Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Հեռավոր ծովի շառաչը

Երբ Վարագա սարից բարձրանում են աղոթարանի բաց կապույտ առաջին ժանյակները, տիրում է լռություն, ուրվականները չքանում են, իսկ դեռ ապրող վանեցիները բռնում են ամեն մեկն իր ճամփան: Նրանք քայլելիս ամբողջ ժամանակ փայլող քարեր են թողնում իրենց հետևից, որպեսզի, երբ իջնի ժամերի ժամը, չմոռանան վերադարձի ճանապարհը…

Գ. Մահարի «Այրվող այգեստաններ»

Արսեն Հացագործյանին հանդիպեցի 1980թ., Երևանում: Անհատական թոշակառու էր: Մեկ տարի էր մնացել, որ լրացներ մեկ դարը: Նա այն հազվագյուտ ողջ մնացած վանեցիներից էր, որոնց գլխով եկել-անցել էին շատ արհավիրքներ: 1979 թվականին հրատարակվել է նրա «Գոյատևում» հուշապատումը, որը նվիրված է Վանի ապրիլյան հերոսամարտին: Տպագրության էր պատրաստել «Իմ կյանքի պատմությունը» երկհատորյակը և բանաստեղծությունների ժողովածուն: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի Մեծ եղեռնից մազապուրծ Արսեն Հացագործյանի զրույցը, որն ավելի շատ նման էր մենախոսության:

- Ո՞վ է տեսել այգաբացը Վանա ծովի վրա,- հարցնում է Արսեն պապն ու ինքն էլ կարոտով պատմում է.

- Կապույտ ծովը մեկեն բոցավառվում, ամոթխած հարսի նման ցանկանում էր երեսը թաքցնել ժայռի խոռոչներում, իսկ արևը բարձրանում էր ու բարձրանում, շոյում, ջերմացնում էր սիրուհուն: Ծովը մի պահ անձնատուր էր լինում, վազում էր գրկաբաց ու դեմ առնում ափամերձ սառը ժայռերին: Հառաչ էր պոկվում նրա կրծքից ու արձագանքվում ժայռի ծերպերում… Հետո ծովը ուշաթափ ընկնում էր ժայռի կրծքին, իսկ ջրերը քամին օրորում էր, օրորում…Դարեր-դարեր շարունակ ծովը չի հաշտվել այն մտքի հետ, թե արևի սերը խաբկանք է…

…1895 թվական: 13-ամյա Արսենը տխուր նստած է ափամերձ ժայռին: Նորից արևը կրկնում է իր դարավոր խաղը: Արցունքի կաթիլները պոկվում են նրա աչքերից ու թափվում առավոտվա պարզության մեջ: «Բնության այս խաղը դիտել են իմ պապերը, նախնիները, դեռ այն ժամանակ, երբ Վանը Տուշպա էր, դեռ այն ժամանակ, երբ Նարեկացին ճգնում էր մենավոր իր խցում: Այստեղ զմայլվել է իմ հայրը մի քանի օր առաջ, որը հիմա չկա, չկա` սպանեցին, երբ աղոթում էր Աստծուն»:

Արտասուքն անկաշկանդ, անձայն ընկնում է ժայռի սալերին…

-Արսեն, որդիս,-Մարիամ մայրն է` սեղմում է որդուն կրծքին: Հետո նրանք քայլում են լռության միջով, հասնում տուն: Տուն, որն իր լռությամբ, իր փակ դռնով դարձել էր ծով տխրություն…

Հետագայում Արսենը գրում է. «Օ՜ դուն անհասանելի, հրաշագեղ անցյալ, եթե փորձեցիր անգամ մըն ալ վերադարձ ընել դեպի սիրտս կարոտակեզ` ինչպես պատրաստ պիտի գտնեիր հոն խորան մը` չերգված սաղմոսներուն համար»:

Արսենը մտնում է Վարագա վանքի որբանոց-դպրոցը: Ավարտելուց հետո աշխատում է նույն վանքում` որպես ուսուցիչ: Ուսումնատենչ պատանու ուրախությանը չափ չկար` մորը, քույրերին, եղբայրներին գոնե մի քիչ նյութապես կօգնի…

Հետո նա գաղտնի ճանապարհներով գալիս է Թիֆլիս և ընդունվում Ներսիսյան դպրոց: Երկու տարուց հետո վերադառնում է ծննդավայրը` ուրախացած Օսմանյան նոր կառավարության խոստացած բարեփոխումներով: Ուսուցչությամբ է զբաղվում Արճակ գյուղում, ապա նշանակվում է Տարոն գավառի թեմական տեսչի օգնական:

- Ինձ հանձնված էր Մշո դաշտի 100 գյուղերից 30-ի դպրոցական տեսչությունը: Օգտվելով Օսմանյան սահմանադրության ազատությունից` Տարոնը համատարած գրագիտության շրջան էինք ուզում դարձնել… Ընդունվեցի Պոլսի համալսարանի պատմագրական ֆակուլտետ, որն ընդհատվեց թուրք-բալկանյան պատերազմի պատճառով:

Պատմում է Արսեն պապը, ու դժվարանում ես մտապահել բոլոր թվերը, եղելությունները: Ամեն մի օր` նոր մի դեպք, մի նոր ահ, սարսափ, բայց…

- Բայց ապրեցի, ապրեցի, որ ապրեմ կարոտով…Ամբողջ կյանքում չեմ մոռանում հանդիպումը Գրիգոր Զոհրապի հետ, երբ նա ընտրվել էր Օսմանյան կառավարության պառլամենտի երեսփոխան: Հետո նույն թվականին` 1912-ին, դիտեցինք Կոմիտասի «Գուսան» խմբի համերգը: Չէ՛, ուրիշ է Կոմիտասի ձայնը ձայնասկավառակների վրա` նրան պետք էր լսել…

…Տրապիզոնի նահանգի Կիրասոն նավահանգստային փոքրիկ քաղաք: Նա իր 2 ուսուցիչ ընկերների հետ ձեռնամուխ է լինում «Գավառ» անունով գրական-հասարակական ժողովածուի լույսընծայմանը, որը ճիշտ ժամանակին էր լույս տեսնում` շեշտը դնելով հիմնականում ազգային-ազատագրական հարցերի վրա: Սակայն թուրքերը այրում են տպարանը, այրվում է նաև Արսեն Հացագործյանի արձակ բանաստեղծությունների 2-րդ ժողովածուն: Բայց մինչ այդ տպագրվել էր նրա բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մենության սաղմոսներ» խորագրով: Նա սրբությամբ պահում է այդ մասունքը` դա երիտասարդ օրերի սիրո խոստովանությունն է, դրժումը, ներումն ու զղջումը. «Գիտեի նույնպես, որ դուն ինձի պիտի բերեիր փունջ մը հավքած ծաղիկներուդ, որովհետև չէիր գտներ ուրիշ սիրտ մը նույնքան հարազատ` անոնցմոնք զարդարելու համար: Տուր, մի ամչնար, ես կպահեմ զանոնք իմ սիրոյ ծաղկամանիս մեջ, անցյալի հուշերովս կջրեմ և կաճեցնեմ և իբրև թանկագին ավանդ` կգուրգուրեմ այն վճիտ կաթիլը, որը զղջումիդ օրը աչերեդ հոն սահեցավ…»:

Երազներ, երազներ` պատանեկան սիրո անմեղ երազներ: Իսկ ո՞վ է եղել քո առաջին սերը, Արսեն պապ, որի արտասուքի «վճիտ կաթիլը» դու կջրես «անցյալիդ հուշերով»: Դժվար է հիշել այդ մեկին, որովհետև պատմությունը հասել էր մի թվականի, որը պետք է ջնջեր, տաներ քո մանկության սերերը… իսկ ողջերը ապրեին ցավով, կսկիծով, կարոտով և հետո անցյալի կիսատ սիրո հուշերով:

… 1915 թվական: Վանի ապրիլյան մեկամսյա հերոսամարտ: Մի խումբ քաջարի հայրենասերներ կռվում են թուրքական 10.000-անոց բանակի դեմ, մինչև հասնում են ռուսական գնդերը:

- Ուրախությունից ցնծում էինք, ես լալիս էի երեխայի նման, չգիտեմ՝ ուրախությունի՞ց, թե՞… Քայլեցի սարն ի վեր: Հասա հորս գերեզմանաքարին ու փարվեցի նրան: Զգացի, թե ինչու եմ այդպես կռվել, զգացի, թե ինչ էի կորցնելու: Ձորերը կամաց-կամաց լցվեցին մթությամբ: Վանա ծովը խառնվեց մթին, վերադարձա տուն: Մի քանի օր հետո ռուսական զորքերը նահանջեցին, պետք է նահանջեինք և մենք` ես պետք է թողնեի հորս հողաթումբը, մեր տունը… Դժվար էր բաժանումը, երդվեցի նորից վերադառնալ և ապա 1918թ., երբ լսեցի, որ Վանում կազմակերպվել է հայկական կոմիսարություն` մեկնեցի ծննդավայր, մեկնեցի… որ վերջին, վերջին հրաժեշտը տայի ծննդավայրիս: Այդ տարի Վասպուրականում վերաբնակեցված 25.000 հայությունը վերջնականապես նահանջեց…

… Դժվարին ճանապարհից հետո նա վերադառնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում Երևանում և զբաղվում ուսուցչությամբ մինչև 1957 թվականը: Այդ ընթացքում հեռակա կարգով ավարտում է Երևանի պետական և մարքսիզմ-լենինիզմի համալսարանները: Անցնում է կենսաթոշակի` լսողության սաստիկ ծանրության պատճառով:

Պատմում է Արսեն պապը՝ արմունկները հենած սեղանին:

Հանկարծ խոսքն ընդհատում է և դիմում ինձ.

- Ասում են, որ Վանում երկրաշարժը ավերել-քանդել է ամեն ինչ, ավերել է Վանը… Վան… Վանա աշխարհ… ասում էին երկնքումը` դրախտ, երկրումը` Վան…

Հետո նորից վերադառնում է նախկին խոսակցությանը:

Խոսում, պատմում, վերհիշում է աշխարհի տարեց վանեցին, ու աչքերում կարոտ կա, ծով կարոտ:

-Երկու եղբայր էինք, երկու քույր: Վահանը արծաթագործ էր: Երկու տարի առաջ մահացավ, իսկ փոքր եղբայրս` Գաբրիելը, ջահել-ջիվան զոհվեց Սարդարապատի ճակատամարտում: Ունեմ 3 զավակ: Զավենս գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Արփիկս բժշկուհի, իսկ Աստղիկս` տնտեսագետ: Գոհ եմ աշխարհից, ամենքից…

Հետո նորից տխրում է, աչքերը մշուշվում են, դառնում կարոտ, հեռու-հեռավոր կարոտ` մի հողաթմբի ու տան կարոտ…

… 99-ամյա Արսեն պապը թոռներ ունի, ծոռներ: Բոլորին մեկ-մեկ պատմել է իր կյանքի պատմությունը, տխրել, ուրախացել, թախծել:

Ո՞վ է տեսել Վանա ծովի այգաբացը… Աշխարհի ամենատարեց վանեցին պատմում է.

-Արևը կառչում է Սիփան սարից ու թափում վարսերը Վանա ծովի ջրերում: Ծովը շառաչում է, շառագունում, սիրուց խելագարվում, կոհակ-կոհակ զարնվում է ափերին…

Հիմա տեսնես Վանա ծովակը խելագարվո՞ւմ է սիրուց, կոհակ-կոհակ զարնվո՞ւմ է իր ժայռեղեն ափերին:

Այո՛, նա հիմա է՛լ ավելի թափով է զարնվում ափերին, ծովը տխրել է, Արսեն պապը դրանում համոզված է, որովհետև ծովին կարոտել է ինքը` աշխարհի ամենատարեց վանեցին:

- Թեև կորցրել եմ լսողությունս, բայց հիմա է՛լ ավելի ուժգին եմ լսում իմ հեռավոր ծովի շառաչը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Գծանկարը՝ ՑՈԼԱԿ ՂԱՆԴԻԼՅԱՆԻ
Աղբյուր՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ