Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Ա Պետրոս 1.13-17

13. Որով պնդեալ զմէջս մտաց ձերոց՝ զուարթացեալք բովանդակ սպասիցէք հասելոց ձեզ շնորհացն ի յայտնութեանն Յիսուսի Քրիստոսի:

14. Իբրև զորդիս հնազանդութեան. մի՛ կերպարանեալք առաջին ձերովք անգիտութեանն ցանկութեամբք:

15. Այլ ըստ սրբոյն, որ կոչեաց զձեզ, և դո՛ւք սուրբք յամենայն գնացս ձեր լինիջի՛ք:

16. Վասն որոյ գրեալ է, եթէ եղերո՛ւք սուրբք, զի ես սուրբ եմ:

17. Եւ եթէ Հայր կոչիցէք զայն, որ առանց ակնառութեանն դատի ըստ իւրաքանչիւր գործոց. ապա երկիւղիւ զձերոցն պանդխտութեան ժամանակս գնասջիք:

13. Ուստի, գոտեպնդելով ձեր միտքը, զգաստ, կատարյալ հույսով սպասեցե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին:

14. Իբրև հնազանդ որդիներ, մի՛ կերպարանվեք նախկին՝ ձեր անգիտության ժամանակվա ցանկություններով.

15. այլ, նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կյանքով սուրբ եղեք.

16. քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես»:

17. Եվ եթե Հա՛յր եք կոչում նրան, որ առանց աչառության դատում է յուրաքանչյուրին ըստ գործերի, ապա երկյուղով ապրեցեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակը:

Մեկնություն

Երանելի Պետրոսը մեծարժեք շատ խոսքեր ասաց, ուստի և ցանկանալով մեզ ցույց տալ Հայր Աստծու անսահման գթությունը՝ մեր առջև դրեց Որդու մարմնանալը և չարչարանքները: Եվ այս ամենը հավաստիացրեց մարգարեների վկայություններով, որոնք Սուրբ Հոգու միջոցով պատգամներ խոսեցին, և առաքյալների միջոցով տարածվեց ողջ աշխարհով, սակայն ոչ առանց Հոգու, այլ՝ Սուրբ Հոգու միջոցով, որ ուղարկվեց նրանց երկնքից, և այս օրինակով լսողների մտքերը վեր բարձրացրեց և տանելով՝ Աստծու մոտ կանգնեցրեց: Եվ այս բարձրությունը բավական չհամարելով՝ այլ օրինակներով մեջբերեց բարձրությունից աստվածային ելքը և նաև խրատ ավելացրեց, որպեսզի ոչ միայն մարմինը պարսպել աստվածային երկյուղով և Հոգու շնորհների միջոցով գոտեպնդել, որ չըմբոստանա՝ անվարժ ավանակի պես ճանապարհից շեղվելով՝ ըստ իր վայրաքարշ բնության, այլ կարողանա հատկապես միտքը սանձահարել, որպեսզի չհակվի մարմնի վայրաքարշ ցանկություններին՝ իր հետ քաշելով նաև հոգուն, այլ որ միշտ բարձր մնա՝ ըստ հոգու բնույթի, ինչպես պարանով կապված: Եվ խոսքը հետևյալ կերպ է սահմանվում. որով գոտեպնդելով ձեր միտքը, զգաստությամբ…

Վերևում ասացինք առաքյալների՝ Սուրբ Հոգի ստանալու մասին, որով ամրացան՝ մի կողմ թողնելով մարդկային տկարությունները և ճշմարիտ Հոգու զորությամբ գոտեպնդվելով՝ քաջաբար հաղթեցին ընդդիմամարտ պատերազմողներին՝ վերացնելով բանսարկուի մեքենայությունները և բացահայտ խայտառակելով նրա զորությունը: Նման ձևով նաև դուք, ասում է, նույն Հոգով գոտեպնդվեցեք՝ նրանով սպառազինվելով, և որով գրքերը պսակում են մեր Տիրոջը, նույն պսակով և սա պսակում է մեր Տիրոջ սպասավորներին, ինչպես որ ասում է. «Արդարությամբ պիտի գոտևորի իր մեջքը և ճշմարտությամբ կապի իր կողերը» (Ես. 11:5): Արդարությունը և ճշմարտությունը Սուրբ Հոգին է, որ իջավ իր փառակցի վրա և կատարեց մեր փրկության խորհուրդը:

Եվ ինչո՞ւ է ասում պիտի գոտևորի մեջքը՝ անմարմինի մասին ինչպես մարմնավորի խոսելով, որպեսզի այն, ինչ մարմնի վրա երևում է, պատկերվի նաև մտքում, և որ չվրիպի ճշմարտությունից: Արդ, նախ տեսնենք, թե մարմնի ո՞ր հատվածն է մեջք կոչվում. մեջք ենք կոչում մարմնի վերին արտաքին մասը ներքին մասից բաժանող սահմանը: Վերջին հատվածը ոսկորներով միմյանց կցվելով է հաստատված, իսկ առաջին մասը անմասն է ոսկորներից և կերակուրի վայրն է, որով ամբողջ մարմինը կենդանություն է ստանում, նաև ասում են երիկամների ցանկական մասն է նրա մեջ և հեշտությամբ կորացող է և ուղղվող: Իսկ մեջքը գոտեպնդելն իմաստասիրորեն է ասվում՝ պատրաստ գործի և անխոչընդոտ ընթացքի, հաստատուն զգեստներով, միևնույն ժամանակ նաև զգեստներով զսպելու մարմնի ջերմությունը: Միաժամանակ գոտիով նաև ցանկությունը սանձել է նշանակում, որպեսզի անասունների պես մեր մեջքերն առանց կապվելու չլինեն ցանկությունների դեմ:

Արդ, քանի որ իմացանք, թե մարմնի որ մասն է մեջքը և թե ինչու ենք այն գոտեպնդում, ապա պետք է իմանանք նաև մտքի մեջքի մասին: Եվ ինչո՞ւ է պատվիրում Հոգով գոտեպնդել այն, քանզի մեջքը մտքինն է, իսկ մարմնինը՝ հոգին, կեսը նրանից վեր է, այսինքն՝ միտքը, որ առաջնորդում է հոգուն: Ուստի, ինչպես մարմնի համար աչքն է, այդպես էլ միտքը՝ հոգու համար, քանզի նրա կեսը՝ ներքին կողմը, մարմնին ծառայելու մասն է, ունի նա նաև հակառակ կողմ՝ տրտմականը, որը ոսկորի պես կարծր է, իսկ առջևի կողմից խոսքն է՝ շտեմարանը բոլոր հոգևոր կերակուրների: Նրա մեջ է աստվածայինի և միայն բարու ցանկականը, հեշտությամբ ցած է իջնում խոնարհության գործերի համար և արագ ուղղվում դեպի վեր՝ վերինը դիտելու: Իսկ ամրացնում ենք այն, որպեսզի պատրաստ լինի պատվիրանապահությանը և անսայթաք՝ հոգևոր ճանապարհին՝ որպես զսպող ունենալով մտքի պատմուճանը՝ տաքացնելու համար մարմնական գարշությունների սառնամանիքը: Իսկ ողջախոհությամբ հալածում ենք վավաշոտ ցանկությունները, որպեսզի չաղտեղանան և խոզի պես չթավալվեն տիղմում: Իսկ հեզությամբ սանձում ենք բարկությունը, որպեսզի իր սահմանից դուրս չգա և չվնասի հոգուն, այլ՝ վեր գտնվելով սրանցից, արագաթռիչ թռչունի պես երկինք նայի, որտեղ Քրիստոսն է նստում Հոր աջ կողմում: Այս ամենին նայելով ասաց. ուստի, գոտեպնդելով ձեր միտքը, զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին:

Սա նշանակում է, որ այն տրտմության մեծագույն աղետը, որ առաջին մարդու անհնազանդության պատճառով մեր բնության մեջ մտավ, Սուրբ Հոգու շնորհների գալստյամբ հեռացավ մեր միջից: Եվ մտքի թուլությունը, որ ջրի պես ներքև էր հոսում, ամրանալով՝ պնդացավ, առաջինը վեր տարավ դեպի հաստատություն, որով էլ ուրախացրեց սգավոր հոգուն՝ հեռացնելով առաջին տխրությունից և տրտմությունից:

Կատարյալ հույսով սպասեցե՛ք. այսինքն՝ այն հույսով, որ բոլորը ստանալու են, քանի որ խոսացավ, անսուտ է, բարիքը՝ պատրաստ, իսկ պատվիրատուն՝ առատ: Շնորհ ասելով կարծում եմ նկատի ունի ավազանը, որից հոգով և ջրով վերստին ծնվում ենք որպես Աստծու որդիներ, ոչ թե արյունից և մարմնի կամքով, այլ՝ Սուրբ Հոգով:

Ուստի, սրա համար Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ, որպեսզի մեզ՝ մարմնավորներիս, ավազանի անախտ ծննդյամբ ի պատիվ Բանի՝ վեր բարձրացնի և իր անզուգական փառքին հաղորդակից դարձնի: Քանզի Միածնի պատիվն Աստծու Որդի լինելն է, իսկ մենք նրա պատվով ենք զարդարվում, երբ Աստծուն որդեգրվելով՝ վեր ենք բարձրանում: Այսպես ասաց նաև Հովհաննեսը. «Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք. և դեռ հայտնի էլ չէ, թե ինչ ենք լինելու: Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպես, ինչպես նա կա» (Ա Հովհ. 3:2):

Արդարև, շնորհների առավելությունը և անճառ բարիքները ո՛չ արդարության համար պարգևներ են և ո՛չ էլ բարեգործության հատուցում, այլ՝ իր ողորմության և մարդասիրության արդյունք, որ ո՛չ ըստ մեր մեղքերի վարվեց մեզ հետ և ո՛չ էլ ըստ մեր անօրինությունների հատուցեց մեզ, այլ մինչդեռ մեղավոր էինք, սիրեց մեզ և ոչ միայն սիրեց, այլև երանելի ու ցանկալի դարձրեց ու շնորհեց մեզ մի պատիվ, որը վեր է բոլոր պատիվներից:

Դրա համար էլ ասաց. կատարյալ հույսով սպասեցե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին: Այս բոլոր շնորհները, ասում է, և՛ ընտրությունը, և՛ Աստծու Հոր հետ հարազատությունը, որդեգրությունը, Հոգու հետ հաղորդությունը Քրիստոսի հայտնությամբ մեզ պարգևեց: Եվ նորից, եթե Տիրոջ երկրորդ հայտնության մասին մեկը խոսի, անպատեհ չի լինի, քանզի այդ անճառ բարիքների գրավականն այստեղ ընդունեցինք: Իսկ այս ամենի հատուցման կատարումը գալիքում՝ Քրիստոսի հայտնությամբ ենք ընդունելու, ինչպես վերևում ասաց. ձեռք բերելով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը: Նույնպես նաև այստեղ է ասում, թե ձեզ հասանելիք շնորհի կատարումը և ձեր հավատքի ընծայումը՝ լի և անթերի, արդարների հատուցման ժամանակ ընդունելու եք:

Եվ երբ խոսեց Աստծու անբավ և անսահման շնորհների առավելության մասին, և վեր բարձրացնելով՝ Աստծու մոտ կանգնեցրեց, որպես որդի լուսո և որդի տվնջյան, ավազանով մեզ առնելով՝ որդեգրության շնորհով պատվի արժանացրեց: Եվ մեզ Հայր կոչվեց. «որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր: Նույն ինքը՝ Հոգին վկայում է մեր հոգուն, թե Աստծու որդիներ ենք, և եթե որդիներ ենք, ապա և՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու և ժառանգակիցներ Քրիստոսի» (Հռոմ. 8:15-17): Եվ այս պարգևների կատարումը գալիքում է լինելու: Այնուհետև հնազանադություն է նրանցից պահանջում, որը մտերիմ և սիրելի որդու օրինակն է, և այսպես է սահմանվում.

Իբրև հնազանդ որդիներ: Նրանց առջև գերագույն պատիվ դնելով՝ զգուշացնում է և հակառակով հակառակը բժշկում, և հնազանդությամբ հալածում է անհնազանդությունը և խրատում է չնմանվել նախնի Ադամին, որ գերագույն պատվից, արարչական սիրուց, անճառ բարիքներից, հրեշտակային վարքից հետո մեկ պատվիրանի հանդեպ անհնազանդ գտնվելով՝ ամեն ինչ կորցրեց և ընկավ այնպիսի դատավճռի տակ, որը կարողացավ լուծանել միայն Աստված: Արդ, դուք, ասում է, որ նրանից առավել մեծ պատիվ ընդունեցիք, արժանի եղաք ազատության ու որդեգրության շնորհին և Աստծու պատկեր կոչվեցիք, ու առանց ցավի կյանք վաստակեցիք, պարտավոր եք հնազանդություն ունենալ, քանզի դա է մտերմիկ որդու կերպարը և տեսակը:

Եվ ինչպես որ Աստծու միածինն ու սիրելին մահու չափ և խաչի մահով հնազանդ եղավ Հորը, նույնպես նաև դուք, եթե ցանկանում եք Քրիստոսի եղբայր լինել և փափագում եք բաժնեկից և հաղորդ դառնալ նրա ժառանգությանը, ապա պետք է գնաք նրա ճանապարհով և նրա՝ Հոր հանդեպ ցուցաբերած հնազանդության օրինակով դուք էլ ձերը ցուցաբերեք Աստծուն, ինչպես որ ինքն իսկ ասաց՝ բնությամբ Աստծու Որդին. «Ես իմ Հոր կամքն եմ կատարում» (հմմտ. Հովհ. 6:38) և կամ՝ «Մնում եմ նրա սիրո մեջ» (Հովհ. 15:10), և նորից՝ «Ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց» (Հովհ. 6:38):

Հետևաբար նա, ով բնությամբ Աստված էր և Որդի Աստծու, այդպիսի վշտեր կրեց ձեր փրկության համար, ապա որքան առավել պարտավոր եք դուք, որ շնորհով Աստծու որդիներ եղաք, մնալ նրա հնազանդության մեջ: Եվ այսպիսի հեշտություններից հետո տխրություններն է դնում, որպեսզի դրանով առավել ևս աճեցնի բարու հանդեպ սերը՝ մտաբերելով, թե ինչից ինչի արժանացանք և կամ ինչպիսի չարիքից հանկարծակի ինչպիսի բարիքի փոխվեցինք:

Դա նկատի ունենալով՝ ասում է. մի՛ կերպարանվեք նախկին, ձեր անգիտության ժամանակվա ցանկություններով: Ասվածի իմաստը սա է. նոր Ադամի կերպարանքով Հոգով վերստին որդեգրություն ստանալով և գիտության լույսով լուսավորվելով, նորից մի՛ կերպարանվեք հին Ադամի կերպարանքով և ձեր անգիտության պատճառով նրա պես ցանկություններին մի՛ տրվեք: Քանզի, ինչպես նա պտղի ցանկության պատճառով անգիտացավ, թե վնասակար է [այն] և աստվածանալու նպատակով կերավ ցանկալի պտուղն ու մահացավ, նմանապես նաև դուք:

Եվ նորից, անգիտություն է կոչում Աստծուն ամբողջովին մոռանալը և անձերը կուռքերին նվիրաբերելը, որով խառնակյաց ցանկություններով կատարում էին զանազան աղտեղություններ և չարություններ: Կամ օրենքն է անգիտություն կոչում, որը թեև Աստծու կողմից էր տրված, սակայն երկրավորին էր նայել տալիս, իսկ նրանք երկնավորի մեջ անգիտացած՝ սրա վրա էին սևեռվել: Արդ, ասում է, մերկացեք այդ անգիտությունից, որը օրենքն էր ու կուռքերը, և ճշմարիտ գիտությամբ զգեստավորվեք, որ ձեզ երկինք է նայել տալիս և գերագույն բարիքների ու անփոփոխ երանությունների է հասցնում: Մի՛ կերպարանվեք նորից նույն կերպարանքով և նույն ցանկություններով մի՛ առաջնորդվեք:

Այլ, նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կյանքով սուրբ եղեք: Երբ նրանց զգուշացրեց նախկին անգիտությամբ չընթանալ և ախտավոր ցանկություններով չգալ՝ աշակերտելու ավետարանին և մկրտությամբ Քրիստոսով զգեստավորվելու, ապա պատկառելի օրինակ է դնում նրանց առջև՝ Աստծու սրբությունը, որ բոլորովին անխառն է ամեն տեսակ ախտից: Եվ ոչ թե մի կողմով սուրբ է, իսկ մյուսով՝ ոչ, այլ ամբողջովին սուրբ է, ամբողջովին մաքուր, ազատ, բնությամբ և էությամբ սուրբ է, ոչ թե ձեռքբերովի է, այլ բոլոր մարդկանց ու հրեշտակների սրբությունն իրենից է: Արդ, ասում է, որ հրավիրեց ձեզ մարգարեներով և կանչեց առաքյալներով հոգևոր հարսանիքի, և այսպիսի ու այսքան սրբություններն իրենից բխեցրեց: Ուրեմն դուք ևս պարտավոր եք անախտ սրբությամբ և մաքուր զգեստներով ներս մտնել և արժանի լինել հարսանյաց առագաստին ու փեսայի սեղանին:

Եվ երբ ըստ կարգի խրատեց և կարծես աստիճաններով բարձրացրեց լսողներին. նախ որդի լինել հնազանդությամբ, և հետո՝ անգիտության ցանկությունն իբրև հոգուն ապականող, մի կողմ թողնել: Եվ նորից՝ սրբություն ու անախտություն ստանալ ձեզ կոչող Աստծու նմանությամբ, ապա Սուրբ Գրքից է մեջբերում որպես վկայություն, որպեսզի հավաստի դարձնի իր վարդապետությունը: Այս վկայությունը Ղևտականից է վերցնում՝ աշակերտել ցանկացողների անձերը հաստատելու համար, ովքեր հրեաների միջից էին, և քանի որ պատվում էին օրենքը, ապա այնտեղից էլ խրատ է մեջբերում, քանզի դեռևս օրենքով էին առաջնորդվում՝ ասելով.

Քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես»: Տեսնում ես Աստծու՝ մարդկային տկարության առջև խոնարհվելու օրինակը և թախանձանքով ու աղերսանքով նրանց առջև օրենք դնելը. ո՛չ ահաբեկելով, ո՛չ սպառնալիքով, այլ՝ հեզությամբ և մարդասիրությամբ ասում է. սո՛ւրբ եղեք: Տեսնո՞ւմ ես թախանձանքի օրինակը, ուստի ասում է, ինչպես ես եմ, այդպես էլ խնդրում եմ, որ իմ ծառաները լինեն, ոչ թե աղտեղի ու արատավոր, քանզի գարշելի է ինձ համար այդպիսի ամեն հոգի, ինչպես որ Քրիստոսով խոսողն ասում է. «Ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև. և կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև» (Բ Կորնթ. 6:14-16), կամ սրբությունն անսրբության հետ, քանզի ցանկություններով աղտեղացած ամեն հոգի բնակության վայր է Բելիարի համար, և որտեղ Բելիարն է բնակվում, այնտեղ Աստված չկա, այլ հեռու է փախչում մեծ հեռավորությամբ:

Այդ պատճառով էլ իր սրբությունն է առաջ բերում մարդասիրությամբ և նույն չափով էլ նրանցից է սրբություն պահանջում: Սո՛ւրբ եղեք, ասում է, որովհետև ես սուրբ եմ: Բոլորովին չեմ հիշում, ասում է, առաջին անսրբությունը, չեմ անարգում անմաքրությունը, չեմ նախատում չար հանդգնության համար, չեմ մտաբերում բարիքի հանդեպ ծուլությունը: Այսուհետև այն ժամանակից ի վեր, երբ ձեզ հայտնեցի և կանչեցի, սո՛ւրբ և մաքո՛ւր եղեք առաջին աղտեղությունից, հեռո՛ւ վանեք ձեզանից աղտեղությունը, պոռնկությունը, ագահությունը, որը երկրորդ կռապաշտություն է, մերկացե՛ք որովայնամոլությունից, արբեցությունից, հափշտակությունից և բոլոր այն ախտերից, որոնք սրանց նման են: Որովհետև այսպիսի աղտեղություններ իմ մեջ երբեք չեղան, այլ սրանց հակառակը՝ սրբություն և հեզություն, քաղցրություն և խոնարհություն, մարդասիրություն և ողորմածություն ու նմանատիպ այլ բաներ, որոնք ցանկանում եմ դրոշմել ձեր մեջ և իմ կերպարը նաև ձեր մեջ դաջել: Քանի որ իմ պատկերն եք, չեմ ցանկանում, որ օտարի կերպարանքը կրեք ձեր մեջ, որով խեղվում է պատկերը, տգեղանում գեղեցկությունը և ապականվում սրբությունը: Հետևաբար, իմ կերպարանքը ձեր առջև եմ դնում, որպեսզի ինձ նայելով՝ նմանվեք այդ օրինակին: Դա է նշանակում.

Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես: Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատում է յուրաքանչյուրին ըստ գործերի, ապա երկյուղով ապրեցեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակը: Այս շնորհի կոչումը մեր Տերն ինքը պատվիրեց մարդկային բնությանը՝ ասելով. «Ասացե՛ք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը» (Մատթ. 6:9): Նույն իմաստն ունի և այն, որ Աստված [պատվիրեց] փարավոնին ասել. «Իմ անդրանիկ որդին Իսրայելն է» (Ելք 4:22), և ստանալու դիմաց անշնորհակալ լինելու պատճառով ասաց. «Եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը» (Մաղաք. 1:6), և մարգարեի միջոցով նորից ասում է. «Զավակներ ունեցա և մեծացրի» (Ես. 1:2): Ահա այստեղից յուրաքանչյուր ոք համարձակություն է ստանում՝ իր Հայրը կոչելու Աստծուն, ոչ թե ըստ բնության, այլ՝ ըստ նախախնամության: Քանզի բնությամբ միայն նա է Որդի, որ միածին է և փառակից, իսկ մենք շնորհով ենք կոչվում որդիներ՝ ըստ ավազանի ծննդյան, այլ ոչ թե բնությամբ:

Արդ, ասում է. եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատում է յուրաքանչյուրին ըստ գործերի: Երբ արթնացրեց նրանց մտքերը պատվով և Աստծուն Հայր կոչելով, ապա վախեցնում է ահավորով՝ խոսքով ցույց տալով որ ոչ միայն Հայր է, այլև՝ արդար Դատավոր, և յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցող, որպեսզի երբեք հայրության վրա հույս դնելով անհոգություն չցուցաբերեն՝ անփույթ գտնվելով պատվիրանների հանդեպ: Քանզի, ինչպես մենք մեր անձերը մատուցում ենք Աստծուն, այդպես էլ նա կերպարանավորվում է մեր մեջ: Եթե մենք հաշտ ու համերաշխ ենք Աստծու հետ՝ հնազանդությամբ և բարեգործությամբ նրա կամքը կատարելով, այդպես էլ նա իր սերն է ցուցաբերում մեր հանդեպ, քանզի բոլոր հայրերից առավել գթած է և խնամող: Իսկ եթե բիրտ ու վայրագ վարք ենք ցուցաբերում, այդպես էլ նա կլինի մեր հանդեպ դատաստանի օրը, ըստ Սուրբ Գրքի, որ ասում է. «Տերը բարիք է գործում բարիներին… Իսկ հափշտակությամբ համակվածներին Տերը կկործանի նրանց հետ, ովքեր անօրինություն են գործում» (Սղմ. 124:4-5): Այդ պատճառով էլ ասում է. եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատում է: Մարդկանց կարծիքն, ասում է, դատաստանի ժամանակ նա հաշվի չի առնում և ոչ ոքի չի լսում, ո՛չ որդու պատվին է նայում, եթե հաճո չի եղել և ո՛չ էլ մանկության համար է ողորմում, այլ հավասար դատում է և համապատասխանաբար ըստ գործերի հատուցում՝ մեծին թե փոքրին, որդուն թե ծառային: Հետևաբար, ասում է, եթե այս ամենին իրապես հավատում եք, ապա պետք է երկյուղով ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ:

Երկյուղը մայր ու ծնող է ամեն տեսակի առաքինության, որովհետև «Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից» (Սիր. 1:16), ինչպես ասաց մի իմաստուն, քանզի որտեղ Տիրոջից երկյուղն է, այնտեղ պատվիրանապահությունն է և որտեղ պատվիրանապահությունն է, այնտեղ ոչ մի առաքինություն չի պակասի: Այդ պատճառով էլ խրատում է երկյուղով և մեծ զգուշությամբ ապրել մեր պանդխտության ժամանակը: Այսպես ասելով՝ պարտապան է նրանց կարգում երկյուղի և պատվիրանապահության: Պարտապան եք, ասում է, մի՛ ծուլացեք, որպեսզի չլինի թե անպատրաստ բռնվեք, որովհետև ձեր հաշիվն ու պատասխանատվությունը մարդու առջև չէ, այլ նրա, ով խոսքերի ու խորհուրդների քննիչ է, և ամեն ինչ անթաքույց նրա առջև է, ինչպես նաև մեր խոսքերը: Պողոսն էլ իր առաքինություններով պարծենալուց հետո, որ օրենքով և շնորհով էր, սա նկատի ունենալով՝ ասաց. «Սրանով չեմ արդարանում, որովհետև նա, որ դատում է ինձ, Տերն է» (Ա Կորնթ. 4:4):

Հետևաբար, եթե այսպիսին է անսուտն Դատավորը, և դատաստանն անկաշառ է ու անվկա, և մարդկանցից ակնկալություն չունի, ապա դողով և երկյուղով լի են նրա դատաստանները և մեծ տագնապի ու արտասուքների արժանի: Երկյուղով, ասում է, ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակը:

Պանդխտության ժամանակը. սա բոլորին է ուղղված և ոչ ոք չի կարող ազատվել, քանզի մարդկանցից ո՞վ կարող է հեշտությամբ և հանգիստ մտքով շրջել դրանում և կամ ո՞վ կարող է առանց դառնության դուրս գալ սրանից, և եթե մեկն այդպես լինի, ապա անասունների շարքին կդասվի, այլ ոչ թե մտավորների և բանավորների: Որովհետև պանդխտության մեջ անթիվ և զանազան տրտմեցնող պատճառներ կան, որ ներսից և դրսից վշտացնում են մեզ, որի մասին նաև Պողոսը հայտնելով ասաց. «Դրսից պայքարներ էին, իսկ ներսից՝ արհավիրքներ» (Բ Կորթն. 7:5): Եվ սա մեր ընդհանուր բնությանն է վերաբերում, որ մրրիկի պես տագնապեցնում է մեզ և խռովության մատնում, սակայն սրբերին առավել շատ, քանզի կա, որ ըստ կամքի է և կա, որ ըստ բնության: Եվ այս ամենը մեծ մարգարե Դավիթը Հոգով տեսնելով՝ ողբալով ասում է. «Վա՜յ, ինձ, քանզի երկար տևեց պանդխտությունն իմ, ես բնակվեցի Կեդարի վրաններում» (Սղմ. 119:5), և նորից պանդուխտ էր համարում իրեն իր թագավորության մեջ և անցավոր, ինչպես բոլոր հայրերը: Իսկ սրբերի պանդխտության մասին աստվածային Առաքյալն է վկայում՝ ասելով. «Թափառեցին ոչխարների և այծերի մորթիներով ծածկված, ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ, մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ» (Եբր. 12:37-38): Եվ նորից աբրահամյանների մասին է ասում, թե օտար և պանդուխտ էին երկրի վրա. տեսնո՞ւմ ես պանդխտության օրինակը:

Արդ, այս է, ասում է, պանդխտության ժամանակը, որում ապրում ենք, իսկ գալիք ժամանակը հանգստյան համար է՝ երկար և հավիտենական: Եվ խոսքով ուսուցանում է, թե ներկայիս ժամանակը լի է այսպիսի դառնություններով և անհրաժեշտաբար տագնապեցնում է մեզ, ապա պետք է հարկավորը կամավորապես կատարել, երկյուղով ու զգուշությամբ ընթանալ՝ աջ և ձախ չխոտորվելով ու հետ չդառնալով, ըստ տերունական պատվիրանի, այլ երկյուղով աջակողմյանին ձգտել, որպեսզի կարողանանք հասնել կանչված վերջնակետին, որը Հիսուս Քրիստոսն է:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am