Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Կորնթացիներ 13:3)

Սուրբ Թեոդիտոն Գաղատացու, Թալիլեա բժշկի և Անկուրիայում նահատակված յոթ կույսերի հիշատակության օր

Սուրբ Թեոդիտոն Գաղատացի

Հույների և Լատինների մոտ հայտնի է Թեոդոտոս անվամբ, այստեղ ներկայացնում ենք նրա մասին Թորգոմ Պատրիարքի գրածը:

«Թեոդիտոնը 303 թ.-ին, երբ Դիոկղետիանոսը քրիստոնյաների դեմ հալածանք հայտարարեց, Գաղատիա նահանգի Անկյուրա քաղաքի մի գինեվաճառ էր: Օգտվելով իր արհեստի հանգամանքներից, որոնք իրեն նվազ կասակածելի էին դարձնում հալածողների աչքին, նա ամեն կերպ օգնում էր բանտարկված քրիստոնյաներին՝ թաղում էր նրանց մարմինները, Ս. Խորհրդի համար հաց և գինի էր հայթայթում, իր տունը պատսպարան և եկեղեցի էր դարձնում հալածվողների համար: Երբ Թեոդեկնոս կայսրը, ջրասույզ անելով, նահատակեց Անգարացի յոթ կույսերին, որոնցից առաջինը նրա մորաքույրն էր, և նրանց պարանոցից քարեր կապելով ջրասույզ արեց նրանց մարմինները, որպեսզի իրենց դավանակիցների կողմից երկյուղածության առարկա չլինեին, ինքը, մի քանի այլ քրիստոնյաների օգնությամբ, ամեն ջանք գործ դնելով, լճից հանեց մարմինները և թաղեց Նահապետաց եկեղեցու մոտ: Երբ իրողությունը հայտնի դարձավ՝ քաղաքի բոլոր քրիստոնյանները ծանր նեղությունների մեջ հայտնվեցին: Այդ ժամանակ Թեոդիտոնը ինքն իրեն հանձնեց ատյանին և ծանր տանջանքներից հետո հրաշքով ողջ մնալուց հետո գլխատմամբ նահատակվեց:

Նրա հիշատակությունը տոնում ենք Հոգեգալուստին հաջորդող երրորդ հինգշաբթի օրը:

Թալիլեա բժիշկ

Կիլիկիայից էր Թալելեոսը և հմուտ՝ բժշկության մեջ: Իբրև քրիստոնյա ձերբակալվեց Անարզաբա քաղաքում և ատյան տարվեց, երբ մերժեց ուրանալ քրիստոնեական հավատը, կրունկների վերնամասը ծակելով՝ ոչխարի նման կախեցին նրան: Դահիճներից երկուսը, տեսնելով նրա անհողդողդ հավատքը, քրիստոնեություն են ընդունում և անմիջապես նահատակվում, նրանք հիշատակվում են Թալելեոսի հետ նույն օրը, լատինները հիշատակում են նրանց որպես Ալեքսանդր և Աստերիոս: Տանջանքներից հետո Թալելեոսին ծովն են նետում, այստեղ էլ նա հրաշքով փրկվում է և դարձյալ ատյան տարվում: Ի վերջո, նրան Եդեսիա տարան, որտեղ Նումերիանոս Կայսեր օրոք, 284 թ.-ին գլխատվելով նահատակվեց:

Յոթ կույսերը, որ նահատակվեցին Անկուրիայում

Այս կույսերը Անգարացի էին: Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվեցին և զանազան փորձությունների ու տանջանքների ենթարկվեցին, որոնցից Աստված հրաշքով փրկեց նրանց: Այդ ժամանակ դատավորը հրամայեց նրանց պարանոցներից քարեր կապել և ջրասույզ արել: Եվ Թեոդիտոն Գաղատացի անունով մեկի ու մի խումբ քրիստոնյաների կողմից, նրանց մարմինները պատվով թաղելու համար ջրից հանվեցին և այդ իսկ պատճառով, 303 թ.-ին, նա էլ նահատակվեց և այս կույսերի հետ է տոնվում:

Տոնում ենք Հոգեգալուստին հաջորդող երրորդ հիգշաբթի օրը:

«Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Տաթեւի վանքի վանահայր Հայր Միքայելի քարոզը - Սուրբ Թեոդիտոն Գաղատացու, Թալիլեա բժշկի և Անկուրիայում նահատակված յոթ կույսերի հիշատակության օր