Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

«Հո՛ւյսդ դիր Տիրոջ վրա և բարությո՛ւն գործիր»

«Յուսա՛ ի Տէր և արա զքաղցրութիւն»

«Հո՛ւյսդ դիր Տիրոջ վրա և բարությո՛ւն գործիր» (Սաղմոս 36։3)։

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․

Քրիստոնեությունը սիրո կամուրջներ է կառուցում ամենատարբեր մարդկանց միջև, խտրականություն չի դնում հարուստի և աղքատի, առողջի և հիվանդի, տղամարդու և կնոջ միջև, միմյանց է կապում ծանոթին ու անծանոթին, բարեկամներին, ընկերներին, մեծերին ու փոքրերին, որովհետև նրա բուն էությունը այն է, որ ոչ մեկ իրեն չառանձնացնի, բարձր չդասի մյուսից, իսկ մյուսն էլ իրեն Աստծուց մերժված չհամարի։

Քրիստոնեական քաղցրությունն ու ջերմությունը, որ սնունդ են առնում մեր հավատքից և Սուրբ Հոգու մեծագույն շնորհներից են, իրենց հերթին սնուցում են նաև մարդկանց կապերն ու փոխհարաբերությունները։ Դրանք սիրո մեծ ցուցիչներ են։ Կարևոր է, երբ քաղցրախոսությունը շողոքորթություն չէ, երբ նպատակ է հետապնդում՝ չվիրավորելու և Քրիստոսի սիրով վերաբերվելու յուրաքանչյուր անձի։ Ճշմարիտ քաղցրախոսությունը հակառակ է բարկության։ Միաժամանակ նաև այն չի ստում, չի կառուցում սուտուփուչ հարաբերություններ։ Մարդկային ջերմությունը կարևոր է, որովհետև մարդիկ միշտ էլ զգում են քաղցրության և ջերմության կարիքը, որոնք անկեղծ են և բխում են մաքուր սիրուց։

Հետաքրքիր է, որ Աստվածաշնչի գրաբարյան բնագրում բարության համար շատ դեպքերում գործածված է «քաղցրություն» բառը. «Տէր տացէ զքաղցրութիւն և երկիր մեր տացէ զպտուղ» (Տերը բարություն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տա (Սաղմոս 84։13)), «Զյիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն» (Քո մեծ բարության հիշատակը պիտի ավետեն (Սաղմոս 144։7))։

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ցանկանում էր, որ դրախտը կառուցվի առաջին հերթին մարդու հոգում, սրտում ու մտքում, որպեսզի մարդիկ դրանից հետո իրենք դրախտ դարձնեն իրենց շուրջը, որի հիմքում ևս քրիստոնեական սերն ու քաղցրությունն են։ Մարդը միշտ պետք է առաջադիմի իր հավատքի մեջ, սակայն աշխարհի պատրանքները կարող են խոչընդոտել քաղցրության և ջերմության արտահայտմանը և սնուցել մարդու հպարտությունն ու նրան դարձնել անտարբեր։ Մինչդեռ Աստծո պատվիրանների և ուսուցման կարևորագույն կետը սերն է և ուշադրությունը միմյանց հանդեպ։

Սիրելինե՛ր, ցանկալի հոգևոր արդյունքին մենք հասնում ենք աստիճանաբար՝ Աստծո շնորհով և ողորմածությամբ։ Մեր անձնային որակները շտկելով՝ մեր սիրտը դառնում է ողորմած ամենքի նկատմամբ, որովհետև ողորմածությունը միայն նյութական օգնությունը չէ, այլ սիրով, քաղցրությամբ և ջերմությամբ ուղեկցվող յուրաքանչյուր միտք, խոսք և գործ։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Պետք է իմանալ, որ առանց ողորմության դժվարին է մտնել արքայությունը, թեկուզ մեկը կուսական լինի կամ աղոթական մարդ, միևնույն է՝ առանց սիրո և ողորմածության ամեն ինչ խոտան է» (Սուրբ Հովհան Ոսկեբերան, Ապաշխարության պտուղներ, էջ 23)։

Անհրաժեշտ է հիշել, որ Աստված-մարդ հարաբերությունները չափվում են մարդ-մարդ հարաբերություններով։ Ուստի քրիստոնեական ջերմությամբ և քաղցրությամբ սատար լինենք միմյանց՝ անմնացորդ նվիրումով և անսակարկ հանձնառությամբ։ Այս հոգևոր արժեքներով է, որ պիտի կապվեն մարդկային սրտերն իրար, և դրանք են, որ պիտի առաջնորդեն մեզ դեպի դրախտային պարտեզ։

Յուրաքանչյուր քրիստոնյա կարող է վկայել, որ քաղցր է Աստծո ներկայությունը զգալը հոգում և կյանքում։ Քաղցր է կյանքը, երբ մարդը, առանց փոխադարձը ակնկալելու, բարիք է անում, ու բարիքի և օրհնության քաղցրությունը վայելում են թե՛ տվողը, թե՛ ստացողը։ Քաղցրություն և ջերմություն են ապրում ներողն ու ներվածը, երբ կարող էին անհաշտությունը, աններողամտությունը և քինախնդրությունը հավերժ փչացնել և տգեղացնել մարդկային փոխհարաբերությունները։ Երեկ Սուրբ Ներսես Մեծ կաթողիկոսի հիշատակության օրն էր։ Սուրբի վարքագրությունը ընթերցելիս ևս քրիստոնեական կյանքի քաղցրությունն է երևում, անուշահոտություն են բուրում նրա բոլոր ձեռնարկներն ու գործերը, որովհետև նա իր գործերով ջերմություն բերեց մարդկանց սրտերին և մարդկանց կյանքից ներս։

Սիրելինե՛ր, չզլանանք Աստվածային սիրով և քաղցրությամբ շաղախել այլոց հետ մեր հարաբերությունները, որովհետև մեր Տերը՝ Քրիստոս, մեզ սիրել ու ներել սովորեցրեց։ Աստվածորդին խաչվեց մեզ՝ մեղավորներիս համար, և մեզ հավիտենական կյանքի հույս պարգևեց։ Աստված անսահման սիրով ու քաղցրությամբ լսում է մեզանից յուրաքանչյուրին, երբ հավատքով դիմում ենք Նրան։ Ուրեմն, քանի որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով և նմանությամբ, պիտի կարողանանք ջերմություն և քաղցրություն հաղորդել մարդկանց կյանքին թեկուզ նրանց լսելով, մեր ժամանակից նրանց տրամադրելու մեր ցանկությամբ, ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում կողոսացիներին ուղղված նամակում. «Որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ, հագե՛ք, ուրեմն գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, նույն ձևով արե՛ք և դուք։ Եվ այս բոլորի վրա հագեք սերը, որ կապն է կատարելության» (Կողոսացիներ 3։12-14)։

Աստվածային մխիթարություն է մարդու համար, երբ քաղցրություն և ջերմություն է ստանում ուրիշներից, բայց ստանում է անկեղծորեն։ Բարի խոսքո՛վ, ջերմությա՛մբ և քաղցրությա՛մբ լցնենք մեր շուրջը, որպեսզի հույսն ու հավատը մարդկանց առաջնորդեն, որպեսզի մարդիկ չդադարեն հավատալ Բարուն, չկորցնեն ապրելու և արարելու իղձը։ Ինչպես ասվում է առակաց գրքում. «Բարի խոսքը մեղրի խորիսխ է, և հոգու բժշկություն է նրա քաղցրությունը» (Առակներ 16։24)։ Սիրելինե՛ր, այս դժվարին օրերին, մենք միմյանց սիրո և ուշադրության կարիքն ունենք, ուրեմն զորանա՛նք Աստուծով, հույսներս դնենք մեր Տիրոջ վրա և բարիք գործենք։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am