Այսպէս է ասում Տէրը. «մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի» (Ղուկասի 12:4)

Հովհաննես Աղայանց. Կենսագրություն

Իվան (Հովհաննես) Աղայանցը ծնվել է 1911 թվականի օգոստոսի 28-ին Գանձակում (Կիրովաբադ), ուսուցչի ընտանիքում։ Դեռ մանկուց բժշկուհի քույրը եղբոր մեջ սերմանել է հետաքրքրություն լեզուներ սովորելու նկատմամբ, իսկ չեկիստ եղբայրներն ամեն կերպ ձգտում էին իրենց ճանապարհով տանել եղբորը, որը, հնարամտորեն ընտրեց ոսկե միջինը՝ չնեղացրեց ոչ քրոջը, ոչ էլ եղբայրներին… Արդեն չափահաս, Աղայանցը ազատ հաղորդակցվում էր ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն, բավականին լավ գիտեր նաեւ անգլերեն ու իտալերեն։ Եղբայրների հորդորով Հովհաննեսը 1930 թվականին Մոսկվա մեկնեց ու աշխատանքի անցավ ՆԳԺԿ-ի տնտեսական վարչությունում, իսկ 6 տարի անց տեղափոխվեց արտաքին հետախուզության ծառայություն, գործուղվեց Ֆրանսիա, որտեղ Խորհրդային հետախուզությունում հաջողությամբ վաղուց աշխատում էր ավագ եղբայրը՝ Վլադիմիր Աղայանցը։ Ցավոք, հետախուզությունում լրջագույն նվաճումներ ու բարի համբավ ձեռք բերած տաղանդավոր հայորդին 1938 թվականին Բեռլինում վիրահատության ժամանակ մահացավ։ Երբ 1940 թվականին ավարտվեց արդեն մեկընդմիշտ Իվան կնքված Հովհաննես Աղայանցի գործուղումը, նա Մոսկվա վերադարձավ եւ նշանակվեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի արտաքին հետախուզության բաժիններից մեկի պետ։

Դեռ նոր էր սկսվել ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմը, երբ, հեռուն գնացող պլաններով, Գերմանիան Իրանից պահանջեց դաշնակցել իր հետ եւ պատերազմի մեջ մտնել ԽՍՀՄ դեմ։ Չնայած պարսից շահ Ռեզա Փեհլեվին համակրում էր գերմանացիներին, սակայն նրա կողմից ստեղծված բարձրագույն զինվորական խորհուրդն առավել խելամիտ գտնվեց ու մերժեց այդ պահանջը։ Գերմանական հատուկ ծառայություններն ի պատասխան որոշեցին պետական հեղաշրջում կազմակերպել Իրանում եւ սկսեցին նախապատրաստական եռանդուն աշխատանքներ տանել։ Այդ նպատակով 1941-ի օգոստոսին խիստ գաղտնի Թեհրան ժամանեց Գերմանիայի ռազմական հետախուզության (աբվեր) ղեկավար, ծովակալ Կանարիսը։ Իրանի տարածքում աշխուժացան ֆաշիստական գործակալության հետախուզական-ահաբեկչական գործողությունները։ Հասկանալի է, որ Խորհրդային Միությունը չէր կարող հանդուրժել իր անմիջական սահմաններում տեղի ունեցող իրադարձությունները եւ, մի քանի անգամ զգուշացնելուց հետո, 1921 թվականին կնքված խորհրդա-իրանական պայմանագրի պահանջներին համապատասխան, զորք մտցրեց Իրանի հյուսիսային նահանգներ։ Միաժամանակ երկրի հարավարեւմտյան նահանգներ, հետագայում՝ նաեւ Թեհրան, մտան Մեծ Բրիտանիայի զորքերը։ Բացի այդ, 1941 թ. օգոստոսին Իվան Աղայանցին որպես ռեզիդենտ ուղարկել էին Իրան` Լենդ Լիզով Խորհրդային Միություն ռազմավարական առաքումների` սպառազինության, զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, հումքի եւ վառելիքի ապահովման նպատակով: Իրանում Աղայանցը բախվեց գերմանական հետախուզության լայնածավալ ցանցին, որը վերահսկում էր ԽՍՀՄ-ում գերմանական հետախուզության գործունեությունը, երկրի հարավային սահմանները կազմալուծելու նպատակով իրականացնում էր լրտեսական, դիվերսիոն-քայքայիչ գործողություններ՝ պարբերաբար «այցելուներ» ուղարկելով Կովկաս:

Հիտլերը, Կուրսկի ճակատամարտում կրած խայտառակ պարտությունից հետո, մեծ հույսեր էր կապել «իրանական խաղաքարտի» հետ՝ քաջ գիտակցելով, որ պատերազմի ընթացքը կարելի է փոխել նաեւ ԽՍՀՄ, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներին ասպարեզից հանելով: Նացիստական առաջնորդը հստակ պատկերացնում էր Իոսիֆ Ստալինի սպանության առաջ բերած կաթվածի մասշտաբները, որը կարող էր ջախջախել «Ռուսաստանի ողնաշարը»: 1943-ի աշնանը նրան ավելի քիչ էր մտահոգում Ռուզվելտի եւ Չերչիլի ճակատագիրը: Այդուհանդերձ, նա չէր կարող բաց թողնել այլընտրանքային քաղաքականության երեք «կետերին» մեկ հարվածով վերացնելու հնարավորությունը, մանավանդ որ, նոյեմբերի 28-ի իրենց հանդիպման վայր նրանք ընտրել էին հենց Թեհրանը: Արդեն 1943-ի օգոստոսին Աղայանցը կանխեց Շելենբերգի գործակալության մշակած «Ֆրանց» գործողության իրականացումը, որը նախատեսում էր իրանական ցեղախմբերի տարերային ապստամբության «բեմականացում» հենց ամերիկյան ու բրիտանական օգնության բեռները ԽՍՀՄ հասցնող երկաթուղու երկայնքով: Որքան մեծ էր անմիջականորեն այդ ցեղախմբերի հետ աշխատող էսէսի քսան սպաների եւ, հատկապես, էսդեի եւ Աբվերի աշխատակիցների զարմանքը, երբ շռայլ նվերներ ընդունած «վերահսկվող թեյփերի» առաջնորդները հանկարծ շահույթով վերավաճառեցին դրանք ու չքացան:

Թեհրանի կոնֆերանսի նախօրեին Կանարիսին ու Շելենբերգին ամենից շատ անհանգստացնում էր հենց Աղայանցը, որը քաջատեղյակ էր ֆյուրերի սիրելի գործակալի ունակություններին: Հիտլերի «ծանր հրետանին» բազում գործողություններից պատվով դուրս եկած Օտտո Սկորցենին էր, որի վրա էլ Եռյակի ոչնչացման ծրագրի իրականացման համար Հիտլերի ընտրությունը կանգ առավ: Հենց նա 1943-ի սեպտեմբերին փրկեց Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիին եւ հասցրեց Հիտլերի մոտ: Պարտիզանական գերությունից Դուչեի ազատագրման գործողության ընթացքում կորուստները կազմում էին 31 դեսանտային եւ 12 պլաներ: Սակայն Աղայանցի տրամադրության տակ էր մի անփոխարինելի աջակցություն` Գեւորգ եւ Գոհար Վարդանյան զույգի «թեթեւ հեծելազորը»` հեծանվորդների խումբը, որն էլ Թեհրանով շրջելով հայտնաբերեց ու վնասազերծեց վեց գերմանացի կապավորներին:
-16 տարեկան էի, երբ 1940 թ. փետրվարի 4-ին կամավոր ուղղակի կապ հաստատեցի Թեհրանի ռեզիդենտական ցանցի հետ,- տարիների հեռվից հիշում է մոսկվաբնակ Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանը: – Հանդիպման գնացի ռեզիդենտի հետ: Միայն հետո իմացա, որ Իվան Աղայանցն առասպելական խորհրդային հետախույզ էր: Նա խիստ մարդ էր, սակայն նաեւ բարի ու ջերմ: Նրա ղեկավարությամբ աշխատեցի մինչեւ պատերազմի ավարտը, եւ հենց նա ինձ հետախույզ դարձրեց: -Աղայանցի հանձնարարությամբ,-ամուսնու խոսքը շարունակում է Գոհար Վարդանյանը,-մենք գտանք դիվերսանտներին ու ձերբակալեցինք նրանց։ Հետագայում էսէսի ունտերշարֆյուրեր Ռոկստրոկի օրագրից պարզ դարձավ, որ դիվերսանտները Թեհրան էին հասնում ավելի քան երկու շաբաթ` ուղտերով: Իրանական ավանդական տարազներ հագած ու մազերը ներկած դիվերսանտներն իջեւանել էին գաղտնի բնակարաններից մեկում, որտեղ էլ նրանց ձերբակալեցին: Նրանց ռադիոկայանի հաղորդագրությունները գրանցվեցին, Բեռլին ուղարկված զեկույցները վերծանվեցին: Այդ ամենի հետեւանքով գերմանական հրամանատարությունը ստիպված էր հրաժարվել «Հեռահար ցատկ» գործողության հիմնական դերակատարներին Թեհրան ուղարկելուց: Հիտլերը պիտի ընկներ հերթական հիստերիայի մեջ. նրա «իրանական խաղաքարտը», որի հետ նա շատ որոշակի ու մեծ հույսեր էր կապել, խփված էր մեր, այն ժամանակ տակավին երիտասարդ սիրահարներիս ջանքերով։ Պլանավորված էր ահաբեկությունն իրականացնել նոյեմբերի 30-ին՝ Չերչիլի ծննդյան օրը, ԽՍՀՄ դեսպանատան հարեւանությամբ գտնվող Անգլիայի դեսպանատանը։ Այստեղ կար խմելու ջրի աղբյուր եւ այն սնող ջրանցքով, որն սկիզբ էր առնում հայկական գերեզմանոցից, կարելի էր թափանցել պահպանվող տարածք ու տեղադրել ռումբ։ Ահա, գերմանական այս առաջապահ հետախույզների նպատակներն ու Նադերի փողոցի վրա նրանց վարձած բնակարանի տեղն ու այլ մանրամասներ մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրեցինք, գաղտնազերծեցինք հեռախոսազրույցներն ու հանձնեցինք Աղայանցին։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր…։ Գերմանացիների պլանները բացահայտվեցին։ Նրանց մտքով անգամ չէր անցնի, որ 15-16 տարեկան պատանիները կարող են հսկողության տակ պահել իրենց ու ձախողեն բոլոր պլաններն ու ծրագրերը։ Բայց նրանց ռադիստներից մեկին այնուամենայնիվ հաջողվել էր Բեռլին հասցնել բոթը, որ իրենց խումբը բացահայտված է եւ հսկողության տակ է։ Փաստորեն, դեռեւս խանձարուրում, գերմանացիների պլանները դատապարտված էին ձախողման։

Կոնֆերանսը բացվեց նոյեմբերի 28-ին։ Ինչպես Իրանի իշխանությունները, այնպես էլ մասնակից տերությունները, մանավանդ մեր երկիրը, թե կոնֆերանսի նախօրեին եւ թե ընթացքում, անվտանգության ապահովման բացառիկ միջոցներ էին ձեռնարկել։ Արգելված էր լրագրողների ներկայությունը բանակցությունների վայր, ցամաքում հսկում էին տանկերը, զրահամեքենաներն ու հետեւակը, օդում՝ ռազմական ինքնաթիռները, նույնիսկ դիվանագետների ընտանիքների անդամները դուրս էին բերվել քաղաքից, անջատված էին հեռախոսը, ռադիոկապը, չէր գործում հեռագրակապը։

ԽՍՀՄ կողմից անվտանգության ապահովման գործողությունները ղեկավարում էր անձամբ Լավրենտի Բերիան՝ իր ավելի քան 600 հոգանոց անձնակազմով։ Ի դեպ, նրա որդին՝ Մոսկվայի ռազմական ակադեմիայի կուրսանտ Սերգոն, իրականացնում էր Ռուզվելտի ու Չերչիլի խոսակցությունների գաղտնալսումներն ու ձայնագրությունները, դրանք ժամանակին հանձնում Ստալինին։ Այսինքն, Ստալինը մինչեւ հանդիպումները, այդ ձայնագրությունների եւ Աղայանցի հետախուզության հավաքած տվյալների շնորհիվ քաջածանոթ էր դաշնակիցների պլաններին ու ասելիքներին։Պատահական չէ, որ նա ճիշտ ու ժամանակին էր գտնում անհրաժեշտ պատասխանները՝ զարմացնելով ու հիացնելով բանից անտեղյակ մարդկանց։ Նա տեղեկացված էր նաեւ գերմանացիների նախապատրաստած դավադրության, դրա՝ մեր կողմից բացահայտված լինելու մասին։ Դա էր պատճառը, որ Ստալինը, Աղայանցի խորհրդով Ռուզվելտին հրավիրեց օթեւանելու մեր դեսպանատանը։

Բանն այն է, որ տեղանքին ու իրավիճակին մենք էինք քաջածանոթ, եւ մեզ լիովին վստահում ու մեր ասածները կատարում էին, եւ, բարեբախտաբար, չսխալվեցին։ Այն ժամանակ ամայի վայրում գտնվող ԱՄՆ դեսպանատունը գրեթե անպաշտպան էր, իսկ մեր դեսպանատան տեղանքն այնպիսին էր, որ հեշտ էր վերահսկել յուրաքանչյուր անկյուն, բացի այդ, ԽՍՀՄ դեսպանատնից մինչեւ Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, ինչպես ռուսներն են ասում, ՐցՍՏռ տՏՊՈՑՖ: Երկու դեսպանատների՝ իրար հարող մասում պատերը քանդվեցին, ստեղծված տարածքում 6 մետր բարձրությամբ բրեզենտե տեսաքողարկված միջանցք պատրաստվեց, որի երկու կողմերում նստած էին մեր ու նրանց դիպուկահարներն ու գնդացրորդները՝ պահպանելով ելումուտ անողների անվտանգությունը։ Ամեն ինչ հարթ ու խաղաղ անցավ, եւ ոչ մեկի մտքով անգամ չանցավ, թե այդ խաղաղությունն ու արգասաբեր աշխատանքն իրենց համար ովքեր էին ապահովել…
– Չլիներ Իվան Աղայանցի օրնիբուն տքնաջան աշխատանքը, բնատուր խելքը, հայրենասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը, որով նա վարակում էր նաեւ մեզ ու իր շրջապատին, շատ բան այլ կերպ, համենայնդեպս, ոչ հոգուտ մեզ ու մարդկությանը կդասավորվեր,- ավարտում է խոսքը Կարմիր դրոշի շքանշանակիր հետախույզ Գոհար Վարդանյանը։

Պատերազմն ավարտվելուց հետո Իվան Աղայանցը վերադարձավ Մոսկվա, մի շարք պատասխանատու պաշտոններ վարեց ԽՍՀՄ ՊԱԿ-ում, ԱԳՆ-ում, 1965 թվականին արժանացավ ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ-մայորի կոչման, ներկայացվեց ԽՍՀՄ հերոսի կոչման։ Ցավոք, 1968 թվականի հանկարծահաս մահը նշանավոր հայորդու հետագա բոլոր ծրագրերը կիսատ թողեց…

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Աղբյուր՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի