Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Սբ. Գրիգոր Տաթևացի. Տերունական աղոթքի մասին

Կրկին առաջին օրվա մասին. «Երբ աղոթքի կանգնեք, ասացեք` Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը» և այլն (Մատթ. Զ 9)

Վարդապետներն ասում են, թե այս աղոթքը չափազանց պատվական և գովելի է երեք պատճառով: Նախ` քանի որ Քրիստոս է սահմանել, և եթե [այն] աղոթքները, որոնք մարդիկ են սահմանել, պետք է սովորել և աղոթել, որքա՜ն առավել` այն [աղոթքը], որն Աստված Իր բերանով սովորեցրեց: Երկրորդ` քանի որ կարճ է ու գեղեցիկ, և ոչ ոք չի կարող երկարությունը պատճառ համարել չսովորելու համար: Երրորդ` քանի որ հարկավոր է և օգտակար. այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզ` թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր, այս աղոթքով է խնդրվում: Այլ խնդրանքներ ընդունելի չեն երեք պարագայում. առաջին` երբ առանց փառաբանության է լինում, երկրորդ` երբ անկանոն է լինում, երրորդ` երբ ավելին է լինում, քան պետք է: Դրա համար էլ Քրիստոս մեզ սովորեցրեց երեք բան. նախ՝ որ մինչ խնդրանքը քաղցրությամբ և բարեբանությամբ փառավորենք Աստծուն, ինչպես նրանք, ովքեր թագավորներից ինչ-որ բան խնդրելուց առաջ նախ գովում և փառավորում են, որպեսզի նրանց սրտերը քաղցրանան [բարյացակամ դառնան], և ապա խնդրում են այն, ինչ կամենում են: Եվ Աստծուն գովաբանում ու փառավորում ենք, երբ ասում ենք. «Հայր մեր, որ երկնքում ես»: Երկրորդ` մեզ սովորեցրեց խնդրել ըստ կարգի. այսինքն` նախ հոգևորը, ապա մարմնավորը, քանզի հոգին [ավելի] պատվական է, քան մարմինը, ինչպես որ ասվում է. «Սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա»: Երրորդ՝ ուսուցանեց մեզ չխնդրել ավելին, քան անհրաժեշտ է` ասելով. «Մեր հանապազօրյա հացը տո՛ւր», քանի որ միայն հաց խնդրելն ավելին չէ:

Այս գովաբանությունը երեք բան է [ցույց տալիս]` իմաստություն, գթություն և զորություն: Այսպես` երբ ասում ենք «Հայր», [Նրա] իմաստությունն է մատնանշվում, որ, ըստ Դանիելի, հինավուրց և հավիտենական է (Դան. Է 9), նաև ինչպես ասում է Սողոմոնը, «ծերությունն է իմաստություն»: Երբ ասում ենք «մեր», Նրա գութն ենք շարժում մեր նկատմամբ: Իսկ «երկնքում ես» ասելով` Նրա զորությունն ենք հայտնացույց անում, և քանի որ իմաստուն է, գիտե տալ [այն ամենը], ինչ որ խնդրում ենք, քանի որ գթած է, կամենում է տալ, քանի որ զորավոր է, կարողանում է տալ: Ահա թե ինչու մեզ սովորեցրեց ասել. «Հայր մեր, որ երկնքում ես»:

Իսկ ինչո՞ւ հրամայեց ասել` «Հայր մեր» և ոչ թե «Հայր իմ»: Վարդապետները սրա համար չորս պատճառ են ասում: Նախ` քանի որ բնությամբ միայն Քրիստոսն է Աստծո Որդին, իսկ մենք` շնորհով` ըստ այն [խոսքի], թե` «Գնում եմ բնությամբ իմ, շնորհով ձեր Հոր մոտ»: Երկրորդ` որ հայտնի լինի, թե չպետք է միայն քեզ համար աղոթես, այլ բոլոր հավատացյալների համար, որպեսզի երևա Քրիստոսի բոլոր անդամների միությունը, և ընդհանրական աղոթքն առավել լսելի լինի: Երրորդ` քանի որ Աստված առատաձեռն է, և Նրա կամքին ավելի հաճելի է բարիք պարգևել շատերին, քան միայն մեկին: Չորրորդ` քանի որ ոչ թե հարուստների Հայրն է, իսկ աղքատներինը` ոչ, կամ թագավորների Հայրն է, իսկ ռամիկներինը` ոչ, տերերի Հայրն է, իսկ ծառաներինը` ոչ, քահանաներինն է, իսկ աշխարհիկներինը` ոչ, տղամարդկանցն է, իսկ կանանցը` ոչ, այլ համարվում է բոլոր հավատացյալների Հայրը: Եվ պետք է իմանալ, որ թեպետ Աստված բոլոր մարդկանց Հայրն է, քանի որ Ինքն է արարել [նրանց], [այդուհանդերձ], Նա հատկապես քրիստոնյաների Հայրն է համարվում: Պատճառները չորսն են, քանի որ որդին Հորից չորս բան է ստացել. նախ` գոյություն, երկրորդ` ուսում և իմաստություն, երրորդ` սնունդ և կերակուր, չորրորդ` ժառանգություն և հայրենիք: Այդ չորս պարգևները ճշմարիտ հավատացյալներին էլ է շնորհվել Տիրոջից, որ նրանց Հայրն է: Նախ` գոյություն ունենք Նրա շնորհիվ, որովհետև Նրանից ծնվեցինք ավազանով հոգևոր կյանքում` ըստ այն խոսքի, թե` «Դուք բոլորդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» (Գաղ. Գ 27): Նաև նոր անուն առանք, քանի որ Քրիստոսով քրիստոնյաներ կոչվեցինք: Երկրորդ` ուսում և իմաստություն ունենք, քանի որ մեզ Օրենքով և Ավետարանով սովորեցրեց ` ըստ այն խոսքի, թե` «Բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի՛ կոչեք, քանի որ ձեր ուսուցիչը Քրիստոսն է» (Մատթ. ԻԳ 8): Երրորդ` Նրանից ենք ստանում սնունդ և կերակուր, քանի որ Նա մեզ խորհուրդներով ու եկեղեցու աստիճաններով է սնուցում, այսինքն՝ Իր մարմնով և արյամբ` ըստ այն խոսքի, թե` «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ Մարմինը» (Մատթ. ԻԶ 26): Չորրորդ` քանի որ Նրանից ենք ժառանգելու երկնքի արքայությունը, ինչպես առաքյալն է ասում. «Ծառա չես, այլ որդի, եթե որդի, ապա և Քրիստոսի ժառանգակից» (Գաղ. Դ 7):

Անհավատներն Աստծուց չեն ստանում այս չորս պարգևները, որոնց [համաձայն էլ] մեզ սովորեցրեց ասել «Հա՛յր մեր»: Եվ պետք է իմանալ, որ շատ պատճառներով էլ է ասվում «Հա՛յր մեր»: Նախ` Նրան Հայր ենք կոչում արարչագործության համար, որովհետև Նրանից ստեղծվեցինք և անէությունից էության կոչվեցինք: Առավել մեզ համար [է Հայր], քանի որ [Իր] պատկերակցությամբ զարդարեց [մեզ]: Երկրորդ` երբ ասում ենք «Հա՛յր մեր», ցույց ենք տալիս, թե սատանայի ու մեղքի ծառաներ չենք, քանի որ ավազանով ազատվեցինք և Աստծո որդիներ դարձանք: Երրորդ` երբ ասում ենք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես», չպետք է երկրավոր բան խնդրենք, այլ երկնավոր` ըստ առաքյալի. «Փնտրեցե՛ք վերին բաները, ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմում» (Կող. Գ 1): Հիշենք Դավթին, որ փափագով ասում էր. «Ինձ համար ի՞նչ կա բովանդակ երկնքում, կամ քեզնից բացի ի՞նչ փնտրեմ երկրի վրա. իմ սրտի Աստված հավիտյան իմ բաժին Աստվածն է» (Սաղ. ՀԲ 25-26). սա նշանակում է` եթե իմ բաժին Աստված երկնքում է, այլևս ի՞նչ պետք է փնտրեմ երկրավորների մեջ: Չորրորդ` երբ Աստծուն Հայր ենք անվանում, պարտավոր ենք լինել Նրա հարազատ որդիները` բարությամբ և սրբությամբ, ոչ թե` խորթ [որդիները]` չարությամբ ու մեղքերով, քանի որ ում նմանությունն ունենք, նրան ենք Հայր կոչում` կամ Աստծուն, կամ սատանային: Եվ իմացի՛ր, ո՛վ մարդ, [թող] քո մեջ որևէ մեղք կամ չարիք չլինի, և սատանայի որդի չլինես, քանի որ [դրանով] Աստծուն չարիքի և մեղքի Հայր կկոչես, ինչն աններելի է, որովհետև [եթե] քո հայրն անդունդներում է, դու ինչու՞ ես դեպի երկինք կանչում կամ ինչու՞ ես [նրան] երկինք հանում, քանզի նա այնտեղից անդարձ զրկվեց: Եթե այդպիսին լինես և ասես. «Հա՛յր մեր, որ երկնքում ես», բարի Հոր կերպարանքը չես ունենա, այլ նրանը, որին չարությամբդ նմանվեցիր: Անասելի մեծ մեղք գործած կլինես տասը կերպով: Նախ` քանի որ նա բարի հոր կերպարանքը չունի, իսկ դու «մեր» ես ասում, ուստի պարզ է, որ Աստծուն չարիքների հայր ես կոչում, որը բացահայտ արհամարհանք է, անեծք և աններելի մեղք: Երկրորդ` քանի որ [նա] սանդարամետի կերպարանքն ունի, իսկ նրան հայր ես կոչում, ուստի մեղանչում ես` ասելով` «երկնքում ես», քանի որ նա անդնդում է, ինչպես Հոբն է ասում: «Տեսա սատանային երկնքից ընկնելիս, ինչպես Արուսյակը» (Ղուկ. Ժ 18), իսկ դու չարակամորեն կամենում ես երկինք հանել նրան, որին Աստված կործանեց: Երրորդ` երբ ասում ես. «Սուրբ թող լինի քո անունը», նրան, որ սատանա է` ախտերով պղծված և Աստծուն հակառակ, սուրբ ես կոչում, որն առավել մեծ մեղք է: Չորրորդ` երբ ասում ես. «Թող գա քո արքայությունը», դա ևս մեծ չարիք է, քանի որ նրա իշխանությունը Քրիստոս խաչով կործանեց` ասելով. «Այս աշխարհի իշխանը պիտի արտաքսվի» (Հովհ. ԺԲ 31): [Նա] նաև դատապարտված է, իսկ դու հարաժամ աղոթում ես Քրիստոսին հակառակ` ասելով. «Թող գա քո արքայությունը և իշխանությունը»: Հինգերորդ` երբ ասում ես. «Քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա», դա նույնպես դառնագույն չարիք է, քանի որ սատանայի կամքը մարդկանց կորստյան մատնելն է, ինչպես ինքը չարակամությամբ հրեշտակներին իր հետ դուրս հանեց երկնքից` դարձնելով [նրանց] դևեր և Աստծու հակառակողներ: Եվ դու աղոթքով գործակցում ես նրան` երկրի վրա նույն չարիքը գործելու, այսինքն` մարդկանց իր հետ դժոխք իջեցնելու մեջ: Սա հակառակ է Աստծո կամքին, քանի որ, ինչպես մարգարեն է ասում. «Նա չի կամենում մեղավորի մահը, այլ նրա դարձը չար ճանապարհից և փրկությունը» (Եզեկ. ԺԸ 32): Կամ ասվում է՝ երկինքը դրախտն է. [իսկ դու] ասում ես` ինչպես այն ժամանակ նախնիներին կործանեց, այնպես էլ հիմա թող անի: Վեցերորդ` [սատանային ասել թե]` «Մեր հանապաազօրյա հացը տու՛ր մեզ այսօր», նույնպես մեղք է, քանի որ սատանան ոչինչ չունի որևէ մեկին կերակրելու, ինչպես հայտնի է Անառակ որդու առակից, որում ասվում է. «Ես այստեղ սովամահ կորչում եմ» (Ղուկ. ԺԵ 17): Այդ դեպքում դու ի՞նչ ես խնդրում. մեղքի և չարիքի հանապազորդություն ու աշխարհիկ հեշտություն, որոնք ցանկալի են մեղսասերներին, և որոնցով էլ սնվում են նրանք, ինչպես սուրբերը՝ Աստծո խոսքի հացով: Սա առավել մեծ կործանում է ու չարիք: Յոթերորդ` ասում ես. «Թո՛ղ մեզ մեր պարտքերը». սա ևս չար հանցանք է, քանի որ նա է բոլորին մեղապարտ ու հանցավոր դարձնում, և կամքով բնավորված է (արմատացած է) չարի մեջ: Եթե ինքը չի կարողանում հրաժարվել չարիքից, քո մեղքը ինչպե՞ս կթողնի, և եթե բոլորին մեղքով ապականում է, քեզ ինչպե՞ս կսրբի: Նաև ասում ես` ինչպես դու ես ինձ թողություն տալիս, այնպես էլ ես՝ իմ [պարտապաններին]. այսինքն` ո'չ նա է քեզ թողություն տալիս, ո'չ էլ դու` քո [պարտապաններին], և ո'չ էլ Երկնավոր Հայրը` երկուսիդ. դաժան դատաստան է: ՈՒթերորդ` երբ ասում ես. «Մի՛ տար մեզ փորձության», դարձյալ մեծ հիմարություն ես գործում, քանի որ ազատվել ես խնդրում նրանից, ով չար փորձությունների մայրն է և բոլորին փորձության մեջ է գցում, որպեսզի օտարանան Աստծուց. «Քանի որ երբ կույրն է առաջնորդում կույրին, սխալվում և փոսն է ընկնում» (Մատթ. ԺԵ 14): Իններորդ` երբ ասում ես. «Փրկի՛ր չարից», դա նույնպես շատ մեծ չարիք է և տգիտություն, [ինչպես] խավարից լույս խնդրելը, մահից` կյանք, ապականությունից` անապականություն, նաև չարից` բարի փրկություն, որի անմիջական հակառակորդն է [սատանան]: Տասներորդ` ասում ես. «Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս». սա, բացի Աստծուց, ոչ ոքի պատշաճ չէ: Իսկ դու [այս ամենից] զրկում ես Աստծուն և տալիս դևերին, ինչպես անօրեն կռապաշտները: Նա չունի արքայություն, քանի որ ընկած է իր բնակատեղիից, զուրկ է ամեն տեսակ բարությունից, չունի զորություն, քանի որ տկար աղջիկներից հեշտորեն հաղթվել և հաղթվում է, չունի փառք, այլ՝ հավիտենական տանջանք:

Տե՛ս, թե այս խոսքը ինչ գեղեցիկ կարգ ունի, քանի որ հոգևոր բարիքը, որ խնդրում ենք Աստծուց, երեք տեսակ է. նախ՝ գովաբանում և փառք ենք տալիս Աստծո անվանը, երբ ասում ենք. «Սուրբ թող լինի քո անունը»: Երկրորդ` երկնքի արքայության մասին է, երբ ասում ենք. «Թող գա քո արքայությունը»: Երրորդ` երբ ասում ենք. «Քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա», նշանակում է` կատարելապես հնազանդ պիտի լինենք Աստծուն և մեր կամքը միավորենք Նրա կամքին: Արդ, մեր առաջին խնդիրը հոգևոր բարիքի առաջին տեսակն է, որ մեր Տերը սովորեցրեց` ասելով. «Թող սուրբ լինի քո անունը»: Սա վարդապետները վեց ձևով են մեկնում: Նախ` երբ ասում ենք. «Թող սուրբ լինի քո անունը», [նշանակում է]` սրբությամբ, երկյուղով ու սարսուռով ենք հիշում Քո անունը, [հիշում ենք] առանց ստախոսության, հայհոյելու, բամբասելու և դատարկաբանելու, քանզի բերանը հոգու տաճարի դուռն է, որով մտնում է Աստված, և [այն] պետք է սուրբ լինի, որպեսզի [Տերը] չբարկանա մեզ վրա. ինչպես թագավորները, աղտոտ տեսնելով դարպասի շեմն ու դուռը, խորշելով չեն մտնում, այլ սպասավորներին են պատժում, այդպես էլ Աստված է մեզ հետ վարվում: Երկրորդ [իմաստը սա է]. ինչպես Քո անունը սուրբ է Քեզ համար, այնպես էլ մեզ համար թող սուրբ լինի, այսինքն` այնպիսի վարքով պիտի ապրենք, «Որ մեր բարի գործերը տեսնելով` փառավորեն մեր Հորը, որ երկնքում է» (Ա Պետ. Բ 12), ո՛չ թե այնպես, [ինչպես ասվում է]. «Մեր պատճառով քո անունն անարգվում է հեթանոսների մեջ»: Երրորդ` «Թող սուրբ լինի քո անունը» մեկ այլ մեկնությամբ նշանակում է` քրիստոնյաների մեջ Քո անունը թող հաստատ լինի, որպեսզի չկորցնեն Քեզ, ինչպես շատերը կորցրին` որպես անհավատներ և ուրացողներ, Հուլիանոսի և այլոց նման: Չորրորդ` Քո անունով թող սուրբ լինեն քրիստոնյաները կամ [լինեն] աստվածներ` ըստ այն խոսքի, թե` «Գալու ես Աստված աստվածացածների մեջ և ոչ անսուրբերի ու չարափառների»: Հինգերորդ` «Թող սուրբ լինի» նշանակում է նաև` Քո անունը, որ «ավելի հատու է, քան ամեն մի երկսայրի սուր» (Եբր. Դ 12), թող սրով հանդերձ լինի, որպեսզի նեխած անդամները կտրի, «որդուն հորից, դստերը մորից և ամուսնուն կնոջից բաժանի», նաև մեր հոգիներից մեղքը և չարիքը կտրի, մանավանդ դևերին վախեցնի և չար հիվանդությունները բուժի: Վեցերորդ` «Թող սուրբ լինի անունը» մեկ այլ իմաստով նշանակում է` ամեն ինչ թող Քո անունով սրբվի. ինչպես նոր մկրտվածն է Քո անունով սրբվում մեղքերից ավազանով, այնպես էլ մեր հոգիներն ու մարմիններն են Քո անունով սրբվում մեղքերի աղտեղությունից: Եվ շատ այլ մեկնություններ ևս կարելի է անել:

Իսկ հիմա, քանի որ մեկնեցինք հոգու առաջին բարիքը, մեկնենք նաև երկրորդը, որ ասում է. «Թող գա քո արքայությունը»: Եվ սա մշտապես երգում ենք յոթ պատճառով: Նախ` որ մեզ տրվի Քո փառքի մեծությունը, որպեսզի Քեզ տեսնենք դեմ հանդիման: Երկրորդ` ինչպես տիրում ես քրիստոնյաներին, որոնք հավատում են Քեզ, նույնպես և պիտի տիրես անհավատներին, որպեսզի հավատան և ծառայեն քեզ: Երրորդ` ինչպես տիրում ես հեթանոսներին, որոնք հավատացին, այնպես էլ ի վերջո [պիտի տիրես] հրեաներին` ըստ այն [խոսքի], թե` «Երբ հեթանոսների վերջը մոտենա, ապա և ամբողջ Իսրայելը կփրկվի» (հմմտ.՝ Հռոմ. ԺԱ 25-26) և թե` «Ամեն ծունկ նրան ծնրադրի և ամեն լեզու [Աստծուն դավանի]» (Հռոմ. ԺԴ 11): Չորրորդ` [Թող գա քո արքայությունը],- այսպես են ասում մարտիրոսներն ու ճգնավորները, քանզի հատուցման և պսակի են կարոտ: Դրա համար էլ աղոթում են, որ շուտ գա փոխհատուցման օրը: Հինգերորդ` շատ են նրանք, ովքեր հոգ չեն անում և չեն խնդրում երկնքի արքայությունը, այլ անցավոր կյանք են փնտրում, ամենևին չեն հագենում և այնքան են ծարավի մեղքի, որ խնդրում են` թող գա մեղքերի աղտեղությունը: Իսկ մենք` արքայություն փափագողներս, նրանց հակառակ կասենք. «Թող գա քո արքայությունը»: Վեցերորդ` այս խոսքը [նշանակում է նաև]` մարդկային բնության անունից փափագով ու թախանձանքով [խնդրում ենք]` «թող գա քո արքայությունը» մեզ դատելու համար, և քանի որ մեր բնութենակիցն ու մարմնակիցն ես և գիտես մեր բնության տկարությունը, ուստի ողորմությամբ կդատես, ինչպես առաքյալն է ասում. «Ով փորձվեց, կարող է օգնել փորձության ենթարկվածներին» (Եբր. Բ 18): Այդ խնդրանքը հաճո եղավ Հորը, [և Նա], ըստ առաքյալի, «դատաստանը հանձնեց իր Որդուն»: Յոթերորդ` քանզի արքայության դուռը Քրիստոսից առաջ փակ էր և Քրիստոսով բացվեց, ուստի մենք, Քրիստոսով պաշտպանված, ասում ենք. «Թող գա քո արքայությունը»: Սա երկրորդ գլուխն էր:

Եկե՛ք քննենք հոգու երրորդ բարիքը. «Թող քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»: Այս խոսքը բազում իմաստներ և [մեծ] զորություն ունի: Նախ` ինչպես հրեշտակներն ու սուրբերը, որոնք Քեզ մոտ են, կատարում են Քո կամքը, այնպես էլ մարդիկ, որոնք աշխարհում են, պիտի թողնեն իրենց կամքը և Քո կամքը կատարեն: Երկրորդ` Աստծո կամքը մեղավորների դարձն է և մեղքի ու չարիքի բռնությունից հոգիների փրկությունը, ինչպես ասում է մարգարեն. «Մեղավորի մահը չեմ կամենում, այլ չար ճանապարհից դառնալը և ապրելը, որպեսզի ապրեն և ճշմարիտ գիտությանը գան» (Եզեկ. ԺԸ 32). ահա թե ինչու պետք է լինենք Աստծո կամքի կատարողները: Երրորդ` քանի որ Աստծո կամքն է, որ [մենք]` անդամներս, գլխի հետ միավորվենք, ինչպես [Հիսուսն] ասում է Հորը. «Կամենում եմ, թե ուր ես եմ, սրանք ևս ինձ հետ լինեն, ինչպես Դու` Հայր, Ինձ հետ ես, և Ես` Քեզ հետ, այնպես և սրանք Մեզ հետ լինեն, որպեսզի կատարյալ լինենք միության մեջ» (Հովհ. ԺԷ 24), ուստի միշտ աղոթում ենք Աստծուն` [Հիսուսի] կամքի կատարողները լինելու [համար]: Չորրորդ` քանի որ Քո կամքը երկնքում է, ինչպես տեղակալը` [իր] տեղում, (թեև [Քո կամքը] բոլոր տեղերում է), ուստի երկրավորները նույնպես թող երկինք բարձրանան, որպեսզի նրանց մեջ էլ լինի Քո կամքը, ինչպես տեղակալը` իր տեղում. իսկ մեղավորների համար ասում է. «Իմ կամքը դրանց մեջ չէ»: [Այսպիսով]` Հոգու երրորդ բարիքն ըստ [իր] երեք մասերի [քննվեց]: Պետք է իմանալ նաև, որ բարիքը 2 տեսակ է [լինում]` hոգևոր և մարմնավոր. հոգևոր բարիքն ավելի պատվական է, քան մարմնավորը, դրա համար էլ Տերը պատվիրեց նախ հոգևորը խնդրել, ապա` մարմնավորը: Արդ, քանի որ հոգևորը խնդրեցինք, այժմ [խնդրենք] մարմնավորը, որ չորրորդ բարիքն է. «Մեր հանապազօրյա հացը տու՛ր մեզ այսօր»: Պետք է իմանալ, որ հացը երկու տեսակ է [լինում]` հոգևոր և մարմնավոր: Երբ մարմնավոր հացն ենք խնդրում, ո՛չ միայն հացը, այլև մարմնական բոլոր պետքերն ենք խնդրում հացի հետ: Իսկ հոգևոր հացը մի քանի [խորհուրդ ունի]. [այն խորհրդանշում է] ուսումը, որ մտքի կերակուրն է, և կենաց հացը, որ Տիրոջ մարմինն է: Եվ այս հացը հանապազօրյա է կոչվում, քանի որ առաքյալների ժամանակներում հավատացյալներն ամեն օր հաղորդվում էին Տիրոջ մարմնին: Եվ այս հացի հետ խնդրում ենք հոգևոր բոլոր բաները:
Այս խնդրանքը յոթ տեսակի մեղք է վերացնում մեզանից: Նախ` երբ ասում ենք «հացը», [վերանում են] ավելորդ [պահանջներն] ու որկրամոլությունը, որոնք մեծանում են զանազան խորտիկներ [ճաշակելու ցանկությունից]: Երկրորդ` ոչնչանում են ավազակությունը, հափշտակությունը, անիրավությունը, գողությունը, անարդարությամբ տոկոսներ վաստակելը, երբ ասում ենք «մեր հացը»: Երրորդ` վերացնում է միայնակ ուտելը և հրամայում է Աստծուց տրված հացը ընդհանուրի հետ ուտել, քանի որ չի ասում «իմ հացը», այլ «մեր հացը»: Հարուստներն Աստծո ձեռքերում են և պարտավոր են իրենց մեծաքանակ ունեցվածքն աղքատներին բաշխել: Չորրորդ` չպետք է խնդրենք ավելին, քան հարկն է. [ոչ թե պիտի] ասենք` «տու՛ր ինձ կերակուր, ինչպես թագավորներին, իշխաններին», այլ` «ինչ որ ինձ արժան է». այդ պատճառով էլ ասում ենք «մեր հացը»: Հինգերորդ` երբ ասում ենք «տու՛ր», վերանում է դժգոհությունը. պետք չէ դժգոհ լինել Աստծուց: Քանի որ չենք ասում` «մեզ հա՛ց վաճառիր», այլ` «տու՛ր ձրի», որպեսզի մենք էլ ուրիշներին ձրի տանք, ուստի պետք է հարաժամ գոհություն մատուցենք Աստծուն: Վեցերորդ` վերանում է հպարտությունը, երբ ասում ենք «տու՛ր մեզ», որ նշանակում է մեզ օգնելու և օգուտի համա՛ր տուր, քանի որ շատերն են իրենց ունեցվածքով հպարտանում: Յոթերորդ` երբ ասում ենք «այսօր», վերանում է առաջիկա բազում տարիների հոգսը, ինչպես Տերն է ասում. «Վաղվա մասին մի՛ հոգա»: Հայտնի է, որ շատ են նրանք, որոնք ոչ թե մեկ օրվա հացն են ուտում, այլ տասն օրվա համար նախատեսվածը մեկ օրում են ուտում: Դրա համար էլ արդարադատ Աստված տասն օրը կրճատում է մեկ [oրվա]: Նույնպես և տասը տարվա [համար բավարար] ունեցվածքը կարճում է` [դարձնելով] մեկ տարվա: Այսպիսիների որդիները մուրացիկ են դառնում, քանզի նրանց կերակուրը [իրենց] հայրերն են ուտում: Եվ կրկնակի են մարդկանց խնդրանքները` բարիքի հանդիպել և չարիքից փրկվել: Արդ, քանի որ հոգևոր և մարմնավոր բարիքների հանդիպեցինք, խնդրենք նաև չարիքից փրկել` ասելով. «Թո՛ղ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին»:

Վարդապետներն ասում են, թե այս պարտքը մեղքն է, որը սատանայից փոխ ենք առել` գրավ դնելով [մեր] հոգիները, որովհետև այս պարտքը շահով է [լինում]: [Այսպես]` եթե մեկը երկար է մնում մեղքի մեջ, նրա տանջանքները շատանում են մահու չափ: Դրա համար էլ Աստծուց պիտի խնդրենք, որ թողություն տա մեր պարտքերին: Երկրորդ` նախ պետք է թողնենք նրանց պարտքերը, ովքեր մեզ են պարտք, և ապա մեզ [էլ] թողություն կտրվի: Քանի որ եթե մերը, որ սակավ է, չթողնենք, Աստված էլ մեր բազում մեղքերին թողություն չի տա: [Չէ՞ որ] ասում է. «Թողությու՛ն տուր նրան՝ [անկախ այն բանից]` կխոնարհվի քո առաջ, թե ոչ, որպեսզի դու էլ ազատվես»: Երրորդ` մարդկանց ուսուցանում է հոգատարությամբ վերաբերվել միմյանց` հայրերը` որդիներին, վարդապետներն` աշակերտներին, տերերը` ծառաներին, թեպետև [բոլորն էլ] պարտավոր են պատվել միմյանց` ըստ առաքյալի. «Որին` հարկը, որին` պատիվը, և ոչ մեկին պարտապան մի՛ մնացեք» (Հռոմ. ԺԳ 7-8): Բայց քանի որ մարմնի տկարության պատճառով չեն կարող հատուցել, պետք է թողություն տան իրենց պարտապաններին, որպեսզի իրենց էլ թողություն տրվի. «Քանի որ նրանք ևս Տեր ունեն երկնքում. դուք ձեր տերը չեք, քանզի մեծ գնով գնվեցիք» (Ա Կորնթ. Զ 19),- ասում է առաքյալը:

Չորրորդ` ինչպես մեկը, որի գումարը պակասում է որոշակի արժողության ապրանք գնելիս, և նա պարտք է մնում կամ խնդրում է շնորհել իրեն, այնպես էլ Քրիստոս խոստանում է մեզ երկնքի արքայությունը, որն անգին է: Մենք քիչ ենք չարչարվում (գործում) Քրիստոսի համար, ինչպես առաքյալն է ասում. «Ժամանակի չարչարանքներն արժանի չեն [բաղդատվելու] գալիք բարիքների հետ, որոնք հայտնվելու են մեզ, քանզի սակավ չարչարվածները մեծ բարիքներ կգտնեն» (Հռոմ. Ը 18): [Մենք] պարտական ենք նրան, դրա համար էլ աղերսագին աղոթում ենք, որպեսզի շնորհի մեզ: Մենք էլ այնպես վարվենք, որ երբ աղքատն իր պետքերի համար մեզանից ինչ - որ բան վերցնի և չկարողանա վճարել ամբողջ գումարը, չմերժենք, այլ տանք և մնացածն էլ շնորհենք: Այստեղ հարց է ծագում. ով ասում է այս աղոթքը և թողություն չի տալիս իր պարտապանին, նոր մե՞ղք է գործում, թե՞ ոչ: Պարզ է, որ մեծ մեղք է գործում, քանի որ ստելը մեղք է, և սատանայի որդի է [դառնում], քանի որ ասում է. «Դու ինձ թողությու՛ն տուր, ես էլ` իմ [պարտապաններին]», բայց ինքը թողություն չի տալիս: Ուրիշ վարդապետներ ասում են, թե նոր մեղք չի գործում, քանի որ իր կողմից չի աղոթում, այլ ընդհանուր եկեղեցու` ասելով. «Թո՛ղ մեր պարտքերը»: Ուրեմն ոչ թե նոր մեղք չի գործում, այլ հին մեղքը չի թողնվում, քանի որ ասում է. «Այնպե՛ս թող, ինչպես ես եմ թողնում»: Սա հինգերորդ խնդրանքն էր:

Երբ ասում ենք. «Մի՛ տար մեզ փորձության», այս խոսքով ոչ թե խնդրում ենք, որ փորձությունը չգա, քանզի փորձությունը հույժ օգտակար է հոգուն և ավելացնում է պսակը, ինչպես Հակոբոսն է ասում ընդհանրական [թղթում]. «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության. որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը» (Հակ.Ա 12), այլ խնդրում ենք չհաղթվել փորձությունից և Աստծո օգնությամբ հաղթահարել այն: Երկրորդ` [խնդրում ենք] խոնարհեցնել մեր հպարտ բարքը, որպեսզի հպարտանալով մեզ փորձության չմատնենք և վրիպելով չպարտվենք: Երրորդ` երբ [Աստված] փորձության տանի, չի լքի [մեզ], այլ դրա հետ նաև ելք կտա, որովհետև հավատարիմ է: Եվ քանի որ տկար մարմնով չենք կարող մինչև վերջ տանել [փորձությունը], ուստի ասում ենք. «Մի' տար մեզ փորձության»:

Յոթերորդ խնդրանքը սա է. «Այլ փրկի՛ր մեզ չարից», այսինքն ` ամեն չարիքից: Նախ` [փրկի՛ր մեզ] սատանայից, որ ամբողջովին չար է, երկրորդ` չար մարդկանցից, որոնք սատանայի արբանյակներն են. ինչպես Դավիթն է ասում. «Ազատի՛ր ինձ, Տե՛ր, չար մարդուց, անիրավ մարդուց փրկի՛ր ինձ» (Սաղմ. ՃԼԹ 2): Երրորդ` [փրկի՛ր մեզ] աշխարհիկ ցանկություններից, քանի որ «[սերն այս աշխարհի հանդեպ] թշնամություն է Աստծո դեմ» (Հակ. Դ 4): Չորրորդ` չար մեղքերից, որոնց մշտական դարմանիչն ես, [Տե՛ր], հինգերորդ` դժոխքից, ինչպես մարգարեն է ասում. «Տե՛ր, հանի՛ր ինձ բանտից» (Սաղմ. ՃԽԱ 8), վեցերորդ` չար մահվանից, ինչպես Դավիթն է ասում. «Մեղավորի մահը չարաչար է» (Սաղմ. ԼԳ 22): Այս ամենից ենք խնդրում ազատել [մեզ]: Իսկ «ամեն»-ը եզրափակում է, որը [կարծես թե] ասում է. ո՛վ Տեր Հիսուս, ինչ որ սովորեցրիր մեզ աղոթելու [համար], կատարեցինք, և ինչ որ խնդրում ենք Քեզանից, թող լինի մեզ [համար] այստեղ և հանդերձյալում: Պետք է իմանալ, որ առաջին երեք խնդրանքներն այս կյանքում չեն կատարվում, որովհետև [երկրի վրա] կատարյալ սրբություն չի լինում, երկնքի արքայություն չի լինում, մարդու և Աստծո կամքի կատարյալ միություն չի լինում. [այս ամենը միայն] հանդերձյալ [կյանքում է հնարավոր]: Իսկ հաջորդ չորս խնդրանքներն այս կյանքում են կատարվում, քանի որ հանդերձյալ [կյանքում] մարմնավոր հացի կարիք չկա, մեղք չկա, որ թողություն տրվի, փորձող չկա, որից [հարկ լինի] ազատվելու, և ո՛չ էլ չար կա, որից [հարկ լինի] փրկվելու: Եվ այս յոթ խնդրանքներից ավելի ոչինչ պետք չէ խնդրել, քանի որ սրանք բովանդակում են բոլոր խնդրանքները, որոնք օգտակար են և՛ հոգուն, և՛ մարմնին: Պետք է իմանալ նաև, որ այնժա՛մ ենք Հայր Աստծո հարազատ որդիները, երբ [մեր մեջ] մեռցնում ենք չար զավակին և ապրեցնում հոգևոր զավակին, մեռցնում ենք նախանձն ու ատելությունը և ապրեցնում սերը, մեռցնում ենք բարկությունը և ապրեցնում համբերությունը, մեռցնում ենք խռովությունը և ապրեցնում խաղաղությունը, մեռցնում ենք ագահությունը և ապրեցնում ողորմությունը, մեռցնում ենք որկրամոլությունը և ապրեցնում պարկեշտությունը, մեռցնում ենք բղջախոհությունը և ապրեցնում ողջախոհությունը, մեռցնում ենք ծուլությունը և ապրեցնում արիությունը: Քանզի այսպես անելու [դեպքում է] մեր աղոթքն ընդունելի լինում, երբ ասում ենք. «Հայր մեր, որ [երկնքում ես]»: [Թող] Քրիստոս Աստված մեզ արժանի անի Իր եղբայրակցությանը, որդեգրությանը, երկնավոր Հոր որդիությանը և բոլոր սուրբերի հետ երկնային արքայության ժառանգությանը հավիտյանս հավիտենից։ Ամեն:

Աղբյուր՝ Եկեղեցական հայրեր