Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Ո՜վ զարմանալի

Ով զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ.
Արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ:
Կամէր մկրտիլ ի ծառայէն յիւրմէ.
Չառնոյր Կարապետն զմկրտելն ի յանձն:
Գետ, մի զարհուրիր, քո Արարիչն եմ ես.
Եկեալ մկրտիմ եւ լւանամ զմեղս:

12-րդ դարի հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու (1093-1166) «Ո՜վ զարմանալի» շարականն է, որ երգվում է ջրօրհնեքի ժամանկ: Երգում է Վարուժան Մարգարյանը: Երգեհոնահար՝ Վաչե Շարաֆյան:

Գրիգոր Պահլավունին ծնվել է 1093 թվականին Կիլիկիայի Հայկական թագավորության Տլուք գավառի Ծովք դղյակում: Ավագ եղբայրն է Ներսես Շնորհալու, որը ավելի ուշ հաջորդեց նրան կաթողիկոսական գահին: Նրանց հայրը եղել է իշխան Ապիրատ Պահլավունին:
Հետաքրքիր հանգամանքների բերումով Գրիգոր Գ Պահլավունին հայրապետական աթոռին է բազմել դեռահասության տարիներից: Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը 1081 թվականին կաթողիկոս էր ձեռնադրել իր և Ապիրատ Պահլավունու քրոջ որդուն՝ Բարսեղ Ա Վկայասերին, որը, ըստ կարգի, Վկայասերի օրինական աթոռակիցն էր: Վերջինս նաև կտակել էր, որ Բարսեղ Ա-ի մահից հետո հայրապետական աթոռին պետք է բազմի Ապիրատ իշխանի ավագ որդին՝ Գրիգորը: Աթոռակալելով 1105 թվականին, որոշ ժամանակ անց Բարսեղ Ա Անեցին եպիսկոպոս ձեռնադրեց Գրիգոր Պահլավունուն՝ այդպիսով առավել մեծ ուժ հաղորդելով կտակին: Բայց ոչ մեկի մտքով չէր անցնում, որ 1113 թվականին Բարսեղ Ա-ի անսպասելի մահով Գրիգոր Պահլավունին հայրապետական աթոռին կբազմեր այդքան փոքր տարիքում. նա ընդամենը քսան տարեկան էր, իսկ պատմիչ Սամվել Անեցու հաղորդմամբ՝ նույնիսկ տասնհինգ: Եվ չնայած դրան, Կիլիկիայում ոչ ոք չընդդիմացավ, քանի որ նախ հասարակության մեջ խորապես ընդունված էր հայրապետական աթոռի ժառանգաբար փոխանցման գաղափարը, և երկրորդ՝ կողմ էին նաև ժամանակի ազդեցիկ իշխանները՝ Գող Վասիլը և Թորոս Ռուբինյանը: Այդպես, կաթողիկոսանիստ Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքում հրավիրվում է եպիսկոպոսների ու եկեղեցու հայրերի ժողով, որտեղ Գրիգորը ձեռնադրվում է կաթողիկոս:
Սակայն դժգոհություն էր ծագել բուն Հայքի Վասպուրականի աշխարհում, որտեղ Աղթամարի եպիսկոպոս Դավիթ Թոռնիկյանը, նորընծա կաթողիկոսի տղայական տարիքն արհամարհելով, իրեն հռչակում է կաթողիկոս:
Հայրապետական գործերը կարգավորելիս դեռ փոքրուց նրան օգնել է կրտսեր եղբայրը՝ Ներսեսը, որն այդպիսով մեծ փորձ ձեռք բերեց՝ հետագայում աթոռակալելու համար: Ներքին այս հակասություններին գումարվում էր նաև խաչակրաց արշավանքը, բայց Գրիգոր Գ Պահլավունուն հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել խաչակիրների հետ: Սակայն 1116 թ. Ուռհայի խաչակիր կոմս Բոլդվին դը Բորկը խաբեությամբ ձերբակալում է Վասիլ Կամսարական իշխանին և նրան ստիպում իրեն զիջել բոլոր տիրույթները։ Այսպիսով Քեսունը հայտնվում է խաչակիրների իշխանության տակ և Հայոց Հայրապետական աթոռը, որը գտնվում էր Քեսունի՝ Շուղրի Կարմիր վանքում, զրկվում է իր ապահովությունից։ Այդ պատճառով էլ Գրիգոր Գ Պահլավունին Հայրապետական աթոռը տեղափոխում է իր հայրական Ծովք դղյակը, որի տերը նրա Վասիլ եղբայրն էր։ Այդ տարիներին Հայ Եկեղեցին իր պատմության մեջ առաջին անգամ հարաբերության մեջ է մտնում Հռոմեական Եկեղեցու հետ։ Իննովկենտիոս Բ պապը մի նամակ է գրում Հայոց Կաթողիկոսին, որտեղ հաստատելով Հայ Եկեղեցու ուղղափառությունը՝ երկու Եկեղեցիների կատարյալ միության համար առաջարկում է հետևյալ երեք կետերի ընդունումը Հայոց Եկեղեցու կողմից.

ա. Հռոմի Եկեղեցու գերագահ դերի ընդունումը։
բ. Հաղորդության Սբ. Բաժակին ջուր խառնելը։
գ. Քրիստոսի Ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելը։

Իննովկենտիոս պապը Հայոց Կաթողիկոսին է ուղարկում նաև հայրապետական քող և գավազան։ Թե ինչ զարգացում են ունեցել այս դեպքերը, հայտնի չէ։ Հիշվում է միայն, որ մի քանի տարի անց՝ 1145 թ., Գրիգոր Գ Պահլավունին մի պատգամավորություն է ուղարկում Եվգենիոս Գ պապի (1145-1153 թթ.) մոտ՝ քաղաքական օգնություն խնդրելու։ Սակայն օգնության փոխարեն պապը կրկին առաջարկում է Հայ Եկեղեցուն ընդունել վերոնշյալ երեք կետերը։
1149 թ. քաղաքական անբարենպաստ իրավիճակի պատճառով Գրիգոր Գ Պահլավունին ստիպված է լինում Հայոց Հայրապետական աթոռը Ծովքից տեղափոխել Հռոմկլա անառիկ ամրոցը:
Իր կաթողիկոսության վերջին տարիներին՝ Գրիգոր Գ Պահլավունին տկարացել էր, և կաթողիկոսական բոլոր գործերը վարում էր Ներսես Շնորհալին։ 1166 թ. սկզբներին Գրիգոր Կաթողիկոսի վիճակն ավելի վատացավ և նա, զգալով իր մոտալուտ վախճանը, Հռոմկլայում ժողով է գումարում, որն աթոռակից կաթողիկոս է ընտրում Ներսես Շնորհալուն։ Նրա կաթողիկոսական օծումը տեղի է ունենում 1166 թ. ապրիլի 17-ին՝ Ծաղկազարդի օրը։ Աթոռակից կաթողիկոսի ձեռնադրությունից երեք ամիս անց Գրիգոր Գ Պահլավունին կնքում է իր մահկանացուն։
Գրիգոր Գ Պահլավունին հայտնի է իր գրական գործունեությամբ։ Գրել է բազմաթիվ շարականներ ու տաղեր։ Նրա գրչին են պատկանում Շարակնոցի Աստվածածնի Ավետյաց «Խորհուրդ անճառ» և Երկրորդ Ծաղկազարդի «Մեծահրաշ այս խորհուրդ» կանոնները, ինչպես նաև Գանձարանի Գրիգոր Ա Լուսավորչին նվիրված «Ի յելս արևու արև ծագեցաւ մեզ արևմտից» և Ջրօրհնեքի «Ով զարմանալի» շարականները։ Վերջինը, որ մեզ է հասել մեղեդիով հանդերձ, հայ տաղերգության գոհարներից է՝ օժտված երաժշտաբանաստեղծական բացառիկ արժանիքներով, որտեղ դրսևորվել են կիլիկյան երգարվեստի բնորոշ առանձնահատկությունները։
Շարականում ասվում է, որ զարմանալի մի խորհուրդ ունի այն պահը, երբ ամեն ինչի արարիչ Աստված եկել էր Հորդանան գետը և կամենում էր մկրտվել: Իսկ Հովհաննես Մկրտիչը չէր ուզում հանձն առնել:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան