Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Աթանաս Ալեքսանդրացի

Աթանաս Ալեքսանդրացի (հուն․՝ Ἀθανάσιος, Athanásios, նաև՝ սուրբ Աթանաս Մեծ, 295 կամ 296, Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ - մայիսի 2, 373, Ալեքսանդրիա, Արևելքի թեմ, Արևելքի պրեֆեկտուրա, Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ), ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից, Հայ առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով (տես Եկեղեցու հայրեր), Ալեքսանդրիայի պատրիարք (326 թվականից):

Կյանք և գործունեություն

Սերել է հույն քրիստոնյա ընտանիքից: Լինելով տակավին սարկավագ՝ Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325) լուրջ հակահարված է հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին: Այնուհետև՝ իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը: Անզիջում ու հետևողական պայքարի համար հալածվել է արիոսական իշխանավորներից և իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացրել աքսորում: Եկեղեցաքաղաքական, դավանական հակամարտությունների այդ մթնոլորտում նրա աշխատությունները, բնականաբար, ունեցել են տեսական, աստվածաբանական ուղղվածություն:

Ստեղծագործություն

Աթանաս Ալեքսանդրացու մատենագրական վաստակը սերտորեն առնչվել է Նիկիական հանգանակի պաշտպանության և հերետիկոսների դեմ մղված պայքարի հետ: Մատենագրական գործունեության վաղ շրջանում (317-319) գրել է «Երկու ճառ ընդդեմ հեթանոսների» ջատագովական բնույթի աշխատությունը: Առաջինում ապացուցել է հեթանոսության կեղծ էությունը և նախանշել ինքնազննման, արտաքին աշխարհի գեղեցկության ընկալման միջոցով Աստծո և Բանի ճանաչողությանը հասնելու ճանապարհը: Երկրորդ ճառում բացահայտել է Բանի մարմնավորման ճշմարտությունն ու իմաստը, դա հիմնավորել մարգարեությունների կատարման իրողությամբ և քրիստոնյա աշխարհի հոգևոր նվաճումների արձանագրումով:

Աթանաս Ալեքսանդրացու իր դավանական-հակաճառական երկերի մեծ մասը շարադրել է աքսորավայրում (356-362): Հատկանշական են հատկապես արիոսականների դեմ գրած երեք ճառերը: Դրանցում հեղինակը ժխտել է արիոսականների տրամաբանական և մեկնաբանական փաստարկները, բացատրել աստվածային համագոյության իմաստը:

Աթանաս Ալեքսանդրացու ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման համար խիստ արժեքավոր են նրա Զատկական նամակները. հունական բնագրից մեզ են հասել առանձին փշրանքներ, սակայն պահպանվել է դրանց ասորական թարգմանությունը: Աթանաս Ալեքսանդացրու հեղինակել է Անտոն Անապատականի (250-356) վարքը (մոտ 356-357 թվականներին), նրա կերպարը ներկայացրել իբրև ճգնական նվիրումի չափօրինակ: Երկը զգալի ազդեցություն է գործել սրբախոսական գրականության վրա: Հայերեն է թարգմանվել 5 դարում:

Աթանաս Ալեքսանդրացու հնում հայտնի սուրբգրային բազմաթիվ մեկնություններից մեզ են հասել սաղմոսների, Մատթեոսի և Ղուկասի Ավետարանների մեկնության լոկ առանձին հատվածներ և Սարգիս Կունդի (12-րդ դար) Կաթողիկե թղթերի խմբագիր մեկնության մեջ կարևոր տեղ զբաղեցնող աթանասյան ընդարձակ հատվածները, որոնք հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ: Աթանաս Ալեսանդրացին գրել է նաև կանոններ, Պատարագամատույց, ներբողներ, խրատներ, աստվածաբանական, քրիստոսաբանական, ջատագովական և հակաճառական բնույթի բազմաթիվ թղթեր:

Աթանաս Ալեքսանդրացուն իրավամբ անվանել են «սիւն եկեղեցւոյ» և «սիւն հաւատոյ»: Քրիստոնեական մտքի պատմության մեջ նրա երրորդաբանական և քրիստոսաբանական ուսմունքն անգերազանցելի ապացույցն է Ընդհանրական եկեղեցու հնագույն ավանդության, ուսուցման և հավատքի: Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի ամենակարկառուն ներկայացուցչի՝ Աթանաս Ալեքսանդրացու քրիստոսաբանությունը ուղենիշ է հանդիսացել հետագայում Անտիոքի դպրոցի դեմ մղված պայքարում և հակաքաղկեդոնական վեճերի շրջանում: Մեծ է եղել նրա ուսմունքի ազդեցությունն արևելաքրիստոնեական, այդ թվում՝ Հայ եկեղեցու աստվածաբան-դավանաբանական մտքի վրա:

Աթանաս Ալեքսանդրացու աշխատությունների զգալի մասը հայացվել է 5 դարից՝ թարգմանիչ հայրերի, իսկ մյուս մասը 8-րդ դարից՝ Ստեփանոս Սյունեցու ջանքերով: Թարգմանված առավել կարևոր երկերից են՝ «Յաղագս ամենասուրբ Երրորդութեան», «Ի Հոգին Աստուծոյ», «Յաղագս մարմնաւորութեանն Որդւոյն եւ Սրբոյ Երրորդութեանն», «Յաղագս փրկական յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդդեմ Մարկիոնի», «Ի ծնունդն Քրիստոսի» ևն:

Աթանաս Ալեքսանդրացու գործերի հայերեն թարգմանությունների մի մասը (ճառեր, թղթեր, մեկնություններ ևն) հրատարակվել է 1899 թվականին, տարբեր աշխատություններից հատվածներ և վկայություններ՝ «Կնիք հաւատոյ» ժողովածուում: Նրա երկերը բացառիկ կարևոր դեր են կատարել Հայ եկեղեցու որդեգրած դավանական դրության, մասնավորապես քրիստոսաբանության և երրորդաբանության մեջ: Ուստի և նրա մատենագրության տարբեր հատվածներ լայնորեն վկայակոչվել են հայ դավանաբանական գրականության մեջ («Կնիք հաւատոյ», «Արմատ հաւատոյ», Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն», Պողոս Տարոնեցու «Ընդդեմ Թեոփիստեայ հոռոմ փիլիսոփայի» ևն): Իր ուրույն տեղն ունի նաև հայ մեկնաբանական գրականության մեջ:

Հիշատակ

Հայ եկեղեցին Սուրբ Աթանաս Ալեքսանդրացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարին և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ:

Հիմնական աշխատություններ

«Երկու ճառ ընդդեմ հեթանոսների» (317-319)։
Անտոն Անապատականի վարքը (մոտ 356-357)
«Յաղագս ամենասուրբ Երրորդութեան»,
«Ի Հոգին Աստուծոյ»,
«Յաղագս մարմնաւորութեանն Որդւոյն և Սրբոյ Երրորդութեանն»,
«Յաղագս փրկական յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդդեմ Մարկիոնի»,
«Ի ծնունդն Քրիստոսի»