Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Արտաշես Գևորգյան. Կենսագրություն

Արտաշես Գալուստի Գևորգյան (1894, Էրզրում, Խոտորջուրի Միջինթաղ գյուղ - օգոստոս, 1937, Երևան), հայ վրիժառու, գնդակահարել է Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշային:

Կենսագրություն

Հայ ժողովրդական վրիժառու Արտաշես Գևորգյանը ծնվել է 1894 թվականին Էրզրումի վիլայեթի Խոտորջուրի գավառակի Միջինթաղ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում: Եղել է ընդունակ և սրամիտ աշակերտ: Արտաշեսը դեռևս մանուկ հասակից աչքի է ընկնում նաև իր խիզախությամբ և ճշմարտասիրությամբ: 1907 թվականին խոտորջուրցի շատ պատանիների և երիտասարդների նման մեկնում է Ռուսական կայսրություն` արտագնա աշխատանքի, որտեղ որպես բանվոր աշխատում է Դոնեցկի ավազանի Գոլուբովկա հանքահորի փռում: Վերադառնալով հայրենիք` 1910-1912 թվականներին աշակերտում է դերձակի մոտ: 1912 թվականին դարձյալ մեկնում է Լուգանսկ, որտեղ նրա վրա խոր ազդեցություն է թողնում սոցիալ-դեմոկրատական գաղափարներով համակված Պոպով ազգանունով մի ռուս երիտասարդ: 1914 թվականին, երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը և ռուսական զորքերի կազմում հայ կամավորականների հավաքագրումը` Արտաշեսը չի անդամագրվում հայ կամավորական շարժմանը` գտնելով, որ ցարի զենքը արյունոտ է: Այնուհանդերձ, 1916 թվականին նա իր եղբոր` Թորգոմ Գևորգյանի (Ազվին) հետ, ով եղել է Զորավար Անդրանիկի (Օզանյան) համհարզը, մտնում է Անդրանիկի զորագունդը և ակտիվ մասնակցում 1916-1919 թվականներին Անդրանիկի մղած բոլոր մարտերին, որի ժամանակ քաջությամբ աչքի է ընկնում հատկապես Խոյ քաղաքից նահանջելիս` Սայտավարի կամրջի պաշտպանության ժամանակ` արժանանալով Զորավար Անդրանիկի դրվատանքին։ 1919 թվականին Արտաշեսը եղբոր հետ Անդրանիկին ուղեկցել է մինչև Բաթում` արտասահման անցնելու համար: 1922 թվականին Դոնբասում բնակվող մի խումբ խոտորջուրցիներ որոշում են Խորհրդային Հայաստանում հիմնադրել Նոր Խոտորջուր անունով մի գյուղ: Այդ նպատակով Արտաշեսը Դոնբասից ուղևորվում է Հայաստան` տեղ ընտրելու և կառավարության հանձնարարությունը ստանալու համար:

Ջեմալ փաշայի սպանությունը

1922 թվականի հուլիսին, երբ Արտաշեսն իր ծնողների հետ հասնում է Թիֆլիս, այստեղ է գալիս նաև հայատյաց և ջարդարար Ջեմալ փաշան: 1922 թվականի հուլիսի 21-ին ժամը 22:00-ի սահմաններում Արտաշեսը իր ընկերներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Ստեփան Ծաղիկյանի հետ Թիֆլիսում սպանում է 1914-1916 թվականներին հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկին՝ Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ջեմալ փաշային: Ջեմալի սպանությունից հետո, վախենալով ձերբակալությունից, Խորհրդային Հայաստան մեկնելու փոխարեն վերադառնում է Դոնբաս: Ջեմալ փաշայի սպանությունը երկու տարով հետաձգում է խոտորջուրցիների` Խորհրդային Հայաստանում նոր գյուղ հիմնելու ծրագիրը:

Խոտորջուրի կոմունան

1924 թվականին Արտաշեսը հաստատվել է Երևանում: 1925 թվականին, ստանալով Խորհրդային Հայաստանի կառավարության համաձայնությունը, Ներքին Ախտայի մոտ գտնվող կիսավեր Գորուխ-Գյունեի գյուղում 720 հեկտար տարածության վրա կազմակերպել է գյուղատնտեսական կոլեկտիվ` Խոտորջուրի կոմունան, և դարձել նրա առաջին նախագահը։ Արտաշեսի ղեկավարությամբ Խոտորջուրի կոմունան համեմատաբար մեծ նվաճումների է հասնում: Նա ոչ միայն գրասենյակային նախագահ էր, այլև կոմունայի շարքային անդամ, իր բազում ընդունակությունների շնորհիվ` կոմունայի հողագործը, հացագործը, պայտառը, դարբինը, դերձակը, ճարտարապետը: Արտաշեսին պետք է վերագրել այն, որ շատ կարճ ժամանակահատվածում մոտակա Թաքյառլու, Ռնդամալ, Թայչարուխ, Քարվանսարա, Նովո Միխայլովկա, Ախտա գյուղերի հայ, ռուս և ադրբեջանցի գյուղացիները չափազանց մեծ համակրանքով ու սիրով էին լցված դեպի կոմունան և նրա նախագահը: Շատ անգամ է Խոտորջուրի կոմունան Արտաշեսի գլխավորությամբ օգնության հասել հարևան գյուղացիներին, օգնել կամ լուծել բազմաթիվ կնճռոտ հարցեր: Սակայն, վրա են հասնում ստալինյան բռնաճնշումները: 1936 թվականին Արտաշեսը ևս ձերբակալվում է և 1937 թվականի օգոստոսի 14-ի, լույս 15-ի գիշերը ժամը 02:00-ին գնդակահարվում է Ջեմալ փաշային սպանելու մեղադրանքով։ 1956 թվականին Արտաշեսը հետմահու արդարացվել է։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի