Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Գարեգին Սրվանձտյան. Կենսագրություն

Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան, Սրվանձտյանց (նոյեմբերի 17, 1840, Վան, Թուրքիա - նոյեմբերի 17, 1892, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ։

Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը։ Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է։

Կենսագրություն

Ծնվել է 1840 թ. Վանում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «Արծուի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ 1862 թ.ն Մշո Սուրբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, 1863-1865 թթ. «Արծուիկ Տարօնոյ» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։

Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թթ. շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ 1867 թ. Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ։ 1867-1869 թթ. ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ 1869 թ. նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում: 1872 թ. մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»: Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։

1879-1881 թթ. եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին։ 1881 թ. կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում: 1886 թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր։ Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը։ Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։ Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։

Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թ. Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։

Գրական գործունեությունը

Սրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների («Մասիս», «Արեւելեան մամուլ», «Կռունկ Հայոց աշխարհին», «Մեղու Հայաստանի» և այլն)։ 1866 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրատարակված է 1875 թ, 1884 թ)։

Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգութիւն մեծին Սահկայ Պարթեւի եւ անկումն Արտաշրի Արշակունւոյ» (գրված 1860-1870 թթ.) և «Շուշան Շաւարշանայ» (1875 թ.) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց եւ նորոց» 1874 ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէս Խորենացւոյ», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշէ Պոլօ» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն (1876) բաղկացած է «Հայրենեաց վէպք եւ զրոյցք», «Երգք եւ նուագք հայրենեաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։ «Թորոս Աղբար»-ում (1879-1884 և ռուսական հրատարակություն 1887) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում (1884) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են Մովսես Խորենացին, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ եւ Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կէս կորեկ» և այլն)։

Աշխատություններ

Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Թորոս աղբար, Հայաստանի ճամբորդ, մասն առաջին, Կ. Պոլիս, 1879:
Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Թորոս աղբար, Հայաստանի ճամբորդ, մասն երկրորդ, Կ. Պոլիս, 1884:
Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Հնոց եւ նորոց. պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէսի Խորենացւոյ, Կ. Պոլիս, 1874:
Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ (.html):
Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Մանանայ (.html):
Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Թորոս աղբար (.html):
Գարեգին վրդ. Սրուանձտեանց, Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ (.html):

Երկեր

Հնպց եւ նորոց, Կ. Պոլիս, 1874, 192 էջ:
Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ, Կ. Պոլիս, 1874, 192 էջ:
Նոր ընթերցարան, տետրակ Ա, Կ. Պոլիս, 1875, 72 էջ:
Նոր ընթերցարան, տետրակ Բ, Կ. Պոլիս, 1875, 120 էջ:
Շուշան Շաւարշանայ, Կ. Պոլիս, 1875, 109 էջ:
Մանանայ, Կ. Պոլիս, 1876, 458 էջ:
Թորոս Աղբար, Կ. Պոլիս, 1879, 244 էջ:
Համով-հոտով, Կ. Պոլիս, 1884, 384 էջ:
Հայաստանի ճամբորդ, Կ. Պոլիս, 1884, 488 էջ:
Քրիստոնեական ուսումն Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պոլիս, 1884, 144 էջ:
Քրիստոնեական ուսումն Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պոլիս, 1894, 164 էջ:
Համով-հոտով, Թիֆլիս, 1904, 416 էջ:
Գրոց ու բրոց, Կ. Պոլիս, 1910, 88 էջ:
Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ, Կ. Պոլիս, 1910, 44 էջ:
Շուշան Շաւարշանայ, Կ. Պոլիս, 1911, 64 էջ:
Համով-հոտով, հատ. Ա, Փարիզ, 1949, 208 էջ:
Համով-հոտով, հատ. Բ, Փարիզ, 1950, 216 էջ:
Կոմիտաս վարդապետ (հայ երաժշտութեան առաքեալը), Պէյրութ, 1969, 77 էջ:
Երկեր, հատ. 1. Գրոց ու բրոց, Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, Մանանա, Համով-հոտով, Երևան, 1978, 666 էջ:
Երկեր, հատ. 2, Երևան, 1980, 564 էջ:
Թորոս Աղբար: Համով-հոտով, Վենետիկ, 1997, 84 էջ:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի