Այսպէս է ասում Տէրը. «մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի» (Ղուկասի 12:4)

Գևորգ Վարդանյան․ Կենսագրություն

Գևորգ Անդրեյի Վարդանյան (Геворк Андреевич Вартанян, փետրվարի 17, 1924, Դոնի Ռոստով, ԽՍՀՄ - հունվարի 10, 2012, Մոսկվա, Ռուսաստան), Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե -ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն

Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ 1930 թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան, երբ Գևորգ Վարդանյանը վեց տարեկան էր։ Հայրը՝ Անդրեյ Վասիլի Վարդանյանը, իրանական պաշտոնյա, ձիթհանի գործարանի տնօրեն էր, կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հատուկ հանձնարարությամբ է մեկնում Իրան։ Հոր անմիջական ներգործությամբ որդին անցնում է հետախուզական աշխատանքի։ Գևորգ Վարդանյանը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց։

1940 թվականից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

1951 թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում շատ բարդ իրավիճակներում բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 2013 թ. Գոհար Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով[1]։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986 թ.։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992 թ.։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը Գևորգ Վարդանյանին հուշարձան է կանգնեցվել, որի հեղինակն է Անդրեյ Կովալչուկը։

Պարգևներ

Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

Գևորգ Վարդանյանի հուշատախտակը Երևանում, Թումանյան 42

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի