Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Նարո ջան

Նարո, Նարո, Նարո ջան,
Նարո, Նարո, Նարո ջան:

Նարո, Նարո, Նարո ջան,
Նարո, ծամերդ են մարջան:
Յարո, յարո, յարո ջան,
Ելնեմ սարերը սեյրան :

Անուշ ձենով ջան աղջիկ
Նարո, Նարո, Նարո ջա՜ն,
Քո խերն ասա՝ քի տա զիկ
Նարո, ծամերդ են մարջան:

Նարո, Նարո, Նարո ջան,
Ձենովդ արիր ինձ վերան :

Իմ խեր զի թանկ կը պախե,
Նարո, Նարո, Նարո ջան,
Տայմա մարդու չի ծախե,
Նարո ծամերդ են մարջան:

Յարո, յարո, յարո ջան,
Ելնենք սարերը սեյրան:

Սեյրան - թուրքերեն «նայել», «զննել» բառից, որ հայերենում
վերաիմաստավորվելով նշանակում է «զվարճավայր»,
«զբոսատեղի»:
Վերան - ավերակ:
Տայմա - միշտ, սովորաբար: Այստեղ՝ ամեն մարդու կամ
սովորական մարդու:

Երգի խոսքերը տրամադրեց «Գեղարդ» երգեցիկ խմբի խմբավար Անահիտ Պապայանը:

Նարո ջան» երգը գրի է առել ու մշակել Կոմիտասի աշակերտ Բարսեղ Կանաչյանը: Կատարում է Երևանի պետական կամերային երգչախումբը: Խմբավար՝ Հարություն Թոփիկյան:
Երգի նկարագիրը վերցված է իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ հեռարձակվում է http://radiomariam.am/ կայքով:
Այն սիրահար տղայի ու աղջկա զուգերգ է: Նախ երգում է աղջիկը՝ Նարոն, ասելով, որ ելնում է սարերը զբոսնելու: Նրա քաղցրիկ ձայնը լսում է տղան ու ձայն տալիս մարջանագույն ծամերով նարոյին: Նա, կարծես, ուզում աղջկա հետ բարձրանալ սարը, և միասին զբոսնեն, ուրախ ու զվարթ զրուցեն, չէ՞ որ ինքը կարոտել է աղջկա անուշ ձայնը, որի ելևէջները կարծես ավերել են իր սիրտը: Եվ խնդրում է Նարոյին, որ վերջինս խոսի իր հոր հետ, որպեսզի նա համաձայնվի իրենց ամուսնությանը:
Աղջիկը հայտնում է, որ հայրն իրեն շատ թանկ է պահել և սովորական մեկին չի տա կնության:
Սակայն տղան հույսը չի կտրում, և դարձյալ խնդրում է Նարոյին՝ իր հետ սարերը բարձրանա, որպեսզի զրուցեն կողմնակի աչքից հեռու: Գուցե կարողանա աղջկան ցույց տալ իր տառապանքի մեծությունը, որին ամեն մարդ չէր դիմանա, և վստահեցնել, որ միշտ նրա հոր հոգատարությանը համարժեք վերաբերմունքով ու սիրով կվերաբերվի Նարոյին: Եվ, ինչպես երևում է, Նարոն համաձայնում է զրուցել տղայի հետ և միասին բարձրանում են սարերը՝ զբոսնելու: Հուսանք, որ սիրահարները կհասկանան միմյանց և ոչինչ չի խանգարի նրանց միությանը:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան