Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Կորնթացիներ 13:3)

Կոմիտաս. Քելեր, ցոլեր

Քելեր, ցոլեր իմ յարը,
Արևի տակին
Քելեր, ցոլեր իմ յարը:
Սարի սովոր,
Մեն-մենավոր,
Շեկ տղա,
Շող արեգակ,
Թո՛ղ արեգակ,
Ե՛կ, տղա:

Քելեր, ցոլեր իմ յարը,
Աղբյուրի ակին
Քելեր, ցոլեր իմ յարը:
Կանաչ առվով,
Ճանաչ առվով,
Ե՛կ, տղա,
Բաղովն արի,
Շողովն արի,
Շեկ տղա:

Քելեր, ցոլեր իմ յարը,
Գերանդին ուսին՝
Քելեր, ցոլեր իմ յարը:
Հով ծառի տակին,
Զով ծառի տակին,
Ե՛կ, տղա.
Հունձ ես արել,
Քրտինք դառել,
Շեկ տղա:

Քելեր, ցոլեր իմ յարը,
Ջա՜ն, աչք ի լուսին՝
Քելեր, ցոլեր իմ յարը:
Հով է, քնիր,
Զով է, քնիր,
Ե՛կ, տղա,
Հունձ ես արել,
Շատ բեզարել,
Շեկ տղա:

Իզաբել Բայրակդարյանի կատարմամբ՝ հայ ժողովրդական «Քելեր, ցոլեր» երգն է: Մշակումը՝ Կոմիտասի:

Կոմիտասյան երկերի իր հատորներից մեկում Ռոբերտ Աթայանը նշում է, որ այստեղ իրականում ժողովրդական երկու երգ է, որոնք կոչվում են «Քելեր, ցոլեր» և «Սարի սովոր», և, ինչպես մի շարք այլ ստեղծագործություններում, այստեղ էլ Կոմիտասը դրանք միացրել է նուրբ ընտրությամբ: Կոմիտասն այս երգը մշակել է թե՛ որպես մեներգ ՝ դաշնամուրի նվագակցությամբ, թե՛ որպես խմբերգ:

Երգում առաջին դեմքից խոսում է աղջիկը, գովելով իր սիրած տղային, որ արևի տակ քայլում է ցոլալով: Ապա հաջորդում են միացված մյուս երգի տողերը, որտեղ աղջիկը հայտնում է, որ իր սիրած տղան շեկ է, սարին սովոր ու մեն մենավոր: Կարելի է ենթադրել, որ տղան էլ աղջկան է սիրում, բայց դեռ իրար չեն խոստովանել միմյանց զգացմունքները և հիմա տղան աղջկա սիրուց ընկել է սար ու ձոր ու միայնակ թափառում է՝ գերի իր սիրտը մաշող կարոտին: Եւ աղջիկը կանչում է տղային իր մոտ՝ նրան անվանելով արեգակի շող, և, կարծես լրացնելով Քելեր, ցոլեր երգի միտքը, որ տղան ցոլում էր արևի տակ, ասում է թող արևը, այսինքն նրա տակ շողալը, ցոլելը և եկ:
Մյուս հատվածում աղջիկը գովում է տղայի աչքերը և դիմում նրան՝ ասելով. ամբողջ օրը հունձ անելուց շատ ես հոգնել, հիմա հով է, քնիր հանգստացիր: Հետո աղջիկը հայտնում է, որ տղան ցոլալով քայլում է աղբյուրի ակին, կարծես ասել ուզելով, որ իր սիրելին ուր էլ գնա, ամեն տեղ շողարձակում է: Եւ նորից կանչում է նրան, ասում է՝ ծանոթ առվի հունով, բաղի միջով արի:

Վերջում ասում է, որ տղան, հունձ անելուց հետո քրտինք դառած, գերանդին ուսին դրած քայլում է և նորից նրան կանչում է հանդիպելու հով ծառի տակ: Տպավորություն է, որ աղջիկն ամբողջ օրը թաքուն հետևել է տղային, իր հիշողության մեջ ամուր պահելով օրվա բոլոր ժամերին ունեցած նրա կերպարանքը՝ մերթ արևի տակ շեկ մազերը ցոլացնելով քայլելը, մերթ էլ՝ հունձքից հետո հոգնած ու քրտնած:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան