Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Խաչի Դաշտենց. Տան հիմքը

Աչքդ ուշադիր կտուրիդ պահիր,
Բայց եթե հողմը քո ծածկը տանի,
Հոգ չէ՛, կշինես մի ամուր տանիք՝
Տան հիմքը պատն է, դու հիմքիդ նայիր:

Քո միջնասյունին աչքդ պահիր դու.
Բայց եթե բուքը դուռդ սասանի,
Հոգ չէ՛, կշինես մի նոր ամուր դուռ՝
Պատիվը շեմքն է, դու շեմքիդ նայիր:

Իսկ եթե ընկան քո պատն ու սյունը`
Էլ քո տանիքին մի նայիր իզուր -
Քանդվեց ուրեմն քո ամբողջ տունը.
Տունը հաստատ է, երբ հիմքն է ամուր:

Աչքդ միշտ արթուն տան հիմքիդ պահիր,
Որ քո երկիրը մնա ամրակուռ,
Քո հայրենիքն է հիմքերի հիմքը`
Քո ուշքն ու միտքը հայրենիքիդ տուր:

1962