Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Ա Պետրոս 1.20-21

20. Որ յառաջ անծանօթ էր (=ծանօթ) նախքան զիսկզբանէ աշխարհի. (եկն) և երևեցաւ ի վախճան ժամանակաց վասն ձեր:

Նա, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վախճանին ձեզ համար:

Անծանոթ էր, ասում է, ոչ թե ամբողջ մարդկության համար, այլ՝ նվաստների և աշխարհասերների համար, և նրանց, ովքեր դևերի մոլորությամբ կուռքերին էին պաշտում և կամ ովքեր օրենքի խտրություն էին դնում: Իսկ մարգարեներն, ահա, տեղյակ էին, թեև առակով և օրինակով էին խոսում նրա մասին, այլ ոչ թե ճշմարտությունը հայտնելով, քանզի կռապաշտութունից ազատվածների համար չափազանց կարևոր էր միաստվածություն քարոզելը, ինչպես որ մարգարեն նրանց ասաց. «Լսի՛ր, Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» (Բ Օրին. 6:4): Քանզի ավելորդ էր դեռևս միաստվածության պաշտամունքը չհաստատված երկրորդն ու երրորդը ներմուծել, և տկարների ու ծույլերի վրա առավել ծանր բեռ կուտակել, որովհետև այն առավել վնասի պատճառ կլիներ, քան օգուտի: Ու թեև մեկ բնություն ունեին, սակայն նրանք չէին կարող դա հասկանալ, այլ կգայթակղվեին՝ բազմաստվածություն կարծելով, ինչպես հեթանոսները: Այդ պատճառով մարգարեները հայտնում էին և թաքցնում. հայտնում էին խոսքով և թաքցնում՝ գործերով, ինչպես մեծն Դավիթը Սուրբ Հոգու հայտնությամբ երեք անձերի և մի աստվածության, տերության ու իշխանության խոստովանույուն է անում՝ ասելով. «Տիրոջ ողորմությամբ է լցված երկիրը», սա Հոր դեմքն է: «Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը», սա անկասկած Որդու դեմքն է, «և իր բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները» (Սղմ. 34:5-6): Տեսնո՞ւմ ես, թե ինչպես զանազանեց դեմքերը և մի գործով մի տերությունը ցույց տվեց: Իսկ Եսային, տեսնելով սերովբեներին և նրանց սրբասացությունը՝ հաստատեց երեք անձերին և մի բնությանը: Երեմիան էլ մեր առջև հատկապես Որդու կերպարն է բերում. «Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է, և մեր ապականությամբ պաշարվեց» (Ողբ Երեմ. 4:20): Եվ նմանատիպ բազում այլ խոսքեր ասվեց, որ եթե մեկն աներկբա միտք ունենա, գտնի մարգարեների խոսքերում առակներով և օրինակով Որդու և Հոգու մասին ասվածը:

Հետևաբար, եթե սա այսպես է, ինչպես ասվեց, ապա ի՞նչ է նշանակում, որ ասում է. նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը: Այսինքն՝ դեռևս ընդհանրաբար՝ բոլոր մարդկանց ծանուցված չէր և ընդհանուր քարոզված չէր, թե մեկը Հայրն է, իսկ մյուսը՝ Որդին՝ նույն բնությունից: Նաև հայտնի չէր Քրիստոսի մարդեղության խորհուրդը, թեև նախքան աշխարհի ստեղծումը սահմանված էր Աստծու Հայր լինելը և օրինակով քարոզվում էր նա, ու մարգարեները նախապես ազդարարում էին:

Երևաց, ասում է, ժամանակների վախճանին ձեզ համար: Գալը նրա՝ երկնքից երկիր իջնելն է նշանակում ու մարմին առնելը, և մարմնով իրեն աշխարհին հայտնելն ու գերիներին թողություն ավետարանելը: Այս մասին նաև Պողոսն է ասում. «Եվ եկավ խաղաղություն ավետարանեց ձեզ՝ հեռու եղողներիդ, և խաղաղություն՝ մոտ եղողներիդ» (Եփես. 2:17): Իսկ ժամանակների վախճանին ասելով՝ գալստյան ժամանակն է ակնարկում, որ վերջին գալուստը լինելու է դարերի վախճանը: Սա նաև Առաքյալն է վկայում «վերջին օրեր» (Եբր. 1:2), և «ժամանակի լրումին» (Գաղատ. 4:4), երբ Աստված խոսեց մեզ հետ Որդու միջոցով, որին ուղարկեց երկնքից, «որ ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղատ. 4:4-5): Այնուհետև նրա գալստյան պատճառը նորից նույնին է հարում՝ ասելով.

21. Որք նովաւ հաւատացէք յԱստուած, որ յարոյց զնա ի մեռելոց, և ետ նմա փառս:

Որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց:

Տեսնո՞ւմ ես Աստծու աշխարհ գալու պատճառը. Մարդկանց փրկությունն ու հավատքը պարտադրեցին նրան իջնել և մեռնել, և սա է ուզում ասել, թե տեսավ մարդկանց հավատը նախքան աշխարհի ստեղծումը: Ինքն իսկ եկավ և հայտնվեց պատշաճ ժամանակին, երբ մարդիկ հավատալու էին իրեն և նրա միջոցով Հորը ընծայելու ճշմարիտ հավատ: Դրա համար էլ ասաց. որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց: Հարություն տվեց նրան մեռելներից ասելով տկարությունը ցույց չի տալիս, թե իբր ինքն իրեն չէր կարող հարություն տալ: Հակառակ դեպքում ինչո՞ւ է Մարգարեն ի դեմս նրա ասում, թե՝ «Եղա անօգնական մի մարդ, լքված՝ մեռյալների մեջ» (Սղմ. 87:5), և կամ ինչո՞ւ էր ինքն իր մասին ասում՝ «Իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու» (Հովհ. 10:18): Ապա ի՞նչ է կամենում սրանով ասել մեզ և մենք ինչպե՞ս հասկանանք այս խոսքերը: Օրինակ, երբ Մարգարեն ասում է. «Տերը նրան մատնեց մեր մեղքերի համար» (Երեմ. 53:6), չասաց, թե ակամայից կամքին մատնվեց՝ կրելու համար այն, ինչ չէր ցանկանում, այլ՝ որ նա էլ նույնն էր կամենում, ինչ Հայրը մատուցեց, քանզի ինքնիշխանությամբ հանձն առավ չարչարանքները: Եվ իր խոսքից է դա հայտնի դառնում և իրադարձությունների ընթացքից, որ ինքն իրեն մատնեց, այդ պատճառով էլ ասում է, թե այս ժամանակ եկա, իշխանությամբ եկա և ոչ թե հարկադրաբար: Եվ նորից, երբ ուզում էին բռնել նրան, ասում է. ««Ո՞ւմ եք փնտրում»: Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»: Հիսուսը նրանց ասաց՝ ես եմ» (Հովհ. 18:4-5), և կամավորաբար իրեն հանձնեց նրանց ձեռքը: Ուստի, եթե չկամենար, չէին կարողանա բռնել նրան, քանզի նրանց աչքերը փակել էր: Նման ձևով, երբ ասաց, թե Հայրն է հարություն տվողը, ոչ թե իր անկարողությունն է ցույց տալիս, այլ բնութագրում է միակամությունը, նույն իշխանությունը և մի ներգործությունը: Այս մասին նաև Պողոսն է վկայում իր քարոզելու ժամանակ. «Բայց Երուսաղեմում բնակվողները և նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին և նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարեների խոսքը, որ ամեն շաբաթ ընթերցում էին… ինչ նրա մասին գրված էր. խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին: Բայց Աստված մեռելներից հարություն տվեց նրան՝ քանդելով մահվան կապանքները» (Գործք. 13:27:30, 2:24): Եվ նույն այս առաքյալը, որ այստեղ այսպես խոսեց, մի ուրիշ տեղ ցույց է տալիս Որդու ինքնիշխանությամբ հարություն առնելը՝ ասելով. «Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի, և թե՝ թաղվեց և թե՝ հարություն առավ երրորդ օրը՝ ըստ Գրքերի» (Ա Կորթն. 15:3-4): Եվ սա է նշանակում, որ ասում է. նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց:

Տվեց նրան ասելը աստվածությանը վերագրելն անտեղի է, և հատկապես՝ ամբարշտությամբ լեցուն, քանզի Որդին ամեն ինչով հավասար է Հորը՝ թե՛ բնությամբ, թե՛ էությամբ, ունենալով այն ամենը, ինչ Հայրն ունի, ոչ որևէ մեկի տալով և ոչ էլ ստանալով, քանզի Հորից ոչինչ Որդուն չի տրվել: Այլ՝ այս ասվածը վայել է միայն մարդուն, այն որ անփառունակ էր առաջին մարդու հանցանքի պատճառով, իսկ առնելով այս անարգն ու հողանյութը, հավասարեցրեց իր աստվածությանը՝ բնությամբ և անձնավորությամբ, փառքով ու պատվով պսակեց նրան, ըստ մարգարեության, և տեր ու իշխան կարգեց նրան իր ձեռագործերի վրա: Այս նույն միտքն է արտահայտում նաև տերունական խոսքը՝ ասելով. «Հասել է ժամը, փառավորիր քո Որդուն…Եվ դու այժմ փառավորի՛ր ինձ, Հա՛յր, քո մոտ եղող այն փառքով, որ ունեի քո մոտ՝ նախքան աշխարհի լինելը» (Հովհ. 17:1, 5), և՝ «Երկնքից մի ձայն եկավ. «Եվ փառավորեցի [աստվածությամբ], և դարձյալ պիտի փառավորեմ [մարդկությամբ]»» (Հովհ. 12:28):

Արդարև փառավորեց ամենակալ Աստված ընկած և կործանված բնությունը ու աստվածությամբ զորացրեց և իր աջ կողմում նստեցրեց: Եվ երկնային բոլոր զորությունները Հայր Աստծուն են երկրպագում, ինչպես որ Քրիստոսով խոսողն է ասում, թե՝ բոլոր ծնկները թող խոնարհվեն մեզ համար հեղած [արյան] առջև. թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների, թե՛ սանդարամետականների, և բոլոր լեզուները խոստովանեն, թե Հիսուս Քրիստոսը Տերն է ի փառս Աստծու Հոր (տե՛ս Հռոմ. 14:11):

Տեսնո՞ւմ ես փառքի ձևը, տեսնո՞ւմ ես նրա մեծավայելչությունը, որ երկնքից էլ այն կողմ էր հասել, և ոչ միայն մանկանց բերանով է օրհնաբանվում, այլև՝ հրեշտակների, հրեշտակապետերի և երկնային բոլոր պետությունների:

Զի հաւատքն ձեր և յոյսն իցեն առ Աստուած:

Որպեսզի ձեր հավատը և հույսը լինեն Աստծու վրա:

Երբ վայելչական խոսքեր ասաց և արթնացրեց լսողների միտքն ու վեր բարձրացրեց դեպի հավատի խոստովանություն և տնօրինության խորհուրդը նրանց համար հավաստի դարձրեց, և թե որքան պատվի արժանացավ ու փառավորվեց մեր բնությունն Աստծու Բանի հետ միավորվելով, ապա քաջալերում է նրանց և մխիթարում, թե այս բոլոր խորհուրդները ձեր բարեզարդության համար կատարվեցին, որպեսզի ձեր հավատը և հույսը լինեն Աստծու վրա: Ցանկանում է ասել, որ եթե մեր գլուխը՝ Քրիստոսը, այսքան պատվի արժանացավ, ապա նաև մենք, որ անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից և նրա ոսկորներից (հմմտ. Եփես 5:30), ապա նրանով էլ փառավորվում ենք:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am