Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Չարենցն ու Իզաբելլան, և նրանց դուստրը՝ Արփենիկ Չարենցը

Իզաբելլա Կոդաբաշյանը Եղիշե Չարենցի երկրորդ կինն էր, երբ նրանք հանդիպեցին Իզաբելլան ընդամենը 22 տարեկան էր ու առաջին անգամ էր Մոսկվայից եկել Երևան։ Մեկ-երկու հանդիպումներից հետո Չարենցը պարզ ու ուղիղ ասում է Իզաբելլային, որ ուզում է ընտանիք ստեղծել և երկար ու ձիգ հանդիպումների ժամանակ չունի։

Իզաբելլան «այո» կամ «ոչ» ասելու համար երեք օր է խնդրում։ Երեք օր անց էլ տալիս է իր համաձայնությունը, ինչին ի պատասխան Չարենցը վճռում է՝ հաջորդ օրը՝ կեսօրին, անհապաղ գնալ ԶԱԳՍ։ Այդպիսով, 1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։

Չարենցը, Իզաբելլան

Հետագայում Չարենցի ու Իզաբելլայի հարաբերությունները ավելի շատ կառուցվում են հարգանքի ու հավատարմության վրա, քան՝ խելահեղ սիրո։ Իզաբելլան զգալիորեն փոքր էր ամուսնուց, հայրեն գրել-կարդալ չգիտեր. այս ամենը հիմք եղան, որպեսզնի Չարենցը կնոջը վերաբերվի մի քիչ որպես «ուսուցիչ» ու մի քիչ էլ, որպես «հայր»։

Չարենցի կյանքում չէր դադարում մնալ ու լինել իր մեծագույն սերը՝ Արփենիկը, որի կավե դիմապատկերն այլևս Իզաբելլայի հյուրասենյակում էր։ Ժամանակակիցները պատմում էին, որ մի օր Չարենցը հանեց այն՝ նկատելով կնոջ նեղսրտությունը։ Այուհանդերձ, Արփենիկը կենդանի մնաց թե’ Չարենցի գործերում, թե’ նրա սրտում… իսկ տարիներ անց երկրորդ կենդանություն առավ՝ Չարենցի դստեր շնորհիվ։

Արփենիկ Չարենցը

Եղիշե Չարենցը դստեր՝ Արփենիկի հետ

Արփենիկը Չարենցի ավագ դուստրն է, ծնվել է 1932 թվականի հուլիսի 25-ին, և անվանակաոչվել ի պատվի Չարենցի առաջին կնոջ՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանի։ Չարենցն անսահման սիրում էր դստերը ու նրան Բոժիկ անվանում, ինչը նշանակում էր «փոքրիկ աստվածուհի»։

«Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ»:

Արփենիկ Չարենց

Ցավոք երջանիկ մանկությունը տևում է ընդամենը հինգ տարի։ 1937 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Խորհրդային հանրապետության ներքին գործերի կոմիսարի ստորագրությամբ լրացվում է Սունդուկյան 6 հասցեում գտնվող Չարենցի տան խուզարկության փաստաթուղթը։ Այնուհետև Չարենցին ձերբակալում են, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո հաճարեղ գրողն ու սիրող հայրը մահանում է բանտում։ Շաբաթներ անց Իզաբելլան ձերբակալվում է հենց փողոցում՝ անտեր թողնելով տրամվայի գծերի մեջ երկու աղջիկներին, որոնցից փոքրը՝ Անահիտը, մնում է Իզաբելլայի մոր խնամակալության տակ, իսկ մեծը՝ Արփենիկը, հանձնվում մանկատուն: Իզաբելլան աքսորվում է Սիբիր և աղջիկների մոտ վերադառնում տարիներ անց…

«Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց»:

Արփենիկ Չարենց

Հետաքրքիր է, որ Արփենիկի խնամակալությամբ զբաղվել են գրող Գևորգ Էմինը և Վահան Տերյանի դուստրը՝ Նվարդը։ Նրանք որդեգրում և ընտանեկան ջերմություն են տալիս Եղիշե Չարենցի դստերը՝ Արփենիկին, որը հետագա ամբողջ կյանքի ընթացքում Նվարդին «մամա» էր կոչում: Նվարդ Տերյանը հիշում է.

«Հերթական անգամ, երբ լողացնում էի Արփենիկին, հասկացա, որ սա պատմական պահ է. փաստորեն Վահան Տերյանի դուստրը Եղիշե Չարենցի դստերն է խնամում»:

Դպրոցն ավարտելուց հետո Արփենիկը սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում: Իր ամբողջ հետագա կյանքը նվիրել է հոր գրական ժառանգության ուսումնասիրությանը: Եղիշե Չարենցի երկու դուստրերը՝ Արփենիկը և Անահիտը, Չարենցի տուն-թանգարանի հիմնադիրներից են: Արփենիկն աշխատել է Չարենցի տուն-թանգարանում՝ որպես գիտաշխատող, եղել է տուն-թանգարանի գիտական խորհրդի նախագահը:

Արփենիկ Չարենցը

«Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:

Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս»:

Արփենիկ Չարենց

Արփենիկ Չարենցը մի շարք ուսումնասիրությունների, հոդվածների, պատմվածքների, հիշողությունների գրքերի հեղիակ է: Արժանացել է մի շարք մրցանակների:

Չարենցի դուստրը մահացել է 2008 թվականինին: Ունի երկու որդի՝ Եղիշեն և Արմենը: Եղիշեն տնտեսագետ է: Արմենն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ոստիկանության գնդապետ է:

Աղբյուր՝ vnews.am