Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Ռուբեն Որբերյան. Երեք ծաղիկներ

Աղվոր գիշեր մ'ուր կը զեղու հոգին՝
Ցորեններու մեջ՝ կապտածաղիկին
Համբու՜յր մը տվի, համբույր ջերմագին,
Ո՜վ դուք որ կանցնիք, քաղեցի՞ք դուք զայն։

Թախծոտ էր հոգիս, երկինքըս տրտում,
Բայց ծաղիկներուն անույշն էր բուրում,
Իմ սիրտըս դրի ես վարդի խորքում,
Ով դուք՝ որ կանցնիք, պիտի քաղե՞ք զայն։

Սրած փուշին քով, ծարաված, թախծոտ,
Որ իր անձկությամբ զիս քաշեց իր մոտ,
Վերքերըս թողուցի ես մելամաղձոտ.
Ո՜վ դուք՝ որ կանցնիք, ո՜հ մի՛ քաղեք զայն։