Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

Կեչառիսի վանքային համալիրը

Կեչառիսի վանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում: Վանքի գլխավոր` Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ-ին:

Կեչառիսի վանական համալիրն ընդգրկում է 4 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, նաև XII-XIII դարերի բազմաթիվ խաչքարեր: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ բեմի 2 կողմերում երկհարկ ավանդատներով:

Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով քառասյուն կենտրոնակազմ գավիթը՝ կառուցված XII դարի վերջին: Գլխավոր եկեղեցուց հարավ գմբեթավոր Սբ Նշան ոչ մեծ եկեղեցին է. ենթադրվում է, որ այն նույնպես կառուցել է Գրիգոր Մագիստրոսը 1051 թ-ին:

XII դարում սելջուկների գերիշխանության հետևանքով վանքը հայտնվել է ծանր վիճակում: 1161-65 թթ-ին Զաքարիա ամիրսպասալարն այն ազատագրել է և վերակենդանացրել վանքի հոգևոր կյանքը:

Համալիրի հարավում գտնվող Կաթողիկե եկեղեցին 1203-14 թթ-ին կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը:

Կաթողիկեն ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր շինություն է, հարդարանքով՝ համալիրի եկեղեցիներից ամենաշքեղը: Հուշարձանախմբից դուրս (120 մ հեռավորությամբ) 1220 թ-ին կառուցված Սբ Հարություն փոքրիկ եկեղեցին է, որի արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից կազմում է մի ամբողջություն: Համալիրում է նաև Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դար):

Կեչառիսի վանքում են թաղված սելջուկների դեմ մղված ճակատամարտերում զոհված Պահլավունյաց տոհմի Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099 թ.) և Մեծ իշխան Պռոշը (1284 թ.):

1248 թ-ին Խաչենի Խոյախան բերդի տեր Վախթանգի որդի Հասան իշխանը կնոջ՝ Բաղաց թագավորի դուստր Մամքանի հետ վերանորոգել է մոնղոլների ավերած Կեչառիսի եկեղեցիները:

XVIII դարում Կեչառիսի վանքն ամայացել է, 1828 թ-ին երկրաշարժից քանդվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը:

1947-49 թթ-ին վանքի տարածքը բարեկարգվել է, պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: 1990-ական թվականներին նորոգվել են Կաթողիկե և Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների գմբեթները:

Նորոգումից հետո՝ 2000 թ-ին, Կեչառիսի վանքը վերաօծվել է և դարձել Կոտայքի թեմի առաջնորդանիստը:

Կեչառիսում ապրել և ստեղծագործել են խոշոր գիտնականներ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: