Եղիշե Չարենց. Հայրենյան մոտիվ
Գրական անկյուն
Այն սարոտ երկրում, քարքարոտ երկրում
Մենք գնում էինք ու երգեր երգում։-
Մեր ձեռին կարմիր, հուրհուրան դրոշ`
Մենք երգում էինք, որ գնանք գրոհ:
Ես երգո՛վ էի հպարտ, նա զենքով -
Ես պոետ էի, նա արի` զինկոմ:
Մենք գնում էինք՝ նստած չալ ձիեր.
Մեր շուրջը կռիվ, թշնամու դիեր,
Մեր դեմը ձմեռ, մեր դեմը արուն -
Ու ձմռան միջից ժպտացող գարուն...
Այն սարոտ երկրում, քարքարոտ երկրում
Մենք կռվում էինք ու երգեր երգում...
1929