Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Կարո Հալաբյան․ Կենսագրություն

Կարո Սիմոնի Հալաբյան (հուլիսի 14 (26), 1897, Գանձակ, Ռուսական կայսրություն - հունվարի 5, 1959, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)

Կենսագրություն

1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թվականներին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։

1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։

Ստեղծագործություններ

Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

Պատկերասրահ

Կարմիր բանակի (այժմ Ռուսական բանակի) թատրոնի շենքը Մոսկվայում

Հուշատախտակ Մոսկվայի Նովինսկի Բուլվար փողոցում գտնվող շենքերից մեկի վրա, որտեղ 1954-1959 թթ. ապրել է Կարո Հալաբյանը

Հուշարձան Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Կարո Հալաբյանի ծննդյան 100-ամյակի առթիվ

Կարո Հալաբյանի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչե գերեզմանատանը

Կարո Հալաբյանին նվիրված հուշատախտակ Երևանի համանուն փողոցի սկզբնամասում

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի