Դերենիկ Դեմիրճյանը՝ Հովհաննես Հովհաննիսյանի մասին
Հայացք անցյալին
Հովհ. Հովհաննիսյանը հիմք դրեց հայ նոր պոեզիային` տալով նրան այն հատկությունները, որ հետագայում դարձան ձգտելի և ուսանելի և որ դեռ մնում են հասնելու և յուրացնելու: Դա Հովհաննիսյանի հարուստ, հյութեղ, ժողովրդական լեզուն է` օրգանապես միացած հայ կլասիկ լեզվին: Այսպես էլ նրա նյութը, բովանդակությունը: Հովհաննիսյանի Ժողովրդայնությունը չպետք է պարզունակորեն որոնել բարբառախառն լեզվի և գյուղագրական թեմատիկայի մեջ: Նրա ժողովրդայնությունը տրված է նրբորեն մշակված և կուլտուրական բարձր արվեստին հասցրած նյութի և լեզվի մեջ: Հովհաննիսյանին կարդալով զգում ես Արարատյան դաշտի հողն ու ժողովուրդը, ինչպես և պատմությունը: Եվ ինչպես որ անկարելի է Արարատյան դաշտում ապրել առանց շփվելու մեր արդիական կյանքի, ժողովրդի հետ, միաժամ անհնար է չզգալ նրա պատմությունը, որ խոսում է հազար ու մի հուշարձանից` այնպես էլ Հովհաննիսյանի խոսքի մեջ զգում ես երկիրը իր շնչով, իր ժողովրդով, իր անցյալով, երկիրը իր բնությամբ:
Աղբյուր՝ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան ֆեյսբուկյան էջ: