Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Կալիստրատոսի, քառասունինը վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օր

Սուրբ Կալիստրատոս և քառասունինը վկաներ

Կալիստրատոսը ծնունդով քաղդեացի էր և ծառայում էր Հռոմում: Որպես քրիստոնյա ձերբակալվեց և անտանելի չարչարանքների ենթարկվեց, ի վերջո պարկի մեջ դրվելով՝ ծովը նետվեց, բայց Աստծո հրաշքով ողջ մնաց: Այս տեսնելով, իր հիսուն ընկերները դարձի եկան և 304թ-ին միասնաբար նահատակվեցին:

Տոնում ենք Հոգեգալստյանը հաջորդող 5-րդ երկուշաբթի օրը:

Ղունկիանոս քահանա

Երկու Ղուկիանոս քահանաներ կան մեր տոնացույցում և նրանցից մեկը հիշատակվու է որպես Ղունկիանոս: Սրանցից մեկը տոնվում է Հոգեգալստյանը հաջորդող հինգերորդ երկուշաբթի օրը, մյուսը Հիսնակի պահքի առաջին երեքշաբթի օրը: Հայսմավուրքներում միայն մեկ Ղուկիանոս քահանա է առկա, Թորգոմ պատրիարքն էլ իր «Սուրբք և Տոնք» գրքում միայն մեկ Ղուկիանոս է հիշատակում: Հույների տոնացույցում էլ միայն մեկ Ղուկիանոս քահանա կա: Թեև Լատինների մոտ երկու Ղուկիանոս քահանաներ կան, բայց սրանցից մեկն այնքան աննշան է և Գաղատիայում նահատակված, որ չենք կարծում, թե մեր տոնացույցում ընդգրկված լինի, ինչպես որ չի ընդգրկվել նաև հույների մոտ: Այսքանով հանդերձ մենք էլ մեկ Ղուկիանոս քահանա ենք ճանաչում, որի համար չենք կարծում, որ երկու անգամ է տոնվել մեր եկեղեցում, ուստի սրանցից մեկը տոնացույցից պետք է հանվի:

Հայտնի Ղուկիանս քահանան ծնվել է Սամոսատում: Նա մեծացել և գործել է 3-րդ դարի վերջերին և 4-րդ դարի սկզբներին: Հանդիսանում էր Անտիոքի իր աստվածաբանական դպրոցի գլուխը, որին աշակերտել են Արիոսը և Եվսեբիոս Նիկոմիդացին (նույնպես արիոսական): Այնպես որ ճշմարիտ, թե թյուրիմացաբար, բայց Ղուկիանոսը համարվում է նախահայրը այն աստվածաբանական տեսությունների, որոնք իրենից հետո դրսևորվեցին արիոսականների մեջ:

Սակայն հակառակ իրեն վերագրված այս տեսակետների, որոնք Արիոսի հետ դատապարտվեցին Նիկիայի տիեզերական ժողովին, առաքինի անձ էր և սրբակենցաղ հոգևորական: Հայմավուրքը նրա մասին ասում է. «Սնված և վարժված էր ճգնություններին և Աստվածահաճո ապրելակերպին: Իր ծնողներին կորցնելուց հետո իր ամբողջ ունեցվածքը տալիս է աղքատներին և Ս. Գրքի մեծ ուսումնասիրող է դառնում»: Հակառակ նրա, որ միայն քահանայական կարգ ուներ «իր եպիսկոպոսի հրամանով կատարյալ վարդապետ եղավ»: Մաքսիմինոս Դաժի հարուցած հալածանքների ընթացքում ձրբակալվում է և Նիկոմիդիա տարվում, որտեղ ինը տարի բանտարկվելուց և բազում չարչարանքների համբերելուց և ի պաշտպանություն իր հավատքի հրաշալի ճառ արտասանելուց հետո 312թ-ին գլխատվում է:

Ղուկիանոսը նաև արժանի է հիշատակության այն բանի համար, որ հավատում էր Ս. Գրքի տառական և պատմական մեկնաբանությանը, այլ ոչ թե՝ այլաբանական, որին այդ ժամանակներում հավատում էին Ալեքսանդրիայի դպրոցի հետևողները: Այդ իսկ պատճառով նա շեշտը դնում էր Ս. Գրքի բնագրային ճշգրտության վրա: Ուստի ձեռնարկում է Եբրայական բնագրի համեմատությամբ Յոթանասնից թարգմանության սրբագրության աշխատանքները: Այս սրբագրությունը լայն գործածություն է գտնում 4-րդ դարում:

Հստակեցնելով անորոշությունները և հղկելով լեզուն, Նոր Կտակարանում էլ է կատարում որոշ մանր քերականական սրբագրություններ, համարվում է, որ այսօրվա գործածական Նոր Կտակարանը նրա սրբագրությանն է պատկանում: Հերոնիմոսը գովում և բարձր է գնահատում այս սրբագրությունը, իսկ Ոսկեբերանը գովում է Ղուկիանոսի առաքինի և գիտնական անձ լինելը:

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am