Այսպէս է ասում Տէրը. «Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք» (Իմաստ. Սողոմոնի 6:9-10)

Վահրամ Փափազյանը Վահան Թոթովենցի մասին

Այդ տարիներին Երևանում իմ մտերիմն ու մխիթարանքը Թոթովենցն էր:

Հազիվ մի երկու տարի առաջ հանդրպել էի Վահանին` իր շնորհալի կնոջ հետ, Պոլսո փողոցներից մեկում` ամռան մի գեղեցիկ օր, և մի երկու բաժակ գարեջրի շուրջ սեղանակցել Շիշլիի ամառային պարտեզում:

Այդ «կապուտաչյա տղեկին», ինչպես ինքն է անվանում իրեն` իր այնքան գեղեցիկ գրքում, սիրում էի ես, և ճանաչողը նրան չէր կարող չսիրել: Հաճախ էր լինում մեր կուլիսներում, և նրա տունը միակն էր այդ ժամանակներում, ուր անդորր ու խաղաղ ժամեր էի գտնում ես` իմ թանկագին Թինայի հետ, որին նույնպես դուր էր գալիս Վահանը` իր կոտրտված ռուսերենով:

Կապուտաչյա բարեկամս հմուտ անգլիագետ էր և շեքսպիրյան մասնագետ. Ահա թե ինչու մեր հանդիպումները երբեմն երկարում էին մինչև ուշ գիշեր` իմ սիրած հեղինակի շուրջ, երբեմն հասնում անհաշտ վիճաբանության, երբեմն էլ` երկուստեք համաձայնության: Եվ պատահում էր շատ հաճախ, որ Վահանը գիշերում էր ինձ մոտ` թատրոնի կուլիսների ետևում` իմ խղճուկ սենյակում, կամ ես նրա մոտ` իր համեստ տանը` առանց վերմակի կամ առանց բարձի, որովհետև այդ կապուտաչյա, սիրուն մարդը ավելորդ վերմակ կամ բարձ իսկ չուներ:

Մեր ազգային վերածննդի, մեր արվեստի, ինչպես և մեր նոր ժամանակների բոցաշունչ հռետորն էր Վահանը` անբասիր մի սիրտ, թևավոր մի հոգի, և Պոլսից իմ Երևան գալու հարցում նա մեծ դեր ուներ: Եվ, իրոք, վա՜յ ինձ, որ այս տողերում ինձ վիճակված է սգալ ողբը իմ բարեկամի…