Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Խաչիկ Դաշտենց․ Լեռնային գյուղի երեկոն

Կտավը՝ Կոջոյան Հակոբ Կարապետի (Գառնի գյուղում (1957))

- Ղարիբ ուլ վի՞ր տուն կա, ղարիբ ու՜լ...

Լեռներում իջնում է երեկոն:
Ծառերի ստվերներն երկարում
Կալերից ելնում են տանիքներ,
Լցվում են ձորերը, օրորվում։

Այստեղ մի գետակ է փրփրում,
Իսկ այնտեղ կարկաչում է մի ուղխ,
Լեռն ի վար նախիրն է բառաչում։
Արածում ու իջնում դեպի գյուղ։

Ու դանդաղ, գերանդիքն ուսերին,
Սարերի հովընկա կողերով
Հնձվորներն են գալիս դաշտերից
Արծաթված վերջին շողերով։

Կոլխոզի ջրաղացպանն է հոգնած
Կիսամութ արտերով տուն դառնում,
Լեռնային կեռումեռ կածանով
Փոստատարն է ձիով բարձրանում։

Գյուղի հոտն է ծաղկած արոտից
Խմբերով տարածվում բակից բակ,
Մութի մեջ գառներն են թռչկոտում,
Ուլերն են փայլփլում հանց լուսնյակ։

Ա՜խ, որքան ծանոթ են կանչերը
Ու չկա մի շշուկ անիրավ,
Տաք թոնրից հարիսան է հանում
Իմ տատը՝ ահագին մի պառավ։

Լայն բակում միասին բոլորած
Ընթրում է մի ռանչպար ընտանիք,
Ու հանկա՜րծ, գոմից դուրս փախչելով,
Մի ուլ է մագլցում մեր տանիք։

Քիչ հետո լռում է ամեն ձայն,
Բայց ահա, անցնելով դռնե դուռ,
Գառնարածն է կանչում մութի մեջ.
- Ղարիբ ուլ վի՞ր տուն կա, ղարիբ ու՜լ…

Նայում եմ ես արբած այդ կանչով,
Պատի տակ իմ պապն է ննջում ծեր.
Նայու՜մ եմ… քարափի ետևից
Լուսնյակն է բարձրանում դեպի վեր։

1945