալի.-
զավակս, անուշ բուրմունքը սրտիս,
շքեղ ծաղկումը տոհմիս հանճարի,
իմ ամենօրյա հրավառություն,
հոգուս սփոփանք, սրտիս բարություն,
անարդար կյանքիս մեծ արդարություն,
իմ հավատի սյուն, իմ կյանքի պատգամ,
իմ հերոսության խենթ վկայական,
ապրելու կորով իմ տիտանական,
ամենաշքեղ ջահն իմ տաճարի,
ես իմ դիվային ձայնի դղիրդով
փշրեցի լույսը քո քրքջալի.-
ես այս ի՞նչ արի,
ես այս ի՞նչ արի:

...Օ՜, նորոգվելու շնորհ երկնային.-
իմ տառապանքի այդ մթին պահին
քո մատղաշ հոգու լույսը նորոգվեց,
եւ քեզնից լույսի մի հեղեղ պոկվեց,
պոկվեց ու ցրվեց մռայլս իսպառ.-
արհամարհելով զղջման խոսք ու բառ,
մեր մեջ բարձրացող պատնեշը հալեց
եւ կրկին սրտիս մեջ գահակալեց:

Ես արձագանքն եմ քո մեծ բարության,
ես արձագանքն եմ քո արդարության,
ես՝ իմաստության ճորտս մեկուսի.
լոկ արտացոլքն եմ քո շքեղ լույսի.-
քանի որ այն, ինչ ժառանգել եմ ես
քո բազմաբազում ապուպապերից
եւ տոհմիդ բոլոր վսեմ կապերից,
ողջն անմնացորդ նվիրել եմ քեզ: