Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Կոնստանտին Երզնկացի. Տաղ գարնան ազնիվ է

* * *

Ահա եղև պայծառ գարուն,
Հոտըն բուրեաց անուշ վարդուն,
Ձայնըն քաղցրիկ գայր պլպուլուն,
Եւ եղանակըն հաւերուն:

Ծաղկանց դաշտերըն գունըզգուն,
Սըփռին տերևքըն ծառերուն,
Յորդորեցան ջուրք գետերուն,
Լողան ձըկունք ի մէջ ծովուն:

Տերև սըփռին առաւօտուն,
Ցօղն ի վերայ իջեալ յամպոյն,
Նա ես՝ պըլպուլն ի քո սիրուն
Եմ քան զալիդ ի մէջ ծովուն:

Պըլպուլ նըստեալ վերայ վարդին,
Եղանակէր նա քաղցրագուն՝
Առաւօտէ մինչ իրիկուն.
Խև էր եղել վասըն հոտուն:

Աղաղակէր պըլպուլն ի վարդն.
- Առանց քեզ յո՞նց ելնում ի հուն.
Հանց քաղեցիր զշունչս ու հոգիս՝
Այլ չի մնաց երեսս գուն:

Հանց ողորմուկ ի վարդն ասաց.
- Իմ լուսատու արևըն դու,
Աստղըն զօհալ և մուշտարի,
Շամս ու ղամարի իմ թաճըս դու:

Տպազիոն և շափիւղայ,
Ակըն սուտակ և շիկագուն,
Դու ես քաղաք Չինումաչին,
Մարդիկ ի քեզ յուշ կու մըտնուն:

Եկայք մանկունք ի պաղչանին,
Ծաղկունքըն ի մէջ վըրան զարնունք,
Ղումրին երգէ մեզ եղանակ՝
Թ՚այսօր եղև պայծառ գարուն:

Այսօր մարդիկ ուրախանան,
Որտեղ ընկեր ունին սիրուն,
Նոքա ի սէր մեր ժողովին,
Քաղցրիկ խըմեն յանուշ գինուն:

Չինարըն ու նունուֆարըն,
Նարգիզ ծաղիկըն խայտագոյն,
Մուրտըն, շուշան ու բրաբիոն
Եւ ըռահանն խիստ սիրուն:

Ծաղկունք սըփռին հարիւր հազար,
Կանաչ, կարմիր և գունըզգուն,
Թըռչունք ի յօդըս վերանան.
Որհնեն զաստուածն ամենեցուն: