Այսպէս է ասում Տէրը. «մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի» (Ղուկասի 12:4)

Միշտ պատրա՛ստ լինել հալածանքների և դժվարությունների

«Այն ինչ մարդկանց համար անհնար է, Աստծո համար հնարավոր է», Ղկ., 18, 27:

«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի», Յվհ., 16, 1-5:

Հովհաննեսի Ավետարանի այս հատվածում Հիսուս մեզ զգուշացնում է, թե ինչ է սպասվում նրանց, ովքեր վճռել են հետևել Իրեն, քայլել Իր հետքերով, նմանվել Իրեն՝ որպես ճշմարիտ աշակերտներ: Ինձ, քեզ, նրան, բոլորին, ովքեր պատրաստ են իրենց կյանքով և խոսքով վկայել Հիսուսի մասին, այս աշխարհում սպասում է ոչ թե դյուրին, ապահով մի կյանք, այլ՝ հալածանք ու դժվարություն, սուր և մահ, որովհետև Իրեն էլ նույնն արեցին: Հիսուս վկայեց ճշմարտության մասին, մարդկանց հայտնեց Իր Հոր սերը, ողորմությունը, անսահման ներումը, ծնողական հոգատարությունը, իր եղբայրական, ծառայական խոնարհությունն ու սպասավորությունը, բայց մարդիկ այդ ամենին պատասխանեցին՝ ծաղրելով ու չարչարելով Իրեն, անարգելով աստվածայինն ու կարևորելով միայն սեփական ճշմարտացիությունը:

«Աշակերտը ավելին չէ, քան իր ուսուցիչը…եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որչա՛փ ևս առավել՝ նրա ընտանիքը», ասում է Հիսուս (Մտթ., 10, 24): Նրան, ով ինքնին Սրբությունն է, Բարին և կատարյալ Սերը, անվանեցին «սատանա, դև», որպեսզի իրենց չար գործերը չերևան ու իրենք մնան խավարում, որտեղ աշխարհը միշտ իրենց համար հարմարավետ պայմաններ է ապահովում: Այդպես էլ Իր հետևորդներին հալածեցին, ինչպես զգուշացրեց Հիսուս և այսօր էլ շարունակում են հալածել աշխարհի տարբեր անկյուններում: Հիրավի, ծայրահեղական ահաբեկիչները քրիստոնյաներին սպանելը լկտիաբար համարում են Աստծուն պաշտամունք մատուցել: Բայց դրանով նրանք ցույց են տալիս, որ չարին են պաշտում. «Եւ այդ բանը պիտի անեն ձեզ… որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ»:

Բայց միայն ահաբեկիչները չեն, որ հալածում են քրիստոնյաներին: Հիշենք այն միլիոնավոր սովյալ և թերսնված երեխաներին, ովքեր սովից չեն կարողանում քնել, այն ծնողներին, ովքեր չեն կարողանում քնել, որովհետև մտածում են՝ ինչպես հագեցնել իրենց երեխաների սովը և ինչ հագուստով նրանց դպրոց ուղարկել: Հիշենք այն աղքատ երիտասարդներին, ովքեր չեն կարողանում պատշաճ մասնագիտություն ստանալ ու աշխատանք գտնել: Այս և մյուս սոցիալական չարիքները հետևանքն են այն փաստի, որ մարդիկ՝ նաև «քրիստոնյա» կոչվողները, չճանաչեցին ոչ Հորը և ոչ Հիսուսին, այլ՝ ընկան Բեեղզեբուղի ճանկը:

Հիսուս իր աշակերտներին հայտնում է գալիք նեղությունների մասին, որպեսզի, երբ դրանք պատահեն, չհուսալքվեն, որովհետև եթե սկզբում նրանց հետ Ինքն էր, ապա Իր՝ Հոր մոտ գնալուց հետո, աշակերտների և ամբողջ Եկեղեցուն առաջնորդում է Մխիթարիչ Սուրբ Հոգին, որպեսզի մշտապես հիշեն գալիք փառքի մասին, երբ դարձյալ լիուլի բոլորս՝ թե առաջինները և թե վերջիններս, վայելելու ենք Տեր Հիսուսի ներկայությունը, այլևս «դեմ առ դեմ»՝ Ամենասուրբ Երրորդությանը, Տիրոջ ծնողական սիրալիր գրկում, ուր կսրբվեն մեր ացունքները և չի լինի այլևս վիշտ ու հալածանք:

«Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ…» (Հռմ., 8, 18).գրում է Պողոս առաքյալը՝ մխիթարելու համար անդավաճան այն Հույսով, որ փրկում է: Պողոսը շարունակելով՝ գրում է, թե «Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին» և դրանով իսկ մեզ կոչ է անում երբեք չհուսահատվել, այլ՝ միշտ աղոթել և վստահել Տիրոջը: Այդ փառքը սկսվում է այստեղ՝ այս կյանքում, երբ մեր կյանքը դնում ենք Աստծո ձեռքերում, երբ անշեղ հավատում ենք, որ Հիսուս մեզ դուրս կբերի մեր դժվարություններից, որովհետև մեզ հետ միասին շարունակում է տառապել ու հաղթել…

Տ. Հովսեփ քհն. Գալստյան

31 օգոստոսի, 2016թ.

Աղբյուր՝ armenianchurchco.com