Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Կորնթացիներ 13:3)

Ակնա Կռունկ. Արաքս Մանսուրյան

Կըռունկ, ուստի՞ կուգաս, ծառայ եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհէն խաբրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կըհասնիս.
Կըռունկ, մեր աշխարհէն խաբրիկ մը չունի՞ս։

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
Կըռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կըռունկ, մեր աշխարհէն խաբրիկ մը չունի՞ս։

Քեզ բան հարցնողին չես տանիր տալապ.
Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,
Կըռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,
Կըռունկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս։

Սրտերնիս կամեցավ, ելանք, գնացինք,
Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,
Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,
Կըռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չըտվիր, ելար, գընացիր,
Կռունկ, մեր աշխարհէն գնա, հեռացի՜ր:

Հայ միջնադարյան «Կռունկ» երգի Ակնա տարբերակն է՝ Արաքս Մանսուրյանի կատարմամբ:

Երգի նկարագրությունը վերցված է https://radiomariam.am կայքով հեռարձակվող իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից:

«Կռունկ»-ը ուշ միջնադարում անհայտ հեղինակի ստեղծած երգ է, որը ժողովրդականացել է, դարձել հայրենիքի կարոտի և հայրենասիրության խորհրդանիշ: Այս երգի բանաստեղծական բարձր արվեստով հորինված խոսքերը պահպանվել են 17-րդ դարի ձեռագիր տաղարաններում: Սա հայ միջնադարյան աշխարհիկ տաղերի ժանրի օրինակ է և բազմաթիվ տարբերակներով գրառվել է ժողովրդական կատարումներից:

Այս երգը տարածված է եղել պատմական Հայաստանի շատ վայրերում, և ամեն տարածաշրջանում, պահպանելով երգի հիմնական կառուցվածքը, ժողովուրդը երգել է մի քանի տարբերակով: Դրանում դեր է խաղացել տարբեր գավառների երաժշտական ավանդությունների ու աշխարհընկալման բազմազանությունը:

Երգի տարբերակներից ամենատարածվածն ու գեղարվեստականը Կոմիտասի մշակումն է: Կոմիտասյան «Կռունկ»-ն իրավացիորեն կարելի է համարել հայ երգի կատարողական վարպետության չափանիշ:

Սա պանդուխտի երգ է: Երկար տարիներ հայրենիքից հեռու գտնվող հայ պանդուխտը դիմում է կռունկին, հարցնելով, թե որտեղից է գալիս, արդյոք իր հայրենիքից մի լուր չունի՞: «Մի վազիր, - խնդրում է, - շուտով կհասնես քո երամին, իմ հայրենի աշխարհից մեկ լուր տուր»: Հաջորդ քառատողում նույն թախծոտ, կարոտալի մեղեդով պատմում է, որ թողել է իր տուն ու տեղը, այգին և կարոտից հաճախ հառաչում է, որից քաղվում է, պոկվում է հոգին:

Քառատողերից մեկում էլ երգում է, որ սիրտը կամեցավ օտարություն գնալ, որտեղ ծանոթացավ տեղի խորթ վարք ու բարքին և անգամ աղուհացկեր մարդկանց կարոտ մնաց: Եվ ապա դարձյալ, ինչպես ամեն քառատողի վերջում, այստեղ էլ նորից հարցնում է երկրե-երկիր թռչող կռունկին, թե մի փոքրիկ լուր է՞լ չունի իր հայրենիքից:

Իսկ վերջին քառատողում հայ պանդուխտը թախիծով դիմում է կռունկին, որ այդպես էլ իրեն պատասխան չտվեց, և դառնացած սրտով ասում է. «Գնա՛, հեռացի՛ր մեր աշխարհից»: Այսինքն եթե կռունկը մեկ լուր էլ չի տալու իր հայրենիքից, որի կարոտից ինքը տառապում է, էլ ինչո՞ւ է գնում այնտեղ, էլ ո՞ւմ է պետք նրա՝ Հայաստան թռչելը:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան